100.000 դրամանոց «մանդատը»

18-01-2019
2447 դիտում
100.000 դրամանոց «մանդատը»

Ունենք հերթական գումարման Ազգային ժողովը, որը 7-րդն է: Նախորդ գումարումների վեց Ազգային ժողովներն այլևս պատմություն են: Պատմություն են իրենց վատով ու լավով, արածով ու չարածով: Ոմանց անձի հանդեպ հասարակությունն արդեն ունի նոստալգիկ տրամադրություններ: Որոշներն իրենց անմտությամբ, մյուսները՝ խելացի երևալու անմեղ միտումով, զվարճանքի առիթներ էին ստեղծում հասարակության համար: Չի կարելի ասել, թե 7-րդ գումարման Ազգային ժողովը զերծ է մնացել նման գործիչներից:

Գործիչներից զատ, այս ԱԺ-ն ստացել է նաև կարգերի ու կանոնների մի ողջ ժառանգություն: Դրանցից մեկին՝ Երևանում տուն չունեցող պատգամավորների 100.000 դրամ փոխհատուցումներին էլ կուզենայի անդրադառնալ:

Հին Հռոմեական սենատում սենատորներն աշխատավարձ չէին ստանում: Գոնե դրա մասին հիշատակումներ չկային: Հանուն արդարության նշենք, որ սենատորներ էին դառնում հիմնականում հարուստ ու նշանավոր տոհմերի ներկայացուցիչները: Դա ամրապնդում էր նրանց ունեցած հասարակական դիրքը: Մյուս կողմից, մի տեսակ ամոթ էր փող ակնկալել՝ պետությանը ծառայելու համար:

Նոր Հայաստանում բոլորը բոլորից բարձր բղավում են, ավելին՝ այդ մասին չեն զլանում ճոխ ու երկար գրել իրենց դիմամատեանների պատին, որ ծառայում են Հայաստանի Հանրապետությանը:

Արդարության դեմ չմեղանչելու համար ասենք, որ ներկայիս ԱԺ-ն աչքի չի ընկնում օլիգարխների ներկայությամբ: Տեսա՞ք, վրիպեցի: Մոռացել էի, որ հատուկ կոնդակով Հայաստանում այլևս օլիգարխներ չկան:

Ինչևէ, վերադառնանք խեղճ պատգամավորների տան վարձերին: Նախկինում այդ գումարը 45.000 դրամ էր: Աճեց ու դարձավ 100.000 դրամ: Իհարկե, վերջնական թիվը որոշում է ԱԺ նախագահը: Մարզերից եկած մի քանի պատգամավորներ արդեն հայտարարել են, որ դիմելու են այդքան անհրաժեշտ միջոցը ստանալու համար:

Մի քանիսը դեռ երկմտում են: Խեղճ լինեն մարդիկ: Բայց իրոք, եկեք նայենք նրանց դիտանկյունից: Ամբողջ օրը ԱԺ դահլիճում նստած դանթում են, տիտանական աշխատանք են կատարում էներգիան կենտրոնացնելու համար:

Իսկ էներգիան կենտրոնացնում են, որպեսզի օրենսդիր երազներ տեսնեն: Այո, սիրելի ընթերցող, նրանցից ոմանք հենց դրա համար են դանթում, որ քնի մեջ Սողոմոն իմաստունն այցելի և օրենքներ գթա մեզ:

Հարդյունս՝ մենք կապրենք երջանիկ և իրավական Հայաստանում: Ներեցեք, բացի դանթելուց էլի մի բան են անում: ԱԺ բուֆետ են գնում: Ասում են, շատ արդար ու էժան բուֆետ է: Ես ինքս չեմ եղել, բայց եղած մարդիկ տպավորված են: ԱԺ դահլիճում դեռ տաք է: Մի կերպ կարելի է ցերեկներն անցկացնել: Նիստը վերջացավ: Ի՞նչ են անելու այդ մարդիկ: Հո դրսում չեն մնալու: Բնական է, որ մի տաքուկ անկյուն է անհրաժեշտ, ազգիս համար մտածելու: Էդ դեպքում 100 չէ, 200 հազարն էլ է քիչ:

Իսկ այժմ, ըստ էության: Պատգամավորն ստանում է շուրջ կես միլիոն դրամ աշխատավարձ: Առնվազն չորս անգամ շատ, քան ՀՀ քաղաքացու միջին աշխատավարձն է: Հինգ տարի պաշտոնավարած պատգամավորը հետագայում ստանալու է մի քանի անգամ ավելի թոշակ, քան ես և դուք, հարգելի քաղաքացիներ: Իսկ ո՞ւմ հաշվին: Չեմ ասի, բոլորին էլ պարզ է:

Խռովք է պատճառում հատկապես այն հանգամանքը, որ մի քանիսը, ովքեր պատրաստվում են դիմում ներկայացնել կամ երկմտում են, գրանցել են մի քանի անշարժ գույք, ավտոմեքենա կամ ավտոմեքենաներ, դրամական միջոցներ, որոնք ՀՀ միջին վիճակագրական քաղաքացին պարզապես չունի:

Մի քանիսն ունեն բիզնեսներ կամ եկամուտներ են ստանում, այսպես ասած, փոխառություններից: Ժողովրդական լեզվով ասած՝ ձեռքերը քարի տակ չէ: Առաջարկում եմ նաև չսահմանափակվել այդ 100.000 դրամն ուզելով:

Կարելի է լրացուցիչ հատկացումներ անել՝ 50 կամ 100 դրամանոցների տեսքով: Կարող է մարդիկ Օպերայի տարածքում մեր մասին մտածելով ճեմեն ու բնական կարիք ունենան: Իսկ լավագույն մտքերը, ինչպես հայտնի է, առաջանում են արտաքնոցներում: Սրան հակակշիռ, Օպերայի տարածքի բոլոր զուգարանները վճարովի են: Աշխատենք, որ թեթևացնենք մեր պատգամավորների սոցիալական բեռը:

Երբ ասում ենք՝ պետական ծախսերի կամ հաստիքների ուռճացվածություն, ապա նկատի չունենք միայն անհողդողդ սուրճ դնողներին, կիսապարապ սիրուհիներին և այլն: Նկատի ունենք նաև այսպիսի ծախսերը՝ սկսած ծառայողական մեքենաների քանակից, վերջացրած նման հատկացումներով: Բայց ես կարծում եմ, որ ԱԺ նորընտիր նախագահ Արարատ Միրզոյանը հումորով կգտնվի և գումարը կսահմանի ըստ քառօրյաների:

Հ. Գ. Տեքստում տեղ գտած սարկաստիկ մտքերը բնավ չեն վերաբերում այն պատգամավորներին, ովքեր ԱԺ-ում հստակ գիտեն իրենց անելիքները:

Վահրամ Թոքմաջյան

MediaLab.am