Թուրքիայի համար 20 միլիարդ կա, Հայաստանի համար 5 միլիարդ չկա. Ռուսաստանի նոր քաղաքականությունն անհանգստացնում է

Թուրքիայի համար 20 միլիարդ կա, Հայաստանի համար 5 միլիարդ չկա. Ռուսաստանի նոր քաղաքականությունն անհանգստացնում է
Թուրքիայի համար 20 միլիարդ կա, Հայաստանի համար 5 միլիարդ չկա. Ռուսաստանի նոր քաղաքականությունն անհանգստացնում է

Ռուսաստանը 20 միլիարդ դոլար կտրամադրի Թուրքիային ատոմային էլեկտրակայան կառուցելու համար, մինչդեռ Հայաստանի նոր ատոմակայանի շինարարությունը փաստացի արգելափակվել է: Ռուսաստանը համաձայնել է տրամադրել հայկական նոր ԱԷԿ-ի կառուցման համար անհրաժեշտ 5 միլիարդ դոլարի 25%-ը:
«Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, Կանադայում ՀՀ նախկին արտակարգ և լիազոր դեսպան Արա Պապյանի կարծիքով` ստացվում է, որ Ռուսաստանը հետևում է բացառապես իր տնտեսական շահին, մինչդեռ դաշնակից պետությունները պետք է առաջին հերթին հաշվի առնեն միմյանց անվտանգության հարցը:
«Ռուսաստանը բազմիցս հայտարարել է, որ Հայաստանը իր ռազմավարական դաշնակիցն է: Ստրատեգիական դաշնակից նշանակում է, որ դու պատրաստ ես հանուն քո դաշնակցի ինչ-որ կորուստներ ունենալ տնտեսական դաշտում: Օրինակ՝ Իսրայելն Ամերիկայի ստրատեգիական դաշնակիցն է: Շատ անգամներ Ամերիկան նույնիսկ նյութական կորուստներ է ունենում՝ ապահովելով իր դաշնակցի անվտանգությունը: Եթե Ռուսաստանը մեր դաշնակիցն է, այն չի կարող արհամարհել մեր շահերը: Ցավոք, դա կատարվում է»,- «Մեդիալաբին» ասում է Արա Պապյանը:

Ռուսաստանը հաստատակամ է իր որոշումներում: Նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայում հայտարարել է, որ Թուրքիայում ատոմակայան կառուցելուն խոչընդոտող որևէ հանգամանք չի տեսնում:

«Ամեն ինչ ընթանում է համաձայն նախագծի: Հուսով եմ, որ մեր թուրք գործընկերները ճիշտ կգնահատեն ռիսկերը, որը իր վրա է վերցնում ռուսական կողմը: Մենք ամբողջությամբ ստանձնել ենք ատոմակայանի ֆինանսավորումը և հույս ունենք, որ Թուրքիայի կառավարությունը մեզ կաջակցի»,- հայտարարել է Վլադիմիր Պուտինը:

Դիվանագետ Արա Պապյանի կարծիքով` այս ծրագիրը, որը Ռուսաստանը ցանկանում է իրականացնել Թուրքիայում, բերելու է նրան, որ Թուրքիան դառնալու է այլ որակի երկիր և ապագայում կարող է նաև ատոմային զենք ձեռք բերել:

«Ռուսաստանը, չգիտեմ ինչու, չի մտածում իր ապագայի մասին, որովհետև ատոմային տեխնոլոգիաներով Թուրքիան բոլորովին այլ Թուրքիա կլինի հենց Ռուսաստանի համար»,-ասում է նա:

Մինչ Հայաստանում փորձում են հասկանալ, թե ի´նչն է ստիպում Մոսկվային մի կողմ դնել իր գործընկերոջ շահերը, թուրքական մամուլը ոգևորված հիշում է ռուս-թուրքական տնտեսական ամուր կապի և փոխշահավետ համագործակցության մասին:

«Թուրքիան ռուսաստանյան գազի երկրորդ ամենախոշոր սպառողն է: Մեր առաջին ատոմակայանի շինարարությունը, որը կարժենա 20 միլիարդ դոլար, նույնպես կիրականացնի Ռուսաստանը,- գրում է թուրքական Zaman պարբերականը: – Այն փաստը, որ չնայած վրացական և սիրիական ճգնաժամերին, ռուս-թուրքական հարաբերությունները շարունակում են զարգանալ, խոսում է այն մասին, որ երկու երկրների կառավարությունները ճիշտ ուղու վրա են»:

Թուրքիայի ոգևորությունը հասկանալի է: Ատոմակայանի կառուցումը և ընդհանրապես միջուկային էներգետիկայի զարգացմանն ուղղված այս գործընթացը հնարավորություն կտա Թուրքիային նոր պետություն դառնալու:

Այս կապակցությամբ ամերիկյան Foreign Policy պարբերականը գրում է. «Թուրքիան հետաքրքրված էր ատոմային էներգետիկայով դեռևս 1955 թվականից: Բայց տասնյակ տարիներ չէր հաջողվում այս ուղղությամբ որևէ առաջընթաց արձանագրել: Այսօր, սակայն, Ռուսաստանի օգնությամբ Թուրքիան կարող է հասնել իր նպատակին»,- գրում է պարբերականը:

Սպասվում է, որ առաջին չորս էներգաբլոկները կգործարկվեն 2019 թվականին: Իսկ 2023 թվականին, ըստ թերթի, Թուրքիան նախատեսում է արդեն երկու ատոմակայան ունենալ:

Սա այն դեպքում, երբ ժամանակին Անկարային շատ էր խանգարում Հայաստանի Մեծամորի ատոմակայանը: Անցյալ տարի Վանում տեղի ունեցած երկրաշարժից հետո Թուրքիայի իշխանությունները շտապեցին հայտարարել, թե երկրաշարժի հետևանքով վնասվել է Հայաստանի ատոմակայանը: Թուրքական «Զաման» օրաթերթը, վկայակոչելով Թուրքիայի ատոմային էներգիայի կազմակերպությունից (TAEK) ստացված տեղեկությունը, գրել էր, որ Մեծամորի ատոմակայանում աշխատանքներ են տարվում երկրաշարժի հետևանքով առաջացած վնասները վերացնելու ուղղությամբ: Սակայն ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից վստահեցրեցին, որ երկրաշարժը ատոմակայանի վրա որևէ կերպ չի ազդել, աշխատանքն ընթանում է բնականոն հունով: Չնայած դրան, թուրքերը մինչ օրս էլ օգտագործում են տարբեր պատրվակներ, որպեսզի բոլոր հնարավոր ամբիոններից հայտարարեն, որ Հայաստանի ատոմակայանը վտանգ է ներկայացնում ամբողջ տարածաշրջանին:

Հաշվի առնելով Հայկական ատոմակայանի հանդեպ Թուրքիայի հայտնի դիրքորոշումը և սեփական էներգետիկ դաշտը հարստացնելու նրա ցանկությունները` Հայաստանում շատերը կապ են տեսնում ռուս-թուրքական համագործակցության և Հայաստանի նոր ատոմակայանի կառուցումը կասեցնելու միջև:

«Հայկական կողմն ընդհանրապես չպետք է թողներ, որ իրավիճակը հասներ նրան, որ Հայաստանը ամբողջությամբ հայտնվեր ռուսական տնօրինության տակ: Չէ՞ որ ժամանակին տարբեր երկրներից առաջարկներ են եղել նույն ատոմակայանի շուրջ: Ռուսաստանը պարբերաբար արգելափակել է այդ առաջարկները, չի թողել, որ այդ ամբողջը զարգանա, բայց մյուս կողմից էլ` ինքը չի զարգացնում: Այսինքն` նա պատրաստ չէ Հայկական ատոմակայանին տարբեր հաշվարկներով 3-5 միլիարդ դոլար տրամադրելու: Ասում է` կտամ 25 տոկոսը, մնացածը դուք հոգացեք: Այսինքն` Ռուսաստանը վերցրել է մեր ամբողջ էներգետիկ համակարգը և իրեն պահում է այնպես, ինչպես ուզում է»,- «Մեդիալաբին» ասում է Պապյանը:

Լիաննա Խաչատրյան

© Medialab.am