Տարակուսելի է, թե ինչո՞ւ է հայկական կողմը Եվրամիության անունից հայտարարություններ անում համաձայնագրի վավերացման ժամկետների մասին. քաղաքագետ

17-01-2019
875 դիտում
Տարակուսելի է, թե ինչո՞ւ է հայկական կողմը Եվրամիության անունից հայտարարություններ անում համաձայնագրի վավերացման ժամկետների մասին. քաղաքագետ

Եվրամիության բոլոր անդամ երկրների կողմից Հայաստան-Եվրամիություն համաձայնագրի վավերացման ուղղությամբ Հայաստանի դիվանագիտական կորպուսն առաջիկա ամիսներին պետք է լուրջ աշխատանք տանի: «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում է անում Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը:

Նա նշում է, թե չի կարծում, որ եվրոպական կողմից այսօր խոչընդոտներ կան համաձայնագրի վավերացման հարցում:

«Հակառակը, Եվրամիությունը շատ շահագրգիռ է, որ այդ համաձայնագիրը ամբողջ թափով սկսի գործել: Անհասկանալի են այս մասին հայկական կողմի հայտարարությունները»,- «Մեդիալաբին» ասում է Ստյոպա Սաֆարյանը:

Նշենք, որ Հայաստան-Եվրամիություն համաձայնագիրը լիարժեք գործողության մեջ է մտնելու այն պահից միայն, երբ ԵՄ անդամ բոլոր երկրներն այն կվավերացնեն: Առայժմ համաձայնագիրը համարվում է մասնակի ուժի մեջ մտած: Ստորագրումից մոտ մեկ տարի անց համաձայնագիրը վավերացրել են ԵՄ անդամ 28 երկրներից 9-ը՝ Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Լեհաստանը, Լյուքսեմբուրգը, Բուլղարիան, Ռումինիան, Դանիան և Միացյալ Թագավորությունը:

Օրերս ՀՀ ԱԺ նորընտիր նախագահ Արարատ Միրզոյանը լրագրողների հարցին ի պատասխան ասել էր, որ դժվար թե 2019 թվականի ընթացքում Եվրամիության բոլոր անդամ երկրները վավերացնեն Հայաստան-ԵՄ համաձայնագիրը:

«Գուցե շատ իրատեսական չէ այս տարի վավերացումը Եվրամիության բոլոր անդամ երկրների կողմից, բայց նաև հնարավորություն կա, եթե շատ լավ աշխատենք ու ջանքեր գործադրենք»,- ասել էր Միրզոյանը: Նա գործընթացի դանդաղումը կապել էր Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների հետ:

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը հարցադրում է անում՝ ինչո՞ւ է հայկական կողմը Եվրամիության անունից նման հայտարարություններ անում, ո՞վ է նման տեղեկատվություն տրամադրել Հայաստանի իշխանություններին: Նրա խոսքով՝ պետք է Հայաստանի Ազգային ժողովի նախագահը հստակեցնի՝ ո՞ւմ անունից է նման հայտարարություն անում:

«Եվրամիության ո՛ր երկիրն է ասել՝ հարգելի Հայաստանի գործընկերներ, մենք հաջորդ տարի չենք վավերացնելու: Այդ ո՛ր դեսպանն է նման զեկուցագիր ներկայացրել, թե այսինչ երկրում խոչընդոտներ կան, և համաձայնագիրը չի վավերացնելու»,- հարցադրում է անում քաղաքագետը:

Սաֆարյանը հիշեցնում է, որ Հայաստան-ԵՄ համաձայնագիրն ստորագրվել է 2017-ի նոյեմբերին: Ավելի քան մեկ տարի է անցել է ստորագրումից, և հիմա հայկական կողմը կասկած է հայտնում, որ առաջիկա մեկ տարում այն նույնպես չի վավերացվի:

«Այսինքն՝ համաձայնագիրն իր ամբողջ ծավալով չի մտնի գործողության մեջ այս տարի ևս: Հայկական կողմի այս հայտարարությունն արդեն իսկ մտահոգիչ է: Եկեք հասկանանք, որ առանց այն էլ այդ համաձայնագիրը ոլորտների մեծամասնության համար հստակ գործողության ծրագիր չէ, ինչպես ասոցացման համաձայնագիրը կամ խոր և համապարփակ ազատ առևտրի մասին համաձայնագիրը, որը ստորագրել են Վրաստանը, Ուկրաինան ու Մոլդովան»,- ասում է Սաֆարյանը:

Նրա խոսքով՝ եթե հաշվի առնենք նաև այն, որ առանց այն էլ արդեն նշաններ կան, որ Բրյուսելում այնքան էլ հիացած չեն Հայաստանի ներկայացրած ճանապարհային քարտեզով, ապա պատկերը շատ տխուր է դառնում: Նրա խոսքով՝ փոխանակ իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչը, տվյալ դեպքում՝ ԱԺ նախագահը, հայտարարի, որ հայկական կողմն ամեն ինչ կանի գործընթացն արագացնելու համար, հակառակ հայտարարություններ են արվում:

«Չեմ կարծում, որ Եվրամիության անդամ որևէ երկրում ընթացակարգերի առումով որևէ համաձայնագիր ստորագրելը մեկ տարուց ավելի ժամանակ է պահանջում: Փոխանակ գործընթացն արագացնելու աշխատանքների մասին խոսեն, ուղղակի Եվրամիության անունից հայտարարություններ են անում»,- հավելում է քաղաքագետը:

Ստյոպա Սաֆարյանը նկատում է, որ Հայաստանի նոր իշխանությունները հաճախ են վրիպումներ ու սայթաքումներ ունենում, դժվար է ասել՝ արդյոք սա՞ էլ էր սայթաքում:

«Նախորդ 7-8 ամիսների ընթացքում էլ իշխանությունները պետք է ակտիվ աշխատանք կատարած լինեին այդ ուղղությամբ: Դա արտաքին քաղաքականության որոշակիության խնդիր չէ, Հայաստանի կողմից արդեն ստորագրված փաստաթուղթ է, «Իմ քայլը» դաշինքը կարծես թե դա կասկածի տակ չի դրել: Հայաստանն ունի դիվանագիտական ներկայացուցչություններ ԵՄ անդամ բոլոր երկրներում: Կարելի էր ուղղակի այդ առաջադրանքը տալ դեսպաններին, որպեսզի դեսպաններն արագացնեին գործընթացը»,- հավելում է նա:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am