Պետք է ապերախտ զավակ չլինել. Տեր Ղազար Պետրոսյանի պատասխանը` Արայիկ Հարությունյանին

28-01-2019
1156 դիտում
Պետք է ապերախտ զավակ չլինել. Տեր Ղազար Պետրոսյանի պատասխանը` Արայիկ Հարությունյանին

«Պատասխան կրթության անկիրթ նախարարին» վերտառությամբ գրառում է կատարել Տեր Ղազար Պետրոսյանը` անդրադառնալով օրերս խոսակցությունների մեծ տեղիք տված դեպքին։ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանին ուղղված գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ։

«Երբ քահանայից տեղեկացա 25.01.2019թ Արարատի մարզի Այգեստան համայնքի միջնակարգ դպրոցում տեղի ունեցած միջադեպի մասին՝ որտեղ դպրոց այցելած ՀՀ կրթության նախարարը Արայիկ Հարությունյանը անկիրթ վերաբերմունք է ցույց տվել պատահաբար դպրոց այցելած քահանայի նկատմամբ ասելով՝ դու այստեղ ինչ ես անում, և օրենքների բանավեճ սկսել հոգևորականի հետ:

Ցանկություն առաջացավ մեր երիտասարդ և անփորձ նախարարին սովորացնելու, թե ինչ է անում Հայոց Քահանան Հայոց Դպրոցում.

Լսի՛ր երիտասարդ, բազմաթիվ կարդացածդ գրքերից չկարողացար սովորել այն պարզունակ ճշմարտությունը, որ Հայոց տառերը գրողը՝ Ս. Մեսրոպ Մաշտոցը Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու քահանա է եղել և տառերը գրելու գլխավոր նպատակը եղել է՝ որպեսզի Աստված խոսի հայերեն, այսինքն՝ Աստվածաշնչի հայերեն թարգմանելը: Ուրեմն՝

1. Հայոց դպրոցի և դպրության հիմնադիրը Հայոց Քահանան է

2. Հայոց դպրոցների և՛ ուսուցիչներ, և՛ շատ դեպքերում կազմակերպիչները եղել են քահանաները՝ ցայժմ սփյուռքում տեսնում ենք:

3. Հայոց ամենանշանավոր և ամենատաղանդավոր բանաստեղծը՝ Ս.Գրիգոր Նարեկացին քահանա էր:

4. Հայոց պատմահայրը՝ Ս.Մովսես Խորենացին քահանա էր:

5. Հայոց հին և ամենանշանավոր Ասղագետը՝ Անանիա Շիրակացին քահանա էր:

6. Հայոց իրավաբանության թագակիրը՝ Մխիթար Գոշը քահանա էր:

7. Հայոց առաջին տպագիր գրքի հեղինակը՝ Հակոբ Մեղապարտը քահանա էր:

8. Հայոց դպրությունը աշխարհին ներկայացնող Մխիթարյան հայրերը ՝ բոլորը քահանաներ էին:
Եվ ի վերջո, ես իբրև երեք դպրոցահասակ տղաների հայր, պահանջում եմ, որ քահանան անպայման պիտի այցելի դպրոց, որ օրհնի մեր երեխաներին՝ Աստծո օրհնանքը փոխանցի մեր մատաղ սերունդին, որպեսզի մեր զավակները կրթվելով դպրոցում կարողանան հեռու մնալ ամեն չար ճանապարհներից:
Զարմացա որ քահանայի այցի դեմ, Հայ եկեղեցու պատմություն առարկայի դեմ հակառակախոսող նախարարդ քեզ հայտարարել ես Հայ եկեղեցու զավակ, և ուրեմն պետք է ապերախտ զավակ չլինել»: