Հույժ անկարևոր հարցեր

04-02-2019
1231 դիտում
Հույժ անկարևոր հարցեր

Տպավորությունն այնպիսին է, թե մեծերից տանը մարդ չկա։ Հարցը նոր դեմքերի տարիքը չէ։ Բոլորովին։ Բավական երիտասարդ տարիքում էլ են լինում խելացի։ Մենք ապրում ենք՝ քննարկելով հարցեր, որոնք որևէ կապ չունեն մեր պետության կարևոր գործերի հետ։ Քննարկում ենք բուռն, երկարատև, ինչպես միշտ՝ մեծ կիրք դնելով մեր քննադատությունների, թիրախների, իրար բնաջինջ անելու արդեն կենսական պահանջ դարձած գործունեության մեջ։ Արդյունքում՝ մենք քննարկում ենք բաներ, որոնք կարելի է առհասարակ չնկատել, չհնչեցնել, չտեսնել, չիմանալ։ Բայց դրանք են այսօրվա քաղաքական-հասարակական ակտիվություն ցույց տված ու ցույց տվող հանրության բախման նյութը, բախում, որի բեկորներից մարդիկ են վիրավորվում և՝ ընդամենը։ Թեև մարդն է գերագույն արժեքը, սակայն դա այդպես չէ։

Ի՛նչ ենք մենք քննարկել վերջին օրերին։ Նախ՝ ԱԺ փոխնախագահ պարոն Ալեն Սիմոնյանը հնչեցրեց հիմնը փոխելու անհրաժեշտությունը։ Ակնհայտ անկարևոր բան մեր նոր ձևավորվող պետության չձևավորված օրակարգում։ Հնչեցրեց՝ հնչեցրեց։

Մենք ևս գտանք ամենամատչելի թեման, որի մասին կարող են կարծիք հայտնել բոլորն առանց բացառության, որովհետև շատ հանրամատչելի թեմա է, իսկ, ասենք, կառավարման ոլորտի, օրենքների, արտաքին քաղաքականության անորոշ հյուսվածքի և նման հարցերի մասին խոսակցությունները մատչելի չեն բոլորին, և դա նորմալ է, բայց հանրությունը կարիք ունի արտահայտվելու ու մասնակից լինելու ներքին բախումներին և ունենալու կարծիք, որին ինքը տեղ-տեղ համաձայն չէ, կամ այն հարափոփոխ է՝ կախված ֆեյսբուքյան զրուցակցի հանդեպ տածած պատկառանքից կամ հակակրանքից։

Եվ մենք գտնում ենք մասնակցության ամենադյուրին, հասանելի և սին թեմաները։ Գտնելուց հետո փայփայում ենք երկար, հանձնում ենք ձեռքից ձեռք, մեր մինչ այդ ունեցած պահանջմունքները բավարարում ենք հույժ անկարևոր հարցերի շուրջ թեժ բախումներով։

Հիմնը փոխելու մասին բոլորս ունեցանք կարծիք՝ ամենալուրջ մարդկանցից սկսած մինչև ամենաանլուրջը։ Հիմնի փոխել-չփոխելուց այսօր որևէ մեկիս կյանքում որևէ բան չի կարող փոխվել։ Սա փաստ է։ Մենք ունենք ռեալ, գրեթե անլուծելի կենսական խնդիրներ։ Եթե իրոք մենք մտահոգ ենք մեր երկրով, ապա բոլորը՝ անգամ իրար հանդեպ թշնամական հարաբերություններ ունեցող մարդիկ, որոնք տիրապետում են գոնե որևէ կարևոր գիտելիքի երկրի կառավարման հարցում, մի կողմից պիտի հայտնեն իրենց պատրաստակամությունը որևէ բան անելու, իսկ մյուս կողմից՝ պետք է ունենան հասունություն ընդունելու այդ առաջարկը, որովհետև դրանից կախված է ոչ թե իրենց ինքնազգացողությունը, այլ՝ երկրի։

Հիմնը կսպասի, կարող է անվերջ սպասել, երբ մենք փոխեցինք այն առաջին անգամ՝ սովետական ժամանակների այլանդակությունները իսպառ չվերացան և լեզվամտածողության կամ ենթագիտակցական հուշի ազդեցության խիստ երանելի վիճակների թեմաները կարելի է հետաձգել. վիրահատության համար ստերիլությունը գերագույն անհրաժեշտություն է, բայց պատերազմի ժամանակ վիրահատում են վրանում, հողի վրա ու ստերիլությունից շատ հեռու պայմաններում։ Եկեք ինքներս մեզ չզբաղեցնենք կանաչ-կարմիր խաղալիքով։

Մյուս քննարկվող թեման՝ թիրախավորեցինք նոր պատգամավոր Թագուհի Ղազարյանին։ Ասեմ, որ անձամբ ծանոթ չեմ, երբևէ երկու բառ չեմ փոխանակել։ Նա դարձավ մեր պետական կարևորության հաջորդ թեման։ Նրա անձի շնորհիվ լրագրողական թևն ապահովեց իր ապաշնորհության քողարկումը, հակահեղափոխական թիմը արտամղեց իր վիրավորվածության կուտակած ռեսուրսը, հեղափոխական թևը շատ չհիմնավորված հակափաստարկներ բերեց, թե՝ «ահա, տեսեք, առաջին ցուցարարներից է»։ Արդյունքում՝ մեկ անձ, Թագուհի Ղազարյան անունով, դառնում է ահավոր բարդ իրավիճակում գտնվող նոր պետության, որի կառավարությունը կազմվել է օրեր առաջ, ունի արտաքին հակամարտություն, տնտեսությունը ծայրահեղ վիճակում է՝ քննարկման համար երկու թեման։ Սա անլրջության գագաթն է երկկողմանի կամ եռակողմ՝ եթե հաշվենք նաև ֆեյսբուքյան աշխարհազորը։

Ընդ որում, շատ կենցաղային խորամանկությամբ թիրախավորվում են ակնհայտորեն բարի, ազնիվ, ցինիզմով ու հենարանով քիչ պաշտպանված մարդիկ, այստեղ սեռը բնավ կապ չունի, որովհետև նույն սեռի՝ թիրախավորման համար ավելի հիմք տված մեկին կարող են չհամարձակվել անել նույնը, եթե իհարկե ռեժիմն արդեն տապալված չէ։ Սեփական վախերից հրաշալի կողմնորոշվելով թիրախավորում են նրանց, որոնք վախենալու չեն, որ ապահով լինի։

Թագուհի Ղազարյանի պատգամավորական պիտանելիության մասին վերապահումներ ունեմ, ըստ իս գրականագետը օրենսդրի հետ քիչ առնչություն ունի, եթե, իհարկե, մինչ այդ չի մասնագիտացել, ես տեղյակ չեմ նրա կենսագրությանը, բայց այն, որ թիրախավորել են ազնիվ, պարզ, բաց, բարի մարդու՝ ակնհայտ է։ Սա վկայում է թիրախավորողների ներքին վախի մասին միայն։ Սա մի ավանդույթ է, որ գալիս է բակից, դասարանից ու այդպես իրենց հետ մեծանում ու մեռնում է։

Բայց վերադառնանք նյութին. ո՛չ հիմնը, ո՛չ Թագուհի Ղազարյանը, ո՛չ տաքսին, որը նրան սպասում էր, ո՛չ լրագրողները, ո՛չ էլ նույնիսկ Լիլիթ Մակունցը, որը ներողություն խնդրեց լրագրողներից, մեր պետության կարևոր խնդիրը չեն։ Պետության կարևոր խնդիրը արտաքին հակամարտությունն է, տնտեսության զարգացումը, իրավական պետությունը, մարդկային մթնոլորտի ստեղծումը երկրի ներսում։ Ակտիվ հասարակության ամենամեծ խնդիրը երկու բանակների խորացող ու ամեն ինչի պատրաստ ատելությունն է։

Ես համերշխության կոչ չեմ անում՝ ես վեհափառ տերը չեմ, դա դատարկ խոսք է, որովհետև մի մասի անհամերաշխության պատճառը իրականում փողն է՝ դրանցից զրկվելու ու իրենց բաժինը այլ մեկի գրպանում տեսնելու ցասումը, որն իհարկե քողարկվում է բարձր պետական շահերի համար տառապողի քողի տակ։ Մյուս մասի համար փոխադարձ ատելությունը հոբբի է, այնպես, ինչպես դպրոցում դասերից հետո գնում էինք որևէ խմբակի։ Դա պիտի լինի, որ համ ստանա օրը։ Եվ այս երկրորդ հատվածն ավելի անհեթեթ է, որովհետև եթե առաջինները գոնե կորցրել են կողմնակի եկամտի աղբյուրն ու ջղային են, ապա երկրորդներն ընդամենը բեք վոկալ են ատելության այս համերգում։ Ե

վ կա մի չնչին փոքրամասնություն, որը պատանեկան բացարձակ ազնվության կողմնակիցն է ու ուզում է ասել «արքան մերկ է»՝ անհատույց, անվճար։ Արդյունքում՝ եթե իրար պիտի ատեն միայն նրանք, ովքեր կորցրել են կողմնակի եկամտի իրենց աղբյուրը ու ենթադրում են, որ դա անցել է ուրիշների ձեռքը՝ ատում ենք բոլորս բոլորին, ու պակասում է միայն համերգային բեմից արհեստական ոգևորող կոչը՝ «ատում ենք բոլոոոորս»։

Սրանք են խնդիրները իրական։ Իսկ մենք մեզ խաբում ենք ու ընտրում ենք երկրորդական թեմաներ։ Այդպես մարդիկ վատ լուրի արդեն ակնհայտ լինելու ժամանակ հերքում են իրականությունը, կտրվում են իրականությունից, հերքում են իրողությունը, փաստը, խոսում են այլ բաներից։ Հերքումը պաշտպանական մեխանիզմ է, թեև շատ անհատական է, բայց, այնուամենայնիվ, կլինիկական հոգեբանության մեջ հերքումը նորմալ է համարվում մինչև մոտ երկու ամիս, այնուհետ՝ շեղում է։

Իսկ եթե բնական պահանջ կա նոր ստեղծվող պետությանը մասնակից լինելու, ինչը շատ ողջունելի է, բայց դուք շարքային քաղաքացի եք և լծակներ ու համապատասխան գիտելիք չունեք՝ եղեք շարքային լավ քաղաքացի, դա ամենադժվար, ամենակարևոր ու չպարգևատրվող գործն է, բայց շահեկան է նրանով, որ արդյունքում ոչ մեկի չեք ատում, ոչ ոք ձեզ չի ատում, և ձեր ունեցած երեխաները մեծանում են ազնիվ ու արժանավոր մարդիկ։ Մի՞թե դա կարելի է փոխել պետության գործերին մասնակից լինելու խաբկանքի հետ։

Լուսինե Հովհաննիսյան

MediaLab.am