«Ռոբերտ Քոչարյանը բոլոր հնարավոր միջոցները գործադրելու է, որ պատասխանատվությունից խուսափի, ներառյալ փաստեր խեղաթյուրելը». Արթուր Սաքունց

23-01-2019
839 դիտում
«Ռոբերտ Քոչարյանը բոլոր հնարավոր միջոցները գործադրելու է, որ պատասխանատվությունից խուսափի, ներառյալ փաստեր խեղաթյուրելը». Արթուր Սաքունց

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը:

- Պարո՛ն Սաքունց, օրերս երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անվան հետ կապվող հեռուսաալիքներից մեկով ցուցադրվեց Մարտի մեկի դեպքերի մասին ֆիլմ, որը, ըստ մամուլի հրապարակումների՝ նկարահանվել է Քոչարյանի ֆինանսավորմամբ: Ե՛վ մասնագետները, և՛ ֆիլմում նկարահանված անձանցից ոմանք այն համարում են միակողմանի: Ըստ ձեզ, ի՞նչ նպատակ է հետապնդում այս ֆիլմը:

- Բնականաբար, Ռոբերտ Քոչարյանը բոլոր հնարավոր միջոցները՝ իրավական, ոչ իրավական, տեղեկատվական, գործադրելու է, որ պատասխանատվությունից խուսափի: Իսկ պատասխանատվությունից խուսափելու միակ ճանապարհը փաստերը խեղաթյուրելն է: Նպատակն է՝ հանրային այն կարծիքը, որը ձևավորված է կոնկրետ օբյեկտիվ փաստերի վրա, փոխել փաստերի կեղծման կամ խեղաթյուրման միջոցով:

Այսինքն՝ այստեղ պրոպագանդիստական բավական լուրջ աշխատանք է տարվում հանրային ընկալումների առումով: Եվ սա շատ ուշագրավ է երկու տեսանկյունից: Մեկն այն է, որ դրանով իրապես ցույց է տրվում, որ Ռոբերտ Քոչարյանն ունի բավական լուրջ ռեսուրսներ, լուրջ հնարավորություններ: Եվ, իհարկե, բացի իրենից, անկախ այն բանից՝ ինքը կգտնվի կալանքի տակ, թե ոչ, կա մի համակարգ, որն ունի բավական լուրջ ռեսուրսներ ու գործում է: Եվ այս առումով իրապես ինքը կարող է ազդել և՛ հանրային տրամադրությունների վրա, և՛ որոշ կարևոր, հանգուցային նշանակություն ունեցող անձանց վրա: Նաև կարող է ակնկալել միջազգային որոշակի աջակցություն Կրեմլից:

Իսկ մյուս հանգամանքն այն է, որ Մարտի մեկի քրեական գործով՝ զինված ուժերի ներգրավվածության, սահմանադրական կարգը տապալելու այդ հոդվածով հարուցված գործով Ռոբերտ Քոչարյանը տարիներ շարունակ բավական հանգիստ է եղել՝ մտածելով, որ իրենց իշխանությունը հավերժ է լինելու: Անկախ այն հանգամանքից, որ Սերժ Սարգսյանի հետ նրանք տարաձայնություններ ունեին, այդպես է մտածել:

Քոչարյանը մատը մատին չի խփել, որպեսզի մարտի մեկից հետո աներ այն, ինչ հիմա անում է: Նա չի փորձել նախկինում հանրային կարծիքը փոխել կամ հանրային կարծիքի վրա ազդեցություն ունենալ: Սա նշանակում է, որ այդ մարդը իրապես իրեն բավական անպատժելի է զգացել, ապահովագրված է զգացել, որ Հայաստանում ընդհանրապես ոչինչ չի փոխվելու, և ավտորիտար կառավարումը շարունակվելու է, որ Մարտի մեկը երբևէ իրավական գնահատական չի ստանալու:

Դա շատ հետաքրքիր բացահայտում է, որովհետև եթե նա նման մտահոգություն ունենար, որն այսօր է ցուցաբերում, հենց 2008 թվականի մարտի մեկից հետո հանրային իրազեկման աշխատանքներ կտաներ տարբեր ոլորտներում: Այս երկու գործոններից պետք է եզրահանգում կատարենք, թե իրապես ինչպիսի հրեշավոր համակարգի հետ մենք գործ ունենք, նրանք ենթադրել են, որ իրենք պետք է հավերժ լինեն: Եվ նրանց անպատժելիության երաշխիքը հանդիսացել է ավտորիտար կառավարման համակարգը:

- Որոշ հրապարակումների համաձայն, Քոչարյանը ֆիլմի ռեժիսորին 100 հազար դոլար գումար է տվել: Այսինքն՝ այն, որ նա այդքան մեծ ռեսուրսների է տիրապետում, ռիսկե՞ր է ստեղծում, որ եթե կալանքից ազատվի, կարող է մեծ ազդեցություն ունենալ գործի վրա:

- Դա շատ տեղին հարց է, և ասեմ, որ երբ բազմիցս խոսվում է կոռուպցիոն հանցագործությունների մասին, սա նշանակում է, որ ընդհանրապես ավտորիտար կառավարման և կոռուպցիոն անպատժելի համակարգի իրավական գնահատականին ամբողջապես կարելի է հասնել ոչ միայն առանձին հանցագործությունների ուղղությամբ աշխատանք տանելով, այլ նաև հենց կոռուպցիոն հանցագործությունները բացահայտելով:

Մենք գիտենք Երևանի կենտրոնում պետական կարիքների համար այդ տարածքների իրացումը, որը եղել է Քոչարյանի կառավարման տարիներին: Կոռուպցիոն բազմաթիվ հանցագործությունների բացահայտումը և նաև կոռուպցիոն ճանապարհով ստացված եկամուտների վերադարձ բյուջե՝ դրանք են այն հիմնական աշխատանքները, որպեսզի այդ հանցագործությունները կատարած անձինք զրկվեն հանցավոր միջոցներով իրենց պաշտպանությունն իրականացնելու հնարավորությունից: Քոչարյանը կարող է շատ ազատ օգտվել հանրային պաշտպանի ինստիտուտից, ինչպես շատ քաղաքացիներ:

- Կարո՞ղ ենք ասել, որ Մարտի մեկի գործի բացահայտումը նոր փուլ է մտնում, այդ պատճառով է Քոչարյանն անհանգստացած:

- Ես տվյալներ չունեմ, թե Մարտի մեկի գործն ինչ փուլ է մտնում, բայց ինձ համար ուշագրավ մի երևույթի հանդիպեցի սոցիալական ցանցերում: Եթե մեկ ամիս առաջ նման գրառումներ չկային, հիմա արդեն բազմաթիվ են գրառումները, որ այն ժամանակվա զինծառայողները վկայություններ են տալիս: Նրանք վկայություններ են տալիս, որ իրենց ու իրենց սպաներին այդ դեպքերի ժամանակ տեղափոխել են Երևան: Այսինքն՝ այս միտումը չկար նախկինում, և սա խոսում է այն մասին, որ այլևս այն զսպվածության վիճակը կամ գաղտնապահության վիճակը, որը կար, այլևս հաղթահարված է, և մարդիկ արդեն պատրաստ են վկայություններ տալու:

Այն, ինչ ես բազմիցս եմ նշել, հետևյալն է՝ Մարտի մեկի հանցագործությունը մեկ անձի կողմից և մի քանի անձի նկատմամբ կատարված հանցագործություն չէ: Դա հանցագործություն է, որը կատարվել է բոլորիս աչքի առաջ և բոլորի նկատմամբ: Եվ բազմաթիվ վկաներ կան, որոնք անմիջականորեն ներկա են եղել այդ մեխանիզմների կիրառմանը, ես նկատի ունեմ թե՛ պաշտոնատար անձանց, թե՛ հատկապես զինծառայողներին, նրանք պետք է վկայություններ տան: Վերջին հաշվով պետք է ամբողջությամբ աջակցել այս հանցագործության ոչ միայն բացահայտմանը, այլ նաև իրավական գնահատական տալուն: Եվ ուշագրավ միտում է, որ մարդիկ արդեն վկայություն են տալիս, թե երբ ինչ հրաման են ստացել, ինչ են տեսել, ինչն էլ գալիս է ապացուցելու զինված ուժերի ներգրավվածությունը, այդ թվում՝ ԼՂՀ:

- Այդ ֆիլմում վկայություններ կան, որ իբր մարդիկ են անկարգություններ արել, անհայտ դիպուկահարներ են կրակել և այլն: Այս տեղեկությունները կարո՞ղ են ինչ-որ կերպ ազդել գործի քննության վրա:

- Դիպուկահարների մասին ի սկզբանե էր խոսք գնում: Եվ եթե իրենք ցանկանային կամ ուզենային, ապա ունեին բավարար ռեսուրսներ այդ դիպուկահարներին բացահայտելու: Ուրեմն իրենք լավ գիտեն այդ դիպուկահարներին, որ չեն բացահայտել: Եվ իրենց չբացահայտածը հիմա փորձում են որպես հակափաստարկ ներկայացնել, դա ուղղակի ծիծաղելի է: Ռոբերտ Քոչարյանը և իր թիմը ավելի շատ գիտեն, թաքցրել են և հիմա իրենց թաքցրած տեղեկատվությունը, որը ժամանակին չեն բացահայտել, որպես հակափաստարկ են օգտագործում՝ սեփական պատասխանատվությունից խուսափելու համար: Բայց դա չի կարող դեր խաղալ գործի բացահայտման համար:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am