Կալանավայրերը՝ ժամանակավոր մեռելների դժոխքներ

27-01-2019
2792 դիտում
Կալանավայրերը՝ ժամանակավոր մեռելների դժոխքներ

Քրեակատարողական հիմնարկից տեղեկացնում են՝ կալանավոր Մհեր Եղիազարյանը մահացել է 44 օրյա հացադուլից դուրս գալուց 10 օր հետո՝ սրտամկանի ինֆարկտի հետեւանքով։

Ակնարկում են, որ մահը հացադուլի հետեւանք չէ: Ավելին, մարդիկ աջ ու ձախ ասում են՝ ինֆարկտից ամեն պահ էլ կարելի է մահանալ, նույնիսկ ամուր առողջությամբ մարդն է դրանից մահանում: Մի րոպե: Մահը, թող թույլ տրվի ասել, թողնում ենք մի կողմ: Մարդը 44 օր եղել է հացադուլի մեջ: Եվ արվել է ամեն ինչ, որ այդ հացադուլի փաստը լույս աշխարհ չգա:

Մհեր Եղիազարյանը նոր Հայաստանի կալանավորներից էր:

Հացադուլ էր հայտարարել հասկացնելով, որ բան ունի ասելու: Հացադուլ էր հայտարարել հուսալով, որ լսելի կլինի: Իսկ ոմանք կոծկել են հացադուլի փաստը, ընդհանրապես խլացնելով էդ մարդու գոյությունը:

Այսինքն, Մհեր Եղիազարյանը մահացել է հացադուլ հայտարարելու օրը, ոչ թե մահացել է, այլ նրան մեռած են հայտարարել: Եվ ի՞նչ է ստացվում՝ բոլոր կալանավորները մեռելնե՞ր են, հատկապես երբ ասելիք ունեն:

Ի՞նչ ունեիք թաքցնելու՝ որ նոր Հայաստանում կալանավորը հացադուլ չի՞ հայտարարում: Որ հանկարծ Փաշինյանի ականջը չընկնի՞, որ ինչ-որ մեկն իր ձայնը տեղ հասցնելու համար ընտրել է էդ ծայրահեղ ճանապարհը, թե՞ հացադուլը հնարավոր է միայն տոտալիտար համակարգերում:

Ինչու՞ եք գաղտնի պահել, ինչու՞ է լռել այս մարդու փաստաբանը: Ո՞ր պահից է կալանավորը դառնում մարդ, ո՞ր պահից է նա մարդահաշիվ: Մենք գրեթե օնլայն ռեժիմով տեղեկանում էինք «օրենքով գող Զապի», «վստրեչի Ապերի» եւ այլ «բարձրաստիճան» քրեական հեղինակությունների բանտային քայլերին, պահանջներին, եւ այդպիսին չհամարվող մեկը հանկարծ հացադուլ է հայտարարել, որ լսելի լինի: Իսկ նրան խլացրել են այն մտայնությամբ, որ՝ «բա մենք նոր Հայաստանում դրա համա՞ր ենք հավաքվել»:

Հացադուլը բողոքի արտահայտման սահմանադրական եղանակ է. երբ դուք խլացնում եք այն, հացադուլավորին հասկացնում եք, որ «անձամբ քեզ համար էս երկրում ոչ մի լավ բան չի փոխվել»:

Ու սա ձեր վերաբերմունքն է ընդհանրապես կալանավորի հանդեպ: Իսկ նա մեղավոր չէ, որ ինքը Նիկոլ Փաշինյանը չէ 2009-ին, երբ վերջինս կալանավորվեց:

Մհեր Եղիազարյանի սիրտը «պայթել» է գուցե էն մտքից, որ լսելի լինելու ոչ մի տարբերակ չկա:

ՄԻՊ-ը հայտարարում է, որ հունվարի 21-ին լսել է նրա բողոքը: Մինչ այդ էլ պարբերաբար այցելել է, տեղեկացել է, որ կալանավորը սիրտ-անոթային խնդիրներ ունի, որոնք համատեղելի չեն հացադուլի հետ: ՄԻՊ-ը մի խոսքով ոչնչով չի կարողացել օգնել: Հացադուլից դուրս գալուց հետո կալանավորը գտնվել է բժշկի հսկողության տակ: Բժիշկը, ավելորդ էլ է ասել, մի այլ ձեւ օգնել չի կարողացել: Նշանակում է՝ էդ մարդու սիրտը ինչ-որ ավելի լուրջ ասելիք է ունեցել, քան սոսկ ՄԻՊ-ի այցերն ու բժշկի հսկողությունն է:

Իսկ խնդիրն այն է, որ մեր կալանավայրերը մարդուն «սառեցնող» եւ պահածոյացնող հիմնարկներ են. եթե մտել ես կալանավայր, իրավունքներիդ ու լսելի լինելու մասին մոռացիր: Մոռացիր, մինչեւ Աստծո հաջողությամբ դուրս կգաս: Այսինքն, կալանավայրը մի տեղ է, որտեղ մարդը դառնում է ժամանակավոր մեռել, եթե չի «հաջողացնում» իսկապես մեռնել: Եվ, ուշադրություն, էս մասին գիտի պետությունը հանձին արդարադատության նախարարության:

Տղերք, կամ օրենքը փոխեք, որպեսզի կալանավորը ապրի, կամ դուք փոխվեք՝ էդ մարդիկ դատապարտված չեն մահվան: Ձեզ նրանց գլխի վրա չեն նշանակել, որ «վատ մարդկանց» ճակատագրեր տնօրինեք, ձեզ նշանակել են, որ նրանց վերադարձնեք հասարակություն մի քիչ ավելի լավը, քան կային:

Մհեր Արշակյան

MediaLab.am