Ռոբերտ Քոչարյան. Վերջին հույսի ցինիկը

21-01-2019
4715 դիտում
Ռոբերտ Քոչարյան. Վերջին հույսի ցինիկը

Նայեցի ռուս լրագրող Ռոման Բաբայանի «Գործ N Մարտի 1»-ը: Ցնցված եմ:

Այդ ֆիլմը նկարահանվել է այն ընկալումով, որ այդ օրերի ժամանակակիցները չկան: Բոլորը մեռել են: Ե՛վ Ռոբերտ Քոչարյանը, և՛ Նիկոլ Փաշինյանը, և՛ առաջին նախագահը, և՛ մարտի 1-ի զոհերի հարազատները, և՛ Արամ Մանուկյանը, և՛ ժողովուրդը, և՛ Սասուն Խաչատրյանը, և՛ Յուրի Խաչատուրովը:

Էս մարդիկ զոհերին ու ապրողներին դրել են նույն գերեզմանում: Կենդանի մնացածը միայն իրադարձությունների հետ ոչ մի կապ չունեցող «պատմաբան-լրագրող» Ռոման Բաբայանն է ու նկարահանող խումբը: Իրենց էլ հաջողվել է անհերքելի պատմական փաստեր պեղել մեր թվարկությունից առաջ տեղի ունեցած իրադարձություններից, որոնց մասին հրապարակային ոչ մի տվյալ գոյություն չունի: Մարդիկ ուղղակի նոր Մարտի 1-ի գործ են ստեղծել:

Ֆիլմը նկարահանված է վերջին հույսի ցինիզմով: Փրփուր չի մնացել, որից հնարավոր չէ կառչել: Կառչել են, ուշադրությո՛ւն, Մարտի 1-ի զոհերի հարազատներից, նրանց ստիպել են խաղալ ըստ մտահղացման: Այսինքն՝ ներկայացեք, ասեք ով եք: Իրենց որդիների և ամուսինների գերեզմանների մոտ:

Եվ ինչո՞ւ է սա ցուցադրել հայկական հեռուստալիքը: Անմեղության հա՞րց է լուծել Ռոբերտ Քոչարյանը, որը ֆիլմի առանցքային դեմքն է: Մարդն ասում է, որ վարչապետը նստել է մարտի 1-ի դեպքերին մասնակցության համար: Պրիմիտիվ հնարք: Հիմա էլ դուք եք նստած:

Ուշադրությո՛ւն՝ հենց ձեր սարքած դատական համակարգի վճռով: Հիմա ձեզնից որի՞ նստածն է ըստ արածի: Այս ֆիլմում այնպիսի անճշտություններ և անբարոյականության հետ նույնիսկ լեզու չգտնող դրվագներ կան, որ քիչ է մնում վազես հայելու մոտ հասկանալու համար՝ հո դու իսկապե՞ս ավանակ չես: Փետրվարի 26-ի հանրահավաքն ինչո՞ւ եք հիշում, եթե չեք ասելու, որ այդ օրը Սերժ Սարգսյանի «ժողովուրդը» միացավ Լևոն Տեր-Պետրոսյանի ժողովրդին:

Այս ֆիլմի անբարոյական կողմերի մասին բոլորը խոսել են, բայց, տղե՛րք, 2008-ին դուք չեղած զենքեր էիք հայտնաբերում, ընդդիմության դիպուկահարներին ինչպե՞ս չեք հայտնաբերել: Դուք փաստորեն ակնարկում եք, որ ընդդիմությո՞ւնն է սպանել 10 հոգու: Կամ, գոնե՝ մեկ-երկուսին:

Դուք իսկապե՞ս Դարվինից էլ բեթար եք համոզված, որ Աստված չկա, կադրեր եք գողանում «Հայաստանի կորսված գարունը» ֆիլմից (հեղինակային իրավունքի մասին ռսահայ «պատմիչը» ոչինչ չի՞ լսել), Գոռ Քլոյանի հոր խոսքն եք մոնտաժում: Նա հո ձեզ ասե՞լ է, որ իր որդու սպանության իրական մեղավորը Ռոբերտ Քոչարյանն է:

Նույնիսկ եթե այդպես չէ, ասել է մարդը: Էլ ինչի՞ եք նկարահանել էդ ֆիլմը, եթե էնտեղ կոնկրետ անուն է հնչում կոնկրետ տուժողից, ու էդ անունը չկա: Պապից ավելի կաթոլիկներ ամբողջ աշխարհում են սփռված, նույնիսկ՝ մահմեդական երկրներում կարելի է գտնել նրանց, բայց աթեիստից ավելի աթեիստ միայն դուք եք:

Տղե՛րք, ես մի քանի բերանով կարող եմ հայտարարել, որ Ռոբերտ Քոչարյանը կապ չունի մարտի 1-ի հետ, զուտ իբրև անձնական համոզմունք:

Բայց ես չեմ կարող փաստերը շուռ տալ: Ես չեմ կարող դա ասել մարտի 1-ի զոհերի հարազատներին, առավելևս՝ չեմ կարող իմ ներքին համոզմունքը շաղ տալ զոհերի շիրիմներին:

Դուք հասկանո՞ւմ եք, թե ինչքան հեռու եք գնացել: Ռոման Բաբայանն ի՞նչ կապ ունի մարտի 1-ի ճշմարտության հետ: Խորենացի՞ եք գտել: Հիմա պատկերացնո՞ւմ եք՝ մարտի 1-ի հետաքննական մարմինը ձեր ոճով նախաքննություն անի: Գուցե ընտանիքներով նստեք: Անբարոյականությունը, գիտենք, սահմաններ չունի: Ինչպես դուք եք ընդդիմության դիպուկահարներ գտել էս գործում, այնպես էլ ՀՔԾ-ն կարող է կորցնել իրականության և իրավունքի զգացումը:

Դուք շատ հեռու գնացիք: Մեր մեջ ասած, այդ ֆիլմից այնպիսի տպավորություն ունեի, թե թուրքերը մանրամասն «փաստարկում» են, թե ինչպես 1915-ին չեն սպանել հայերին:

Մհեր Արշակյան

MediaLab.am