«Ինձ դարձրել են քաղբանտարկյալ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով»․ Ռոբերտ Քոչարյանի նամակը՝ կալանավայրից

25-01-2019
805 դիտում
«Ինձ դարձրել են քաղբանտարկյալ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով»․ Ռոբերտ Քոչարյանի նամակը՝ կալանավայրից

Դեկտեմբերի 7-ից կալանքի տակ գտնվող Ռոբերտ Քոչարյանը կալանավայրից ուղերձ է հղել, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ։

«Մի քանի բառով ասեմ իմ, այսպես կոչված, «գործի» մասին: Ամեն գնով, օրենքի բռնաբարմամբ ու դատական համակարգի մեջքը կոտրելով՝ ինձ կալանքի տակ և այդպիսով քաղաքական կյանքից մեկուսացված պահելը անհեռանկար զբաղմունք է: Արդյունքում ինձ դարձրել են քաղբանտարկյալ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: Մի քանի արկածախնդիրների կողմից սարքված այս գործը ոչ թե քանդվելու է ապագայում, այլ արդեն իսկ քանդվել է:

Շարունակում եմ այն իրավաբանական աղբ համարել: Դրա ամեն մի դրվագը մեր պատմության մեջ խայտառակ մի էջ է դառնալու և, ցավոք, այդպիսին է մնալու անկախ այն հանգամանքից, որ դրա բոլոր հեղինակներն ու կատարողները պատժվելու են օրենքի ողջ խստությամբ:

Ուզում եմ չկասկածեք՝ բանտարկությունը չի կարող ինչ-որ կերպ ընկճել ինձ, ստիպել հրաժարվել քաղաքական գործունեությունից, որքան էլ որ նման հույսեր փայփայեն գործող իշխանությունները: Շնորհակալ եմ ձեզ` իմ բոլոր զինակիցներին ու կողմնակիցներին, հետևողական պայքար մղելու համար:

Հավատացեք․ սա պայքար է ոչ թե հանուն մեկ առանձին մարդու ազատության, այլ հանուն այն արժեքների, որոնք եղել են մեր հաղթանակների հիմքում: Հանուն մեր երկրի ու Արցախի անվտանգության ու բարեկեցության։

Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր ուղղակի կամ անուղղակի իրենց բողոքի ձայնն են բարձրացրել տեղի ունեցող անարդարության դեմ: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր չեն տրվում վախի զգացմանը և չեն ձայնարկում ամբոխին:

Չեմ կասկածում՝ տեղի ունեցողը խիստ ժամանակավոր մի բան է, որը տեսանելի ապագայում ավարտվելու է, քանի որ ստի կյանքը կարճ է: Քանի որ կեղծիքի, տգիտության ու ատելության վրա հիմնված որևէ իշխանություն երբևէ երկար պատմություն չի ունեցել»։