Հայ համայնքի ներկայացուցիչները հանդիպել են Սարկոզիի հետ

Հայ համայնքի ներկայացուցիչները հանդիպել են Սարկոզիի հետ

09-03-2012

Մարտի 7-ին Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին ընդունել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների (CCAF) պատվիրակությանը և Փարիզում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանին:

Հանդիպման ընթացքում Սարկոզին հաստատել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրենք առաջարկելու իր մտադրությունը:

Ֆրանսիայի նախագահը մասնավորապես ասել է, որ նախագահի պաշտոնում վերընտրվելու դեպքում մտադիր է Հայոց ցեղասպանության հետ կապված նոր օրինագիծ առաջարկել: Սարկոզին ասել է, թե անընդունելի է Ֆրանսիայի տարածքում հայ ժողովրդի ապրած ցեղասպանության իրողության ժխտումը:

Պատվիրակության կազմում են եղել այնպիսի անվանի հայազգի գործիչներ, ինչպիսիք են ֆրանսահայ պրոդյուսեր Ալեն Թերզյանը, Շառլ Ազնավուրի իմպրեսարիո Լևոն Սայանը և Պատրիկ Դևեջյանը: Վերջինս ֆրանսահայ քաղաքական գործիչ է, 1990-ականներից Սարկոզիի մտերիմ խորհրդականն է, եղել է նաև նախարար:

© Medialab.am

Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա առթիվ

Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա առթիվ

09-03-2012

Սիրելի՛ կանայք,

Շնորհավորում եմ ձեզ Կանանց տոնի կապակցությամբ:

Մաղթում եմ ձեզ երջանկություն, հաջողություն, առողջ և ամուր ընտանիքներ:

Ուրախ եմ, որ օր օրի մեծանում է կանանց դերակատարությունը մեր երկրի և հասարակության կենսագործունեության բոլոր ասպարեզներում: Եվ դրանով հանդերձ՝ Հայաստանի կանայք պահպանում են իրենց ավանդական դերն ու բացառիկ թանկ հատկանիշները:

Այս գարնանային տոնը հրաշալի առիթ է վերահաստատելու մեր նվիրումն ու սերը, գնահատանքն ու երախտագիտությունը մեր մայրերի, կանանց և քույրերի նկատմամբ:

© Medialab.am

«Ազատություն».Չինարի հենակետում զինծառայողը ադրբեջանական դիպուկահարի կրակոցից չի զոհվել

«Ազատություն».Չինարի հենակետում զինծառայողը ադրբեջանական դիպուկահարի կրակոցից չի զոհվել

07-03-2012

Պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հաստատում է այն տեղեկությունները, որ փետրվարի 23-ի ցերեկը Տավուշի մարզի Չինարի գյուղի ուղղությամբ տեղակայված մարտական հենակետում ժամկետային զինծառայող Ալբերտ Ադիբեկյանի մահվան պատճառը ոչ թե ադրբեջանական կողմի դիպուկահարի արձակած կրակոցն է եղել, այլ ծառայակցի գնդակը:

Աշխատանքային այցով Բելգիայում գտնվող Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Բելգիայի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

Աշխատանքային այցով Բելգիայում գտնվող Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Բելգիայի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

07-03-2012

Աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 5-ի երեկոյան հանդիպում է ունեցել Բելգիայի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Փակ եւ դժվարանցանելի ճանապարհներ Հայաստանի տարածքում

Փակ եւ դժվարանցանելի ճանապարհներ Հայաստանի տարածքում

07-03-2012

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 6-ի, ժամը 14.00-ի դրությամբ ՀՀ տարածքում միջպետական նշանակության ավտոճանապարհները դժվարանցանելի են:

Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին` ՌԴ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ

Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին` ՌԴ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ

06-03-2012

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին` Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

Խաչատուր Սուքիասյանը կմասնակցի ԱԺ ընտրություններին

Խաչատուր Սուքիասյանը կմասնակցի ԱԺ ընտրություններին

06-03-2012

Ինչպես տեղեկացնում է Խաչատուր Սուքիասյանի գրասենյակի Մամուլի ծառայությունը, Սուքիասյանը կմասնակցի գալիք ԱԺ ընտրություններին:

Հայ ուսուցիչները լավագույն արդյունքներ են գրավում միջազգային մրցույթում

Հայ ուսուցիչները լավագույն արդյունքներ են գրավում միջազգային մրցույթում

06-03-2012

Օլիմպիական մարաթոնից դեռ ամիսներ առաջ հայ ուսուցիչները լավագույն արդյունքներ են գրանցում բլոգաթոնի մրցույթում: Առաջին անգամ անգլերեն լեզվի հայ ուսուցիչները, միանալով Բրիտանական խորհրդի ամենամյա բլոգաթոնին, միանգամից արժանացել են գլխավոր մրցանակներին:

Նախագահը մեկնում է Բրյուսել

Նախագահը մեկնում է Բրյուսել

03-03-2012

Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 05-07-ը աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքէջը:

Ըստ հաղորդագրության, այցի շրջանակներում Սերժ Սարգսյանը կմասնակցի Հյուսիսատլանտյան խորհուրդ+Հայաստան նիստին, ելույթ կունենա Կոնրադ Ադենաուերի հիմնադրամում: Սերժ Սարգսյանը Բրյուսելում մի շարք հանդիպումներ կունենա. Նախագահը կհանդիպի ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուի, ԵՄ խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպոյի, Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի, ԵՄ ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի, Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարտենսի հետ: Նախատեսված է նաև հանդիպում Բելգիայի խորհրդարանի ղեկավարության հետ:

Աշխատանքային այցի օրակարգում նախատեսված է Սերժ Սարգսյանի հանդիպումը Բելգիայի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ ևս:

© Medialab.am

Փակ շուկայի տարածքում աշխատանքները դադարեցված են, տարածքը հսկողության տակ է

Փակ շուկայի տարածքում աշխատանքները դադարեցված են, տարածքը հսկողության տակ է

03-03-2012

Մայրաքաղաքի փակ շուկայի տարածքում իրականացվող քանդման աշխատանքների մասին ստացված ահազանգի հետ կապված, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության և հասարակական կարգի պահպանման վարչության պետերին անձամբ այցելել նշված վայր, ծանոթանալ իրավիճակին և ձեռնարկել համապատասխան քայլեր:

«Կանաչ դպրոց» նաեւ Հայաստանում

«Կանաչ դպրոց» նաեւ Հայաստանում

03-03-2012

Այսօր Ծաղկաձորի գրողների ստեղծագործական տանը կայացավ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կողմից իրականացվող «Կանաչ դպրոց» նախագծի ձմեռային ճամբարի ամփոփիչ/հաշվետու միջոցառումը:

Մոտակա հինգ օրերի եղանակի կանխատեսում

Մոտակա հինգ օրերի եղանակի կանխատեսում

03-03-2012

Հանրապետության տարածքում մարտի 3-ին առավելապես արևելյան շրջաններում, 4-ին և 7-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյուն, հովտային շրջաններում` թաց ձյուն և ձնախառն անձրևի տեսքով: 5-6-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին հյուսիս-արևմտյան 3-8մ/վրկ, լեռնային շրջաններում և լեռնանցքներում սպասվում է բուք, ճանապարհներին մերկասառույց: Օդի ջերմաստիճանը 5-6-ը կնվազի 2-4 աստիճանով, 7-ին նույնքան կբարձրանա:

Ամուսինը պարտադրել է զբաղվել մարմնավաճառությամբ

Ամուսինը պարտադրել է զբաղվել մարմնավաճառությամբ

03-03-2012

Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազությունում հարուցվել է քրեական գործ` ամուսնու կողմից կնոջը ստիպողաբար մարմնավաճառությամբ զբաղվելուն պարտադրելու դեպքի առթիվ:

Մասնավորապես` 2012թ. փետրվարի 28-ին Երեւան քաղաքի բնակչուհի Հերմինեն հայտարարություն է տվել այն մասին, որ նույն օրը` 16:30-ի սահմաններում, իր փաստացի ամուսինը` Հ. Գեւորգյանը, բռնություն գործադրելով` ձեռքերով եւ ոտքերով ծեծելով, ստիպել է իրեն զբաղվել մարմնավաճառությամբ:

Ըստ հայտարարության` փաստացի ամուսնու բռնությունների ազդեցության տակ Հերմինեն պարտադրված մարմնավաճառությամբ զբաղվել է մի քանի տարի, իսկ ստացված գումարները հանձնել նրան:

Նախապատրաստված նյութերի ուսումնասիրության արդյունքում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին մասով:

Քրեական գործն ուղարկվել է ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ վարչություն` նախաքննություն կատարելու համար:

© Medialab.am

Տեղի է ունեցել ՀՀ նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նիստ

Տեղի է ունեցել ՀՀ նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նիստ

03-03-2012

Այսօր տեղի է ունեցել ՀՀ նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նիստ, որը վարել է հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը:

Օրակարգի շրջանակներում Վլադիմիր Մովսիսյանը ներկայացրել է հանձնաժողովի 2012թ. գործունեության աշխատանքային ծրագիրը: 27 կետից բաղկացած այդ փաստաթուղթը ներառում է Սևանա լճի բնական պաշարների պահպանման, վերարտադրության, վերականգնման, զարգացման և օգտագործման միջոցառումներին վերաբերող բոլոր հիմնախնդիրները և դրանց լուծմանն ուղղված ընթացիկ տարվա միջոցառումները: Հանձնաժողովի անդամների ներկայացրած դիտողությունների և առաջարկությունների հիման վրա աշխատանքային ծրագիրը հաստատվել է:

Նիստում քննարկվել է նաև Սևանա լճի ներկա իրավիճակի վերաբերյալ տեղեկատվությունը՝ ջրի մակարդակի բարձրացման տեմպերի, ափամաքրման աշխատանքների ընթացքի վերաբերյալ: Ընդգծվել է, որ Սևանա լճի մակարդակը ընթացիկ տարվա հունվարի 1-ին հասել է լճի 1963թ. մակարդակին, ինչը, հանձնաժողովի նախագահի հավաստմամբ, լրջագույն ձեռքբերում է: Աշխատանքներն իրականացվել են «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքով սահմանված ժամանակացույցից ավելի քան 7 տարի շուտ:

Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահի զեկուցմամբ, հանձնաժողովը գործունեության անցած երեք տարիների ընթացքում իր առջև դրված խնդիրները նախատեսված ծրագրերին համապատասխան լուծել է՝ հանձնաժողովի քննարկումների արդյունքում համապատասխան առաջարկություններ ներկայացնելով Հանրապետության նախագահին, որոնք այնուհետ դարձել են ՀՀ կառավարության որոշումներ:

© Medialab.am

Լեվոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2012թ. մարտի 1-ի հանրահավաքում

Լեվոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2012թ. մարտի 1-ի հանրահավաքում

02-03-2012

Սիրելի հայրենակիցներ,

Թեեւ նախորդ հանրահավաքից անցած երեք ամիսները սեզոնային պատճառներով աչքի չեն ընկել բուռն քաղաքական կյանքով, բայց այդ ընթացքում, այնուամենայնիվ, տեղի են ունեցել որոշ ուշագրավ իրադարձություններ, որոնք լուրջ իմաստավորման եւ մեկնաբանության կարիք ունեն։ Հայ Ազգային Կոնգրեսն իր պաշտոնական հայտարարություններով եւ մամուլի հաղորդագրություններով ժամանակին արձագանքել է այդ իրադարձություններից շատերին, տալով նրանց սպառիչ քաղաքական գնահատականը։ Բայց քանի որ անձամբ ես առիթ չեմ ունեցել հրապարակավ անդրադառնալու դրանց, ավելորդ չեմ համարում ստորեւ հնչեցնել նաեւ իմ սեփական տեսակետները, որոնք ընդհանուր առմամբ համահունչ լինելով Կոնգրեսի գնահատականներին, պարունակում են նաեւ որոշ լրացուցիչ հստակեցումներ ու պարզաբանումներ։ Ելույթս, հետեւաբար, նվիրված լինելով իրար հետ կապ չունեցող տարբեր իրադարձությունների, նմանվելու է ոչ այնքան համակարգված քաղաքական վերլուծության, որքան լրահոսային խճանկարի։ Եթե կուզեք, այն կարող եք անգամ հարցազրույց համարել, որովհետեւ վստահ եմ, որ շատ լրագրողներ կցանկանային ինձ հարցեր ուղղել ստորեւ շոշափվող թեմաների վերաբերյալ։ Հավատացեք, որ այդպիսի ցանկություններ նաեւ արտահայտվել են։

* * *

Քանի որ այսօր մարտի 1-ն է, բնականաբար հարկ է սկսել այդ չարաբաստիկ օրվան պատշաճող թեմայից։ Անցյալ տարվա դեկտեմբերի 26-ին ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը սեփական ինտերնետային կայքում ընդարձակ տեղեկատվական հաղորդում հրապարակեց 2008թ. մարտի 1–2-ի իրադարձությունների կապակցությամբ իր վարույթում գտնվող քրեական գործի ընթացքի մասին։ Կրկնությունից խուսափելու համար զերծ մնալով այդ խայտառակ փաստաթղթի մանրակրկիտ իրավական գնահատականից, որը տրված է Հայ Ազգային Կոնգրեսի իրավական հանձնաժողովի կողմից («ՀԺ». 25.01.2012), ես կբավարարվեմ սոսկ հետեւյալ կարճառոտ արձանագրումով։ Նշված հրապարակմամբ ՀՔԾ-ն ֆորմալ առումով կատարված ազդարարեց Սերժ Սարգսյանի հայտնի հանձնարարականը եւ ԵԽԽՎ 1837 բանաձեւի պահանջը, իսկ ըստ էության, փակված համարեց մարտի 1-ի պետական ոճրագործության արյունալի էջը։ Այսինքն, իշխող վարչախումբը, Սերժ Սարգսյանի եւ Հանրապետական կուսակցության գլխավորությամբ, իր վրա վերցրեց այդ ոճրագործության ողջ պատասխանատվությունը եւ խորհրդարանական ընտրություններից մի քանի ամիս առաջ ցինիկաբար հայտարարեց, որ խաղաղ ցուցարարներին գնդակոծած, հարյուրավոր մարդկանց հրազենային ու բեկորային վերքեր պատճառած եւ տասը անմեղ քաղաքացու կյանքը խլած մարդասպաններն անպատիժ են մնալու։ Անշուշտ, ժողովրդի պատվախնդրության ու իրավագիտակցության աստիճանից է կախված, թե այդ ցինիզմն ինչպիսի հակազդեցության կարժանանա առաջիկա ընտրություններում։ Բայց անգամ դրանից անկախ, պարզ է մեկ բան. որքան էլ մղձավանջը շարունակվի, որքան էլ բռնապետությունը երկարաձգվի, սեփական ժողովրդի արյունը թափած ոճրագործները, երբ էլ լինի, կանգնելու են արդար դատաստանի առջեւ։ Նիկոլաե Չաուշեսկուի, Էրիխ Հոնեկերի, Սադդամ Հուսեյնի, Մուամմար Կադաֆիի եւ Հոսնի Մուբարաքի թշվառ վախճանը ձեզ օրինակ։

* * *

Հունվարի 23-ին Ֆրանսիայի սենատը քվեարկեց Հայոց ցեղասպանության ուրացումը քրեականացնող օրինագծի օգտին։ Հասկանալի պատճառներով դա մեծ խանդավառություն առաջացրեց հայ հասարակության լայն շերտերում, մանավանդ Սփյուռքում։ Իսկ Սերժ Սարգսյանը եւ Էդուարդ Նալբանդյանը, անհուն երախտագիտության խոսքեր ուղղելով Ֆրանսիայի ղեկավարներին, այդ իրադարձությունը համարեցին Հայաստանի դիվանագիտության փայլուն հաղթանակը։ Թե ինչ դերակատարություն է այդ հարցում ունեցել Հայաստանի դիվանագիտությունը, իհարկե, միայն Աստծուն է հայտնի, քանի որ ակնհայտ է, որ Ֆրանսիայի կառավարությունն այդ քայլը ձեռնարկել է բոլորովին անկախաբար, այն է՝ ֆրանսահայության քվեները շահելու նախընտրական նկատառումներով ու, թերեւս, նաեւ Եւրամիությանը Թուրքիայի անդամակցությունը խափանելու հեռահար նպատակով։ Այսինքն, հայկական հարցը կրկին, մեր կամքից անկախ, դարձել է արտաքին ուժերի խաղերի առարկան, դրանից բխող բոլոր հետեւանքներով։ Երկու օր առաջ պարզվեց նաեւ, որ այդ խանդավառությունը վաղաժամ էր, քանի որ Ֆրանսիայի սահմանադրական խորհուրդը հակասահմանադրական ճանաչեց Սենատի որոշումը, ինչը դուք ինձնից լավ կարող եք մեկնաբանել։ Ուստի, իմ կարծիքով, խանդավառվելու կամ «հաղթանակ» տոնելու փոխարեն, անհրաժեշտ էր Սենատի «պատմական» որոշումը գնահատել նախ եւ առաջ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը նպաստելու կամ վնասելու տեսանկյունից, որովհետեւ դա այն խնդիրն է, որի կենսական նշանակությունը Հայաստանի անվտանգության եւ տնտեսական զարգացման համար ոչ ոք չի կարող ժխտել։ Հուսանք, ուրեմն, որ շուրջ մեկ ամիս առաջ ձեռքբերված փայլուն «հաղթանակը» չնմանվի Բեռլինի (1878թ.) եւ Փարիզի (1920թ.) խաղաղության կոնֆերանսներում հայկական դիվանագիտության տարած ավելի փայլուն հաղթանակներին, որոնց հետեւանքով նախ բնաջնջվեց ողջ Արեւմտյան Հայաստանը, եւ ապա՝ կորսվեց Հայաստանի Հանրապետության տարածքի ուղիղ կեսը։ Համեմատությունը միգուցե կարող է անտեղի ու չափազանցված թվալ, բայց ահագնացող արտագաղթը, որը մասամբ հետեւանք է նշված խնդրի չկարգավորվածության, ազգային աղետի պակաս վտանգ չի պարունակում։

* * *

Ի դեպ, արտագաղթի մասին։ Փետրվարի 7-ին ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակեց «ՀՀ 2011թ. մարդահամարի նախնական օպերատիվ ցուցանիշների մասին» վերնագիրը կրող մամուլի հաղորդագրությունը։ Այդ փաստաթղթի համաձայն, մարդահամարի տվյալներով՝ Հայաստանի առկա բնակչության թիվը կազմել է 2.871.509 մարդ, մինչ 2001թ. մարդահամարի արդյունքներով՝ հանրապետության առկա բնակչության թիվը եղել է 3.002.598 մարդ։ Ըստ այդմ, պաշտոնական տվյալներով՝ տասը տարվա ընթացքում Հայաստանի առկա բնակչության թիվը պակասել է 131.089 մարդով։ Մամուլը բուռն արձագանքեց այս հաղորդագրությանը, բայց միեւնույն ժամանակ ստեղծեց այն թյուր տպավորությունը, թե իբր երկու մարդահամարների միջեւ ընկած ժամանակահատվածում ընդամենն այդքան մարդ է արտագաղթել Հայաստանից։ Այնինչ ակնհայտ է, որ արտագաղթի ծավալը գնահատելու համար այդ թվին պետք է գումարել նաեւ բնակչության բնական աճի թիվը, այսինքն՝ տասը տարվա ընթացքում ծնվածների եւ մահացածների թվի տարբերությունը։ Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2002–2011 թթ. ընթացքում Հայաստանում ծնվել է 394.497 եւ մահացել 268.370 մարդ։ Տարբերությունը կազմում է 126.127, որը գումարելով վերը նշված 131.089-ին, ստանում ենք 257.216 մարդ։ Իսկ եթե սրան էլ գումարենք նույն ժամանակահատվածում Վրաստանից, Ռուսաստանից, Իրաքից, Իրանից, Սիրիայից եւ մանավանդ Ղարաբաղից ներգաղթած ավելի քան 20.000 հոգուն, ապա արտագաղթի իրական թիվը կկազմի շուրջ 277.000 մարդ։ Եւ սա, կրկնում եմ, պաշտոնական տվյալներով։ Մինչդեռ ոչ պաշտոնական գնահատականներով, վերջին տասը տարիների ընթացքում երկրից արտագաղթել է ավելի քան 500.000 մարդ, եւ այսօր Հայաստանի առկա բնակչության թիվն իրականում կազմում է շուրջ 2.5 միլիոն մարդ։ Արտագաղթի հիմնական պատճառն, անշուշտ, ժողովրդի ծայրաստիճան ծանր սոցիալական վիճակն է, որը, սակայն, իր հերթին, հետեւանք է վեց այլ վճռորոշ պատճառների, ընդ որում, երեքը օբյեկտիվ, իսկ մյուս երեքը՝ սուբյեկտիվ։ Օբյեկտիվ-առարկայական պատճառներն են՝ հայ-թուրքական հարաբերությունների չկարգավորված լինելու հանգամանքը, որի մասին արդեն խոսվեց, ինչպես նաեւ Ղարաբաղյան հակամարտության առկայությունը եւ Հայաստանի տրանսպորտային շրջափակումը։ Իսկ սուբյեկտիվ-ենթակայական պատճառներն են՝ պետական մասշտաբի սանձարձակ կոռուպցիան, օրինականության բացակայությունը եւ ժողովրդավարության ու մարդու իրավունքների ոտնահարումը։ Ահա այն պատկառելի ուղեբեռը, որով ներկա վարչախումբը հավակնում է առաջիկա ընտրություններում վերահաստատել իր բացարձակ գերիշխանությունը՝ շարունակելու համար երկրի անխնա թալանն ու անշրջելի դարձնելու Հայաստանի մարդաթափման գործընթացը։ Եւ այս ամենը Ցեղասպանության ճանաչման ճակատում տարած հաղթանակների, բոցաշունչ հայրենասիրական ճառերի, վարդագույն ապագայի վերաբերյալ ամպագորգոռ խոստումների, համաժողովրդական գոհության ու տոնախմբությունների ծնծղաների ներքո։

* * *

Վարդան Օսկանյանն անդամագրվեց Բարգավաճ Հայաստան կուսակցությանը, ինչն ակներեւաբար բխում է կոնկրետ հաշվարկների վրա կառուցված երկուստեք շահերից։ Քաղաքական հավակնություններ ունեցող Օսկանյանին, բնականաբար, աջակից հենարան էր պետք, իսկ սոլիդ կուսակցության իմիջ ձեռքբերելու ձգտող Բարգավաճին՝ միջազգային դիվանագիտական շրջանակներում վերջինիս վայելած հեղինակությունը։ Չգիտես ինչու, սակայն, այս պարզ բացատրությունը մի կողմ թողած, դավադրության տեսության կողմնակիցները տվյալ քաղաքական գործարքի եւ ընդհանրապես Բարգավաճ Հայաստանի հետ կապված ցանկացած անցուդարձի ետեւում փորձում են տեսնել Ռոբերտ Քոչարյանի ականջները։ Դրանով նրանք, մի կողմից ժխտելով Օսկանյանի եւ Ծառուկյանի ինքնուրույն որոշումներ կայացնելու ունակությունը, նրանց հատկացնում են խրտվիլակի դերակատարություն, մյուս կողմից, Քոչարյանի ուրվականով սարսափեցնելով ժողովրդին, նպաստում են Սերժ Սարգսյանի բռնապետության ամրապնդմանը։ Ինչեւիցէ, եթե Օսկանյանի անդամագրումը Բարգավաճ Հայաստանին խորացնելու է իշխող կոալիցիայի ներսում առաջացած հակասությունները եւ նպաստելու ԲՀԿ-ի՝ որպես լիովին անկախ քաղաքական ուժի կայացմանը, ապա նրա քայլը կարելի է միայն ողջունել։ Ինչ վերաբերում է ականջներին, ապա չբացառելով թե՛ Քոչարյանի քաղաքական հավակնությունները, թե՛ Ծառուկյանի ու Օսկանյանի մտերմական հարաբերությունները նրա հետ, դրանք, այդուհանդերձ, պետք է դիտել որպես քաղաքական բովանդակությունից բոլորովին զուրկ հանգամանքներ, քանի որ, ինչպես մի առիթով նշել եմ, ներկա իրավիճակում «միակ տղամարդը» կամ «ամենաերիտասարդ թոշակառուն» քաղաքական գործոն դառնալու որեւէ հնարավորություն չունի։ Ավելին, քանի դեռ Սարգսյանն իր տեղում է, նա այդ մասին անգամ չի կարող երազել։ Ռոբերտ Քոչարյանը խորտակված, իսկ Սերժ Սարգսյանը խորտակվող նավ է, եւ այն ուժը, որը սեփական ճակատագիրը կկապի նրանց հետ, իր քաղաքական մահկանացուն կնքելու ավելի կարճ ճանապարհ չի կարող ընտրել։

* * *

Ս.թ. փետրվարի 18-ին կայացած «Երկրապահ կամավորականների միության» համագումարը պաշտոնապես հայտարարեց, որ անվերապահորեն լծվում է Սերժ Սարգսյանի ճռռացող սայլին։ Իսկ քանի որ այդ սայլը թավալգլոր սուրում է դեպի երկրի անխուսափելի կործանում, երբեմնի փառապանծ կազմակերպությունը փաստորեն ինքնակամ հրաժարվեց «երկիրը պահելու» սուրբ առաքելությունից, այն փոխարինելով «Սարգսյանին պահելու» առաքելությամբ։ Թեեւ այս փաստը վշտացրեց ու վրդովեցրեց շատերին, բայց նման արձագանքն, իմ կարծիքով, այնքան էլ տեղին չէր, քանի որ անվայել այդ փոխակերպումն իրականում արտահայտում է ոչ թե ԵԿՄ-ի հազարավոր շարքային անդամների, այլ պատեհապաշտ նոմենկլատուրացված վերնախավի դիրքորոշումը, որին, ցավոք, հաջողվեց արատավորել երկրապահի պատիվը եւ պղծել Վազգեն Սարգսյանի ժառանգության եւս մի մասունքը։ Արձանագրելով, արդ, ԵԿՄ-ի, որպես հեղինակավոր հասարակական կազմակերպության տխուր վախճանը, պետք է մխիթարվել, սակայն, այն լուսավոր իրողությամբ, որ երկրապահների մեծ մասը, թե՛ միության ներսում, թե՛ նրանից դուրս, եղել, մնում է ու այսուհետեւ եւս կմնա ժողովրդի կողքին, որովհետեւ միությունը սոսկ կեղեւ է, իսկ երկրապահը՝ կենսակերպ ու կոչում։ Ուստի ես կխնդրեի հստակ տարբերակել հետեւյալը. մի բան են բուն երկրապահները, եւ բոլորովին մի այլ բան՝ «Երկրապահների միությունը»։ Հետեւաբար, միության նկատմամբ բացասական վերաբերմունքը ոչ մի դեպքում չպետք է տարածել երկրապահներից յուրաքանչյուրի կամ նրանց ամբողջության վրա։

* * *

Առաջիկա ընտրությունների նախօրյակին իշխանական քարոզչության կողմից կրկին շրջանառության մեջ դրվեց իմ հասցեին ուղղված այն հերյուրանքը, թե ես իբր Հայաստանի ավազակապետության պարագլուխներին թաթար-մոնղոլներ եմ անվանել։ Նման արտահայտություն ես երբեւէ ինձ թույլ չեմ տվել եւ չէի էլ կարող թույլ տալ, որովհետեւ դրանով վիրավորած կլինեի ոչ թե Ռոբերտ Քոչարյանին կամ Սերժ Սարգսյանին, այլ խորագույն հարգանքի արժանի թաթար-մոնղոլական ժողովուրդներին, որոնք պատմական մի որոշակի ժամանակաշրջանում համաշխարհային նշանակության դեր են խաղացել մարդկության կյանքում։ Տվյալ հերյուրանքը չարամիտ աղավաղումն է 2007թ. դեկտեմբերի 8-ի իմ ելույթի այն հատվածի, որում ես ասել եմ բառացիորեն հետեւյալը. «Քոչարյանա-սերժական վարչախմբի ձեւավորած տնտեսական համակարգը որեւէ կապ չունի ո՛չ սոցիալիզմի, ո՛չ ֆեոդալիզմի, ո՛չ իսկ անվանապես հռչակված կապիտալիզմի հետ, եւ ավելի շուտ հիշեցնում է թաթար-մոնղոլական տիպի խանական համակարգ», անմիջապես ավելացնելով նաեւ, որ «սա էթնիկական բնութագրում չէ, այլ զուտ գիտական հասկացություն՝ հիմնավորապես ուսումնասիրված եւ մշակված համաշխարհային ճանաչում ունեցող ականավոր պատմաբանների, մասնավորապես ռուս արեւելագետների՝ Բարտոլդի, Վլադիմիրցովի, Գրեկովի, Յակուբովսկու կողմից» (ԼՏՊ, «Վերադարձ», Ե., 2009, էջ 117)։ Ես պատասխանատու եմ միայն իմ արտահայտած մտքերի համար, եւ ամենեւին ոչ այլեւայլ նպատակներով ինձ վերագրված խոսքերի։

* * *

Մի այլ ցածրորակ հերյուրանքի համաձայն՝ ես իբր 2008թ. նախագահական ընտրությունների քարոզարշավի ընթացքում ԱԽՔ պատվավոր տիտղոսը կրող հայտնի անձնավորությանը «հայրենիքի դավաճան» եմ անվանել, ինչը եւս բացարձակապես չի համապատասխանում իրականությանը։ Իմ ելույթներից երկուսում ես ընդամենն ասել եմ, որ եթե այդ անձնավորությունը, նախորդ ընտրություններում Վազգեն Մանուկյանի եւ Արտաշես Գեղամյանի դրսեւորած օրինակով, պառակտի ընդդիմադիր ընտրազանգվածը եւ իր ստացած ձայները վերջին հաշվով գումարի վարչախումբը ներկայացնող թեկնածուի ձայներին, ապա նա դրանով «դավաճանություն կգործի ժողովրդի դեմ» կամ «կդավաճանի ժողովրդի գործին» («ՉԻ». 16.02.2012; «Ժամանակ». 17.02.2012)։ Ի դեպ, ամիսներ անց, արդեն որպես կատարված իրողության արձանագրում, գրեթե նույն գնահատականն է տվել նաեւ Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ռոբին Ֆիլիպսը, մասնավորապես նշելով, որ «ՕԵԿ կուսակցապետի՝ կոալիցիային միանալու քայլը հասարակության աչքերում (ինչպես նաեւ մեր աչքերում) վերահաստատեց նրա անսկզբունքային քաղաքական գործիչ լինելու եւ ավելի թանկ ծախվելու փաստը» (Wikileaks. 08YEREVAN436. տե՛ս նաեւ «ՀԺ». 21.10.2011)։ Այսքանն՝ ըստ էության, իսկ հիշեցման կարգով՝ խնդրո առարկա անձնավորությանն իրականում «հայրենիքի դավաճան» է հայտարարել ոչ այլ ոք, քան Ռոբերտ Քոչարյանը։

* * *

Մի քանի խոսք էլ ձմռան ամիսներին արձանագրված որոշ դրական երեւույթների ու նշանակալի իրադարձությունների մասին։ Այս առումով առաջին հերթին պետք է հիշատակել, անշուշտ, Հայ Հեղափոխական Դաշնակցության, Ժառանգության, Հայ Ազգային Կոնգրեսի, Բարգավաճ Հայաստանի եւ այլ քաղաքական ուժերի միջեւ արդար ընտրությունների անցկացման խնդրի շուրջ սկսված կառուցողական երկխոսությունը, ինչպես նաեւ Ազգային Ժողովի ընդդիմադիր խմբակցությունների կողմից ամբողջովին համամասնական ընտրակարգի անցնելու օրենսդրական նախաձեռնությունը։ Հակառակ այն հանգամանքին, որ խորհրդարանական մեծամասնությունն, ինչպես եւ սպասվում էր, մերժեց այդ նախաձեռնությունը, նշված ուժերի անկեղծ համագործակցությունն, այնուամենայնիվ, լուրջ նախադրյալ է ստեղծում ընտրությունների վերահսկման համատեղ արդյունավետ մեխանիզմ ձեւավորելու համար։

Հաջորդ դրական երեւույթը Հայկ Գեւորգյանի դեմ կազմակերպված սադրանքի վիժեցումն է, որը մի կողմից՝ պետք է համարել քաղաքացիական գիտակցության եւ լրագրողական համերաշխության հրաշալի դրսեւորում, իսկ մյուս կողմից՝ ապացույց այն բանի, որ իշխանությունը, որքան էլ ամբարտավան, անպարտելի չէ, եւ որ պայքարը նրա կամայականությունների դեմ երբեմն նաեւ արդյունք է տալիս։ Սրանից հետեւում է, որ երբեք չպետք է դադարեցնել պայքարը, որքան էլ այն անհուսալի թվա կամ որքան էլ թերահավատների ու վհատվողների կողմից անհուսալի ներկայացվի։ Քանզի, ինչպես ասում են, երբ պայքարում ես, այո՛, կարող ես նաեւ պարտվել, բայց երբ չես պայքարում, արդեն պարտված ես։

Եւ վերջապես, երրորդ նշանակալի իրադարձությունը, ինքնըստինքյան հասկանալի է, ես համարում եմ Հրազդանի քաղաքապետի ընտրությունը, որում, հակառակ աղավաղված արդյունքին, արձանագրվեց երկու կարեւոր իրողություն. նախեւառաջ, իհարկե, Սասուն Միքայելյանի վայելած մեծ ժողովրդականությունն ու հեղինակությունը, եւ ապա՝ Հայ Ազգային Կոնգրեսի բարձր վարկանիշն ու կազմակերպական կարողությունը։ Դրա հետ մեկտեղ ի հայտ եկավ նաեւ մի դառը իրողություն, այն է՝ իշխանությունների կողմից ընտրակեղծարարության ավելի նուրբ մեխանիզմների կիրառումը, ինչը, խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, դաս պետք է հանդիսանա բոլոր ընդդիմադիր ուժերի համար։

* * *

Այսօր ես դիտավորյալ չանդրադարձա առաջիկա ընտրություններին, որովհետեւ նախ՝ մյուս հռետորները հանգամանորեն խոսեցին դրա մասին, եւ երկրորդ՝ այն պատճառով, որ շուտով այդ թեմայով ձեզ բոլոր քաղաքական ուժերը ձանձրացնելու են։ Կուզեի ընդգծել միայն հետեւյալը։ Հաստատված փաստ է, որ Հայաստանի պարագայում, որպես կանոն, ժողովրդական զանգվածների գերհամախմբում եւ իրական մրցակցություն տեղի է ունենում ոչ թե խորհրդարանական, այլ նախագահական ընտրություներում։ Ուստի քաղաքական ուժերի առաջնահերթ խնդիրն է հաղթահարել հոգեբանական այս բարդույթը եւ հասարակությանը համոզիչ կերպով բացատրել խորհրդարանական ընտրությունների կարեւորությունը՝ դրանք դիտելով որպես նախադրյալ հենց նախագահական ընտրություններում հաջողության հասնելու համար։ Հաղթելով խորհրդարանական ընտրություններում, ժողովուրդն անհամեմատ կհեշտացնի իր հաղթանակը նախագահական ընտրություններում։ Գաղտնիք չէ, որ Հայաստանի բոլոր քաղաքական ուժերն, այդ թվում նաեւ Հայ Ազգային Կոնգրեսը, ներկայումս զբաղված են խորհրդարանական ընտրությունների համամասնական ցուցակների ձեւավորման աշխատանքով։ Փետրվարի 28-ին տեղի ունեցած ընդլայնված խորհրդակցության ժամանակ «Հայ Ազգային Կոնգրես» ընտրական դաշինքին մաս կազմող ուժերը որոշում են կայացրել՝ համամասնական ցուցակը վերջնական տեսքի բերելու պարտականությունը դնել ինձ վրա, անշուշտ, հաշվի առնելով քաղխորհրդում քննարկված չափորոշիչներն ու առաջարկները։ Ենթարկվելով Կոնգրեսի կամքին, ես հլուհնազանդ ստանձնել եմ այդ ծանր պարտավորությունը, գիտակցելով նրա ողջ պատասխանատվությունը եւ սերտած լինելով Ալեքսան Հակոբյանի ժամանակին ինձ տված փառավոր դասը։ Պաշտոնավարությանս վերջին օրը, 1998թ. փետրվարի 3-ին, փութալով Լաչինից, նա, առանց նախապես զգուշացնելու, փոշոտ ու ցեխոտ, հայտնվեց իմ գրասենյակում եւ ասաց. «Լեւոն, գիտեմ, որ հրաժարական ես տալիս։ Լավ ես անում։ Բայց դրա համար չեմ եկել, այլ ուրիշ բանի։ Մի հանճարեղ միտք եմ հղացել։ Հենց հիմա ստորագրում ես քո վերջին հրամանագիրը եւ վերականգնում դասական ուղղագրությունը»։ «Հետո՞»,– հարցրի ես։ «Հետո ի՞նչ,– պատասխանեց նա,- քեզ հազար բանի համար հայհոյել են, թող մի ավել բանի համար էլ հայհոյեն։ Զատո ուղղագրությունը վերականգնված կլինի»։

Շնորհակալություն ուշադրության համար։

Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Արտաշես Գեղամյանի հեղինակած գրքերի շնորհանդեսին

Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Արտաշես Գեղամյանի հեղինակած գրքերի շնորհանդեսին

02-03-2012

Սերժ Սարգսյանն փետրվարի 29-ին Կառավարության ընդունելությունների տանը ներկա է գտնվել հասարակական-քաղաքական գործիչ, «Ազգային միաբանություն կուսակցության» նախագահ Արտաշես Գեղամյանի հեղինակած գրքերի շնորհանդեսին: Լայն հանրության համար նախատեսված ժողովածուները ներառում են Արտաշես Գեղամյանի գործունեության վերջին երեք տարիների հոդվածները, հարցազրույցներն ու ելույթները:

Կան փակ եւ դժվարանցանելի ճանապարհներ

Կան փակ եւ դժվարանցանելի ճանապարհներ

02-03-2012

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 1-ի, ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում անցանելի են: Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Սումգայիթի հայկական ջարդերի 24-րդ տարելիցին նվիրված միջոցառում Բաթումում

Սումգայիթի հայկական ջարդերի 24-րդ տարելիցին նվիրված միջոցառում Բաթումում

01-03-2012

Փետրվարի 28-ին, ի հիշատակ սումգայիթյան ոճրագործության անմեղ զոհերի, Բաթումի Ս. Փրկիչ հայկական եկեղեցում կատարվեց հոգեհանգստի արարողություն, որի մասնակցում էին Աջարիայի հայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ, Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոսության աշխատակիցներ, հայկական կրթօջախների աշակերտներ և ուսուցիչներ:

Զինվորի մահվան նոր դեպք Ղարաբաղի բանակում

Զինվորի մահվան նոր դեպք Ղարաբաղի բանակում

01-03-2012

Այսօր ժամը 9-10-ի սահմաններում Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի դիտակետում սպանվել է 19-ամյա ժամկետային զինծառայող Տիգրան Վանոյի Վարյանը։

Պաշտպանության բանակի լրատվության եւ քարոզչության բաժնի հաղորդագրության համաձայն, նախնական տվյալներով` զինվորը սպանվել է իրեն ամրակցված ինքնաձիգից։

Միջադեպի հետ կապված մանրամասները ճշտելու համար տարվում է քննություն:

© Medialab.am

Օդի ջերմաստիճանը կրկին կնվազի

Օդի ջերմաստիճանը կրկին կնվազի

01-03-2012

Հանրապետության տարածքում փետրվարի 29-ին, մարտի 1-ից 2-ը, 4-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 3-ին արևելյան շրջաններում սպասվում են տեղումներ, 1-ի երեկոյան ժամերին, 2-ին, 4-ի ցերեկը` ամենուրեք ձյուն: 4-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան 3-8 մ/վրկ, մարտի 1-ից 2-ը առանձին վայրերում հնարավոր է քամու ուժգնացում` 18-23 մ/վ, լեռնային շրջաններում և լեռնանցքներում սպասվում է բուք, ճանապարհներին` մերկասառույց: Օդի ջերմաստիճանը մարտի 2-ի գիշերը կնվազի 4-ից 6, ցերեկը` 8-ից 10, իսկ 3-ի գիշերը` ևս 2-ից 4 աստիճանով:

Երևանում փետրվարի 29-ին, մարտի 1-ից 2-ը, 4-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, մարտի 1-ի երեկոյան ժամերին, 2-ին, 4-ի ցերեկը` ձյուն: 3-ին և 4-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

© Medialab.am