Դավիթ Անանյանը սխալվում է կոռուպցիայի և կոկորդիլոսների հարցում

30-01-2019
Դավիթ Անանյանը սխալվում է կոռուպցիայի և կոկորդիլոսների հարցում

Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների խոշոր պարգևավճարները վերջին շրջանում բուռն քննարկումների թեմա են դարձել, սակայն պակաս ուշագրավ չեն այս կապակցությամբ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի մեկնաբանությունները։

ՊԵԿ-ը պարգևավճարների թեմայի վերաբերյալ հանդես էր եկել  նաև պաշտոնական հայտարարությամբ, որում նշել էր, որ«կոռուպցիայի և կաշառակերության դեմ պայքարում պարգևատրումների և ընդհանրապես արժանապատիվ հատուցումների համակարգ ունենալը կաշառակերության և դրա դեմ պայքարի ամենաարդյունավետ եղանակն է»:

FIP.am-ի թիմը, սակայն, որոշեց համեմատականներ տանել Դավիթ Անանյանի հայտարարությունների և կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային պատկերացումների միջև։

Այսպես, գոյություն ունի 2013 թվականին ընդունված «Կուալա Լումպուրի հայտարարություն», որն ուրվագծում է հակակոռուպցիոն ռազմավարությունների մշակման ուղենիշները՝ անդրադառնալով ռազմավարությունների ընդունման գործընթացներին, փաստաթղթերի կառուցվածքին ու բովանդակությանը, ինչպես նաև մոնիտորինգի և գնահատման հարցերին: Այս փաստաթուղթն ընդունել են Հարավային, Արևելյան և Հարավարևելյան Ասիայի հակակոռուպցիոն պետական մարմինների և պլանավորման ազգային մարմինների բարձրաստիճան ներկայացուցիչները, ինչպես հակակոռուպցիոն ոլորտի փորձագետներ ամբողջ աշխարհից:

Եվ ուրեմն, ըստ «Կուալա Լումպուրի հայտարարության», կոռուպցիայի դեմ պայքարը պետք է իրականացնել բազմաբնույթ միջոցների կիրառմամբ, դրանից են՝ քաղաքական կամքը, բաց և թափանցիկ գործընթացը, գործընթացի կայունությունը և ինստիտուցիոնալացումը, ռեսուրսների հատկացումը և մոբիլիզացումը, հանրության հետ հաղորդակցումը և ներգրավումը։

Ինչպես տեսնում ենք, հեղինակավոր փաստաթղթի համաձայն, հակակոռուպցիոն ռազմավարությունները պետք է հիմնվեն ընդգրկուն-ամբողջական մոտեցման վրա՝ միևնույն ժամանակ հաշվի առնելով ոլորտներին բնորոշ կարիքները, մինչդեռ ՊԵԿ-ը շեշտը դրել է ընդամենը մեկ եղանակի վրա:

Բացի սա, ինչպես նշված է վերևում, կոռուպցիայի դեմ պայքարի համալիր միջոցներից է նաև բաց և թափանցիկ գործընթացը, այնինչ ՊԵԿ-ը ստացված աշխատավարձերի վերաբերյալ մանրամասն թափանցիկ տեղեկատվություն չի ներկայացնում՝ պարզաբանելով, որ դրանով խախտվում են անձնական տեղեկատվության պահպանման և գաղտնիության իրավական նորմերը:

Ուշագրավ է նաև, որ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն այսօր՝ հունվարի 29-ին, հանդես եկավ ևս մեկ, մեղմ ասած, ոչ ճշգրիտ հայտարարությամբ՝ նշելով, որ ՊԵԿ-ում որոշել են կոկորդիլոսներին դասակարգել որպես երկկենցաղ։

Թեև պետական եկամուտների հավաքագրումը հեռու է կենդանաբանությունից, և Հայաստանում կոկորդիլոսաբուծությունը իրոք խնդրահարույց է ձևակերպումների առումով, այնուամենայնիվ արձանագրենք, որ ի հեճուկս ցանկացած մաքսային դասակարգման՝ կոկորդիլոսը չի կարող լինել երկկենցաղ։ Կոկորդիլոսները քորդավոր կենդանիներ են, դասվում են սողունների խմբին և քիչ առնչություն ունեն երկկենցաղների, օրինակ՝ գորտերի հետ։

www.Fip.am