Լյոխ լյավ ա. ծնունդների խրախուսման քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղում տալիս է առաջին ծաղիկները

15-04-2010
371 դիտում
Լյոխ լյավ ա. ծնունդների խրախուսման քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղում տալիս է առաջին ծաղիկները

Գրեթե մեկ ու կես տարի առաջ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում բարերար Լևոն Հայրապետյանի նախաձեռնությամբ կազմակերպված աղմկոտ մեծ հարսանիքը, որն իր շուրջ համախմբեց գրեթե յոթ հարյուր նորապսակ զույգերի, արդեն իսկ տալիս է արդյունքները` բարձրացնելով ծնելիության մակարդակը երկրում:

Ըստ ԼՂՀ սոցապահովության նախարարության տվյալների` շնորհիվ ծնունդների խրախուսման նոր համակարգի` 2007-ի համեմատությամբ ծնելիությունը երկրում 2009-ի նախնական տվյալների համաձայն աճել է 31,5%-ով:

Ծագումով ղարաբաղցի, ռուսաստանաբնակ Լևոն Հայրապետյանը, որն արդեն տասը տարուց ավելի է` տարբեր բիզնես ծրագրեր է իրականացնում Ղարաբաղում, իր խոսքով` Արցախյան մեծ հարսանիք նախաձեռնելով` մտածել է երկիրը հզորացնելու` ժողովրդագրական բարելավման տարբերակով:

Նա հայտարարել էր, թե ծրագրել էին կազմակերպել 300 զույգի հարսանիք, սակայն ականատես դառնալով գործընթացի զարգացմանը` վերանայել են պահանջները, իսկ զույգերի թիվն արդյունքում կրկնապատկվել է` «բարենպաստ փաթեթներին զուգահեռ»:

ԼՂՀ սոցապահովության նախարար Նարինե Ասծատրյանը «Մեդիալաբին» ասում է, որ բարերարների նման նախաձեռնություն կրկին ցուցաբերելու դեպքում «պետությունը կցուցաբերի իր աջակցությունը` նույն մակարդակով իրագործելու համար»:

Նա նշում է, որ 90-ականների սկզբից ժողովրդագրական վիճակը, պայմանավորված պատերազմի, սոցիալ-տնտեսական անբավարար պայմանների և այլ գործոների հետ, վատացել էր:

«Հիմա վիճակը շեշտակի փոխվել է,- «Մեդիալաբին» ասում է Ստեփանակերտի միակ ծննդատան տնօրեն Գոհար Հակոբջանյանը,- հիմա Ստեփանակերտում քայլելիս դուք շատ հղիներ կտեսնեք»:

Հակոբջանյանն ասում է, որ իրենց միակ խնդիրն արդեն ոչ թե ցածր ծնելիությունն է, այլ այն, որ միակ հիվանդանոցի մահճակալային ֆոնդը չի բավարարում:

Նա նշում է, որ առաջիկա երկու տարիներին նախատեսվում է մեկ այլ ծննդատուն կառուցել:

«Ծնելիությունը, անշուշտ, ավելացել է»,- ասում է նա: Հակոբջանյանը նշում է, որ ծնելիության ավելացման մեջ կարևոր դերակատարություն ունի Արցախյան մեծ հարսանիքը:

«Մենք շատ ուրախ ենք, որ մաս ենք կազմել նման մի գեղեցիկ տոնակատարության, երբ հարյուրավոր աղջիկներ հարսանյաց ճերմակ զգեստներով էին, իսկ հարսանքավորների թիվը` աննախադեպ մեծ»,- «Մեդիալաբին» ասում է ԼՂՀ Հադրութի շրջանի Խծաբերդ գյուղի 20-ամյա բնակչուհի Սիրանիկ Հայրապետյանը` մեծ հարսանիքի մասնակիցներից մեկը:

Մինչ Սիրանիկի աղջիկը` 7 ամսական Մարիա Ալավերդյանը, աղմկում է մոր գրկում, Հայրապետյանը նշում է, որ անակնկալներն ինչպես սկսվեցին այդ օրը`պսակի արարողությամբ, մեծ ճաշկերույթով, 2000 դոլար հարսանեկան նվերով և հայկական աստղերի ուղեկցությամբ, այնպես էլ շարունակվում են:

«Մենք այս ժամանակահատվածում աջակցություն ենք ստացել և´ հարսանիքի կազմակերպիչներից` 2000 դոլար, և´ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանից` 1000 դոլար, իսկ երբ Մարիան ծնվեց, մեզ գյուղից քաղաք կանչեցին և պարգևատրեցին ևս 2000 դոլարով: Շատ ուրախ ենք»,- ասում է Սիրանիկ Հայրապետյանը:

Անցած տարեվերջին, մեծ հարսանիքին մասնակից ընտանիքներում երեխաներ ծնվելու դեպքում, մեկ այլ բարերար` Ռուբեն Վարդանյանը, հանդես եկավ ընտանիքներին 2000-ական դոլար նվիրելու նախաձեռնությամբ:

Բարերարները, որոնք պարբերաբար շռայլում են իրենց ուշադրությունը և միջոցները, հայտարարել են, թե աջակցությունը շարունակական է լինելու, իսկ գումարներն աճելու են համապատասխանաբար յուրաքանչյուր ծնված նոր երեխայի դեպքում:

Մեծ հայկական հարսանիքի արդյունքում, ըստ վիճակագրական տվյալների, թեև պաշտոնապես ամուսնալուծվել է երեք զույգ, սակայն դրական տրամադրությունները գերիշխող են:

Ապրիլի  1-ի տվյալների համաձայն, հարսանյաց հանդեսի մասնակից զույգերից  451-ը կամ  67.8 % -ը երեխա է ունեցել:

Լեռնային Ղարաբաղի իշխանությունները գոհ են, որ վերջին տարիների ժողովրդագրության բարելավման ուղղված ռազմավարությունը և սոցիալական նոր խթանիչ նպաստների տարբեր ծրագրերը դրականորեն են անդրադարձել երկրի ծնելիության, ամուսնությունների աճի և մարդկանց տրամադրության վրա: Վիճակագրական տվյալների համաձայն` եթե 2007-ին Ղարաբաղում ծնվել է 2145, 2008-ին` 2418 երեխա, ապա 2009-ին այդ թիվը հասել է 2821-ի:

«Ինչը ողջունելի է»,- ասում է Ասծատրյանը` շեշտելով, որ ԼՂՀ-ի համար ժողովրդագրական վիճակի բարելավումը առաջնային է, որի նպատակով միջոցներ են ձեռնարկվում ամուսնությունների, ծնելիության, բազմազավակության խթանմանն ընդառաջ:

Ղարաբաղյան յուրաքանչյուր նորաստեղծ ընտանիքում, վերջին երկու տարվա ընթացքում իրականացվող ծրագրի շրջանակներում, առաջնեկի ծննդյան դեպքում պետական աջակցությունը կազմում է 1000 դոլար, երրորդ երեխայի ծննդյան դեպքում` 3000 դոլար, չորրորդ և հաջորդ երեխաների ծննդյան դեպքում` 4000 դոլար:

Սոցապահովության նախարարը նշել է, որ ամուսնությունների խրախուսման նպատակով 2008 թ. հունվարի 1-ից ներդրված ամուսնության նպաստի ծրագրի շնորհիվ` 2009 թ. ամուսնությունների թիվը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կազմել է 947:

«Ինչը, չհաշված 2008 թ. աննախադեպ ցուցանիշը`3057, անկախության ձեռքբերումից հետո ամենաբարձր ցուցանիշն է»,- ասում է նա:

Ղարաբաղի պետական բյուջեն, որը, ի տարբերություն մի քանի տարի առաջվա, բավական աճել է, արդեն երկու տարի է` ինչ երկրում առկա ժողովրդագրական և սոցիալական խնդիրների լուծմանն ուղղված հատուկ քաղաքականության արդյունքում ևս առաջընթաց է արձանագրել:

2009 թ. միայն սոցիալական պաշտպանությանն ուղղված ծախսերը կազմել են պետբյուջեի ծախսերի 27,2%-ը, մոտ 16,0 մլրդ դրամ` 2008 թ. համեմատ ավելանալով շուրջ 17,4%-ով, ընդամենը 5 տարի առաջ ԼՂՀ ամբողջ պետական բյուջեն կազմում էր մոտ 14,5 մլրդ դրամ:

«Կյանքը Ղարաբաղում փոխվում է դեպի լավը, և դա անդրադառնում է թե´ մարդկանց սոցիալական վիճակի, թե´ տրամադրությունների և թե´ ավելի շատ երեխաներ ունենալու վրա, ինչը հրաշալի է,- «Մեդիալաբին» ասում է Գոհար Հակոբջանյանը:

- Եվ պիտի ուրախությամբ նշեմ, որ ծնունդներն ավելանում են ոչ միայն նորաստեղծ առաջնածին, այլև արդեն մի քանի երեխա ունեցող ընտանիքներում»:

© Medialab.am