«Մտավորականության զգալի մասը չի գալիս հրապարակ, որովհետև ամեն ինչ ծաղրախաղի է վերածվում». Լևոն Մութաֆյան

05-04-2013
381 դիտում
«Մտավորականության զգալի մասը չի գալիս հրապարակ, որովհետև ամեն ինչ ծաղրախաղի է վերածվում». Լևոն Մութաֆյան

Ընտրություններից հետո Հայաստանում ձևավորված շարժումը ծրագիր չունի, հետևաբար տարերային ընթացքը կբերի տարերային մարման. այս համոզմանն է թատերագետ Լևոն Մութաֆյանը, ով կարծում է, որ ապրիլի 9-ին մարդկանց ընդամենը կոչ կարվի ամեն ինչ կենտրոնացնել Երևանի ավագանու ընտրությունների շուրջ:

«Իշխանություններն արդեն պարզ հասկացրել են, որ ոչ մի զիջման էլ չեն գնալու: Զիջում նշանակում է ընդունել, որ տեղի են ունեցել ընտրախախտումներ, մինչդեռ մի՞թե իշխանությունը դա կհաստատի: Ես Ազատության հրապարակում կուզեի ծրագիր տեսնել, ոչ թե ամբոխավարություն, այլ ճշմարիտ գաղափարական պայքար, ինչը չկա»,- «Մեդիալաբին» ասում է Մութաֆյանը: Նա նշում է, որ ժողովրդին հերթական անգամ հիասթափեցրին ու խաբեցին:

«Եթե «խաբել» բառը կոպիտ է հնչում, ներողություն եմ խնդրում, սակայն իրականում այդպես է: Ժողովուրդն այս անգամ հավատացել էր արթնացումին, երկրում նոր իրավիճակ ստեղծելու տեսլականին: Սակայն նա եկավ հրապարակ, ու նրան հրամցրեցին քաղաքական անհաջող թամաշա՝ իշխանության կողմից ներդրված ականների մասնակցությամբ, մի քանի ռոմանտիկ դրսևորումներով: Ժողովուրդը սպասում էր գործողությունների ծրագիր, իսկ նրան ընդամենը տվեցին հուզական թատերախաղեր»,- ասում է Մութաֆյանը:

Թատերագետը հիշեցնում է, որ ժողովուրդը միշտ էլ պատմության շարժիչ ուժն է եղել, մինչդեռ նմանօրինակ գործելաոճով ժողովրդին վերածեցին պասիվ զանգվածի, նրան օգտագործեցին այն բանի, որ ձևավորեն ավագանու համամասնական ցուցակը:

«Ես ելույթ ունեցա Ազատության հրապարակում, իմ ելույթի մաս կազմող մի քանի առաջարկություններին տեղյակ էին իշխանությունները, և, անկեղծ ասած, որոշակի վերաբերմունք էր ձևավորվել: Ես սպասում էի, որ իմ առաջարկությունները կքննարկվեն նաև Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից, գուցե դրանցից բխող առավել կառուցողական քայլեր մշակվեին, սակայն ամեն ինչ անցավ զգացմունքայնության քողի տակ»,- նշում է նա: Մութաֆյանն ասում է, որ սա է պատճառը, որ մտավորականության զգալի մասը չի գալիս հրապարակ, չի կանգնում ժողովրդի կողքին, չի ուզում մաս կազմել գործընթացներին, որովհետև ամեն ինչ ծաղրախաղի է վերածվում:

Հիշեցնենք, որ Լևոն Մութաֆյանը, ելույթ ունենալով Ազատության հրապարակում անցկացված հանրահավաքներից մեկում, ասել էր, որ յոթ ուղերձ է հղել գործող նախագահին, ի թիվս որոնց թատերագետն առաջարկում է ձևավորել ազգային համաձայնության կառավարություն ու ազգային համերաշխության կլոր սեղան: Նա նշել էր, որ իր ուղերձը տեղ է հասել իշխանություններին, բայց նրանք լռում են, քանի որ խուճապի մեջ են:

Մարի Ներսեսյան

© Medialab.am