Այսօր Ազատության հրապարակում ՀԱԿ հանրահավաքի ժամանակ իր ելույթում ընդդիմության առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն անդրադարձել է նոր խորհրդարանի գործունեությանը: Նա նշել է, որ հինգերորդ գումարման Ազգային Ժողովի ձեւավորումից եւ կառավարության ծրագրի քննարկումից հետո «Հայաստանում ստեղծվել է բոլորովին նոր մի իրավիճակ»։
«Այս փաստն ընդունում են ոչ միայն քաղաքական շրջանակները, այլեւ մամուլի միջոցներից շատերը»,-իր ելույթում ասել է Լեւոն Տեր-Պետրոսյանը։
«Այսպիսով, անուրանալի փաստ է, որ 1999 թվականից հետո առաջին անգամ այսօր մենք ունենք որակապես բոլորովին նոր խորհրդարան, որում ընդդիմության չորս խմբակցությունները՝ Հայ Ազգային Կոնգրեսը, ԲՀԿ-ն, Դաշնակցությունը եւ «Ժառանգությունը» ներկայացված են 54 պատգամավորով։ Փաստ է նաեւ, որ խորհրդարանական առաջին իսկ քվեարկության ժամանակ կառավարության ներկայացրած ծրագիրն ստացել է 49 «դեմ» ձայն, ինչն իր հեռավոր նախադեպն անգամ չունի Սերժ Սարգսյանի գլխավորած վարչախմբի ողջ գոյության ընթացքում։ Բավական է նշել, որ 2007 թվականին կառավարության ծրագիրն ստացել է 0, իսկ 2008-ին՝ ընդամենը 3 «դեմ»։ Պետք է հուսալ, որ ընդդիմադիր ուժերի համերաշխ քվեարկությունը կշարունակվի նաեւ այսուհետեւ։ Ինչպես ընդունված է ժողովրդավարական երկրներում, ընդդիմությունը, որպես կանոն, պետք է դեմ քվեարկի կառավարության ներկայացրած բոլոր օրինագծերին՝ չստանձնելով իշխող մեծամասնության կողմից ընդունված օրենքների պատասխանատվությունը»,-ասել է նա։
Տեր-Պետրոսյանն նշել է, որ ոչ ոք ընդդիմությանը չի կարող մեղադրել խորհրդարանի օրենսդիր գործունեությունը խափանելու մեջ, որովհետեւ կառավարությունն Ազգային Ժողովում մեծամասնություն ունենալով, պարտավոր է ապահովել օրենքների ընդունումը։ Ընդդիմության առաջնորդը խոսել է այն մասին, որ Ժողովրդի սոցիալական վիճակի կամ հարկային բեռի թեթեւացմանը վերաբերող օրինագծերի պարագայում ընդդիմությունը պետք է պահանջի ավելի զգալի թեթեւացում, ասենք, կենսաթոշակների ու աշխատավարձերի բարձրացման կառավարության առաջարկած 5%-ի փոխարեն պահանջի 10%-ի բարձրացում, իսկ այդ պահանջի չընդունվելու պարագայում կրկին դեմ պետք է քվեարկի համապատասխան օրինագծին։