«Նրանք իշխանության են եկել հեղափոխական ճանապարհով, հետևաբար ժողովուրդը նրանցից պահանջում է հեղափոխական վարք»․ Արա Պապյան

25-01-2019
1469 դիտում
«Նրանք իշխանության են եկել հեղափոխական ճանապարհով, հետևաբար ժողովուրդը նրանցից պահանջում է հեղափոխական վարք»․ Արա Պապյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:

- Պարո՛ն Պապյան, վերջին օրերին բուռն քննարկվում է տարբեր գերատեսչություններում պարգևավճարների հարցը: Մարզպետներն իրենք իրենց են պարգևատրել, ՊԵԿ-ում ու Երևանի քաղաքապետարանում հսկայական գումարներ են ծախսվել հավելավճարների ու պարգևատրումների համար, այդ թվում՝ ղեկավար կազմի: Ինչպե՞ս եք գնահատում այս իրավիճակը:

- Ես ուզում եմ Հայաստանի իշխանություններին հիշեցնել, որ իրենք իշխանության են եկել հենց հեղափոխական ճանապարհով, հետևաբար ժողովուրդը նրանցից պահանջում է հեղափոխական վարք, այն է՝ չկրկնել նախկինների արատավոր վարքը: Հիմա ո՞րն է այդ արատավոր պարգևավճարների ու 13-րդ աշխատավարձի հետ կապված հարցը: Ես կարծում եմ, որ աղմուկը բարձրացավ, որովհետև ակնհայտ էր, որ պարգևատրվածների ճնշող մեծամասնությունը հայաստանյան չափանիշներով շատ բարձր աշխատավարձ ստացող մարդիկ են:

Եթե մարզպետարաններն այդ պարգևատրումները տված լինեին իրենց ենթակայությամբ գտնվող դպրոցներին, քաղաքապետարանը՝ իր ենթակայությամբ գտնվող պոլիկլինիկաների աշխատակիցներին և այլն՝ այլ հարց է: Այսինքն՝ եթե պարգևատրեին մարդկանց, ովքեր 100-120 հազար դրամ աշխատավարձ են ստանում, չեմ կարծում, որ նման աղմուկ կլիներ:

Այո՛, դա կընկալվեր որպես նախկին իշխանության կողմից ներդրված արատավոր համակարգից հեռացում, երբ 500-700 հազար դրամ աշխատավարձ ստացող մարդիկ իրենք իրենց պարգևատրում են մեկ կամ երկու աշխատավարձի չափով: Բայց այսօր իշխանությունները նաև խորամանկ քայլի են դիմում, իրենց բացատրություններում այդ գումարին տարբեր անվանումներ են տալիս՝ հավելավճար և այլն: Գիտե՞ք՝ այդ անունները ոչինչ չեն փոխում, ի վերջո ժողովուրդը հասկանում է, որ իր գրպանից, այսինքն՝ հարկատուի վճարած փողերն են դրանք: Այսինքն՝ սա մի ցուցանիշ էր, որ ժողովուրդն այս վարքի մեջ չտեսավ հեղափոխական փոփոխություն:

Երկրորդ՝ այն վկայակոչումները, որ իբր օրենքով են այդ պարգևատրումները, շատ ավելի վատ է: Այսինքն՝ նախկին իշխանությունը, որի դեմ այս իշխանությունը պայքարել է, ստեղծել է այնպիսի օրենքներ, որոնցով ամրագրել է անարդարությունը: Եվ հիմա հենց այդ օրենքները պետք է փոխվեն նոր իշխանության կողմից: Անարդար է, որովհետև, օրինակ՝ ուսուցիչները չեն ստանում 13-րդ աշխատավարձ, իսկ որոշ պետական ծառայողներ, որոնք համեմատաբար բարձր են վարձատրվում, ստանում են: Թոշակառուների մասին էլ չեմ խոսում:

Հետո՝ ինձ համար խիստ մտահոգիչ են այն բացատրությունները, որ մենք այս մարդկանց շատ ենք վճարում, այսինքն՝ պարգևատրում ենք, որպեսզի կաշառք չվերցնեն: Դա անտրամաբանական հիմնավորում է, նաև հակաօրինական ու հակասահմանադրական է նման բացատրությունը:

Նույն տրամաբանությամբ պետք է ասենք՝ եկեք բժշկին շատ վճարենք, որ նա հանկարծ հիվանդին դիտավորյալ սխալ բուժում չնշանակի, զինվորականին շատ վճարենք, որ չդավաճանի, չանցնի թշնամու կողմը, լրագրողին շատ վճարենք, որ պատվերով հոդված չգրի: Այսինքն՝ սա անտրամաբանական բացատրություն է:

Այն պաշտոնյաները, ովքեր համաձայնել են ստանձնել պաշտոններ, իրենք գիտեին այդ աշխատավարձերի չափը, գիտեին այդ աշխատաժամանակը, իրենց պարտականությունները: Որևէ մեկը նրանց չի պարտադրել, որ գային այդ պաշտոններին: Չէին ուզում՝ թող չգային, հիմա էլ կարող են հրաժարական տալ: Նրանց փոխարեն թող գան մարդիկ, ովքեր պատրաստ են 400 կամ 600 հազար դրամով աշխատել:

- Այսինքն՝ պետք է վերանայվի՞ այս համակարգը, նոր մոտեցումնե՞ր պետք է մշակվեն այս հարցում:

- Կարծում եմ՝ նախ վարքագիծը պետք է վերանայվի, և բոլոր հղումները, թե նախկինում այսպես էր, մեկընդմիշտ պետք է վերանա: Թե ինչպես է եղել նախկինում՝ դա մերժվել է, և մերժված իրավիճակը չի կարող կիրառվել ներկայի, առավել ևս՝ ապագայի համար:

Երկրորդ՝ այո՛, ես սկզբունքորեն կողմ եմ պարգավճարներին, բայց արմատապես պետք է փոփոխվի դրա սանդղակը: Այսինքն՝ նախ այդ թիրախային խումբը պետք է հստակեցվի, թե ում պետք է հատկացվեն պարգևավճարները: Որևէ կառույցին հատկացվող պարգևավճարների մոտ 70 տոկոսը պետք է ուղղվի մինչև 120 հազար դրամ աշխատավարձ ստացողների խմբին:

Թող համապատասխան ղեկավարությունը որոշի, թե այդ գումարը այդ խմբի որ անձանց է գնում: Թող արդար լինի, այնպես չլինի, որ բոլորը ստանում են միանման աշխատավարձ՝ և՛ աշխատողը, և՛ չաշխատողը: Բայց պետք է որոշակի թիրախային խմբեր առանձնացվեն: Մենք մոռանում ենք մի շատ կարևոր հանգամանք. մենք սահմանադրորեն սոցիալական պետություն են, այսինքն՝ պարտավոր ենք սոցիալական բեռի մի մասը վերցնել մեզ վրա: Բա ինչո՞ւ ենք հարկեր վճարում, եթե պետությունը չպետք է իր այդ պարտականությունները կատարի:

Այսօր ըստ էության մի զգալի մասով պետությունը չի կատարում իր պարտավորությունները: Թիրախային և նպատակային վերաձևակերպումները պետք է ամրագրվեն օրենքով, պետք է վերանայվի այդ ամբողջ համակարգը: Մյուս կողմից նաև պետք է հստակ լինի, որ անգամ բարի նպատակի համար օրենքի խախտումն անընդունելի է: Օրենքով հստակ է, որ առնվազն վեց ամիս աշխատողին պետք է տրվի պարգևավճար, իսկ պարգևատրվածների մեջ մարդիկ կան, ովքեր ընդամենը երկու-երեք ամիս են աշխատել: Այդ ի՞նչ հերոսական աշխատանք են կատարել, որ իրենք իրենց պարգևներ են տալիս:

- Այդ տեղեկատվությանը զուգահեռ տեղեկություն կա, որ վարչապետի աշխատակազմի մեքենաները կտրուկ կկրճատվեն: Ինչպե՞ս եք գնահատում այս քայլը:

- Ցանկացած պետություն, բնականաբար, պետք է ձգտի երկու ուղղությամբ աշխատանք տանել: Այդպես է նաև ընտանիքում, հատկապես եթե դու շատ հարուստ չես: Առաջինը՝ եկամուտների բարձրացումն է: Պետությունը պետք է աշխատի հնարավորինս խիստ և արդար հավաքագրել հարկերը, մաքսերը և այլն: Երկրորդ՝ պետք է կրճատել ծախսերը: Բայց այստեղ ուզում եմ շեշտել, որ խոսքը ոչ նպատակային ծախսերի մասին է: Հիմա կարելի է ենթադրել, որ, այո՛, ուռճացված է ավտոպարկը, 50 մեքենայից 7-ն են թողնում:

Իսկապես դա ուռճացված է: Ես աշխատել եմ արտաքին գործերի նախարարությունում, այնտեղ, բացի նախարարից և փոխնախարարից, մյուսները ծառայողական մեքենաներ չունեին, բայց մենք մեր աշխատանքն անխափան իրականացնում էինք: Ի վերջո պետք է հասկանալ, որ ամբողջ աշխարհում ընդունված կարգ կա՝ մի քանի մեքենա ընդհանուր դրվում է բոլորի օգտագործման տրամադրության տակ, և եթե որևէ մեկին պետք է այդ մեքենան, հայտ են ներկայացնում ու օգտվում: Այսինքն՝ այդ հին սովետական ձևը, որ ամեն ղեկավար իր մեքենան ու վարորդը պետք է ունենա, դրանից պետք է հրաժարվել:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am