Խոշտանգումները Հայաստանում․ Աննախադեպ որոշումը հույսեր է առաջացնում

15-01-2019
281 դիտում
Խոշտանգումները Հայաստանում․ Աննախադեպ որոշումը հույսեր է առաջացնում

Հունվարի 8-ին Հայաստանի Վճռաբեկ դատարանը կայացրել է փաստացի աննախադեպ որոշում՝ ճանաչելով 2015 թվականին բանակից հոգեկան խնդիրներով տուն վերադարձած Արթուր Հակոբյանի՝ խոշտանգումներից զերծ մնալու իրավունքը։

Տարիներ շարունակ հայաստանյան հասարակական կազմակերպություններն ու իրավապաշտպաներն ահազանգել են բանակում, քրեակատարողական հիմնարկներում ու հատկապես ոստիկանությունում տեղի ունեցող խոշտանգումների մասին, սակայն մինչ այժմ չէր եղել դատական մի որոշում, որով հստակ կընդունվեր անձի՝ խոշտանգումներից զերծ մնալու հիմնարար իրավունքը։

Ընդհանուր առմամբ, սակայն, Հայաստանում առկա են խնդիրներ կապված ոչ միայն խոշտանգումների դեպքերի հետ, այլ այդ երևույթի նկատմամբ վերաբերմունքի ու այդ մասին օրենսդրական բացերի առկայության հետ։

Մասնավորապես, «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպության 2014 թվականի «Խոշտանգումները Հայաստանում» վերլուծությունում վեր են հանվում երկու հիմնական խնդիրներ՝ հենց օրենսդրական բացերի և հանրային ընկալումների հետ։

Այսպես, ինչպես նշվում է ՀԿ պատրաստած զեկույցում, Հայաստանի Քրեական օրենսգրքում «խոշտանգում» եզրույթը կիրառվում է սխալ, ինչի արդյունքում ՄԱԿ-ի Կոնվենցիայի իմաստով խոշտանգում կատարած անձինք կարողանում են խուսափել պատժից։

Բացի դա, օրինակ, խոշտանգում կատարած ոստիկանների դեպքում նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվում է աշխատանքից ազատվելուց հետո, ինչը ստեղծում է անպատժելիության որոշակի զգացում։ Զեկույցում, որպես խոշտանգումների կիրառմանը նպաստող գործոններ, առանձնացվել են նաև ոստիկանների մասնագիտական հմտությունների և գիտելիքների պակասը, օրենսդրական բացերը և իրավակիրառ պրակտիկայի խնդիրները, դատարանների ոչ հետևողական մոտեցումը խոշտանգումների մասին հայտարարությունները ՀՔԾ ուղարկելու հարցում, խոշտանգումների փաստերով արդյունավետ քննություն չիրականացնելը, մեղավորներին պատժի չենթարկելը և բողոք ներկայացնելու գործող մեխանիզմների նկատմամբ առկա թերահավատությունը։

Պակաս մտահոգիչ չէ մյուս խնդիրը՝ կապված հանրային ընկալումների հետ։ Այսպես, ինչպես նշվում է զեկույցում, խոշտանգումների դեմ պայքարում նշանակալի հաջողության չհասնելու պատճառներից մեկն էլ բնակչության հանդուրժողական վերաբերմունքն է հանցագործությունների բացահայտման համատեքստում խոշտանգումների կիրառման նկատմամբ։

Ինչպես ցույց են տվել 2013-2014 թվականներին կատարված հարցումները, ՀՀ ողջ տարածքում հարցվածների գրեթե մեկ երրորդը ընդունելի է համարում ոստիկանության կողմից խոշտանգումների կիրառումը, իսկ շուրջ 5 տոկոսն ընդհանրապես նորմալ է համարում այդ երևույթը։

Թեև Հայաստանում 2017-18 թվականներին խոշտանգումների հետ կապված իրավիճակի վերաբերյալ հրապարակված ուսումնասիրություններ դեռ չկան, այնուամենայնիվ, 2016 թվականին Հայաստանի հելսինկյան կոմիտեի և Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի զեկույցները վկայում են, որ խոշտանգումների դեպքերը շարունակում են տեղի ունենալ մեր երկրում։

Թեև վերը նշված ուսումնասիրությունները և զեկույցները վերաբերվել են հիմնականում ոստիկանություն կողմից իրականացված խոշտանգումներին, այդուհանդերձ, նախկին զինծառայող Արթուր Հակոբյանի գործով Վճռաբեկ դատարանի կայացրած որոշումը նախադեպային է բոլոր ոլորտների համար։ Իսկ թե ինչքանո՞վ արդյունավետ կլինի այս նախադեպը և ի՞նչ դրական արդյունքներ կգրանցի Հայաստանը՝ կերևա ոլորտում գործող իրավապաշտպան կազմակերպությունների հետագա զեկույցներում։

Վահե Ղուկասյան

uicarmenia.org