Կասեցված է. Սերժ Սարգսյանի քայլը տարբեր գնահատականների է արժանանում

24-04-2010
319 դիտում
Կասեցված է. Սերժ Սարգսյանի քայլը տարբեր գնահատականների է արժանանում

Եղեռնի տարելիցից երկու օր առաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` հայ-թուրքական արձանագրությունների վավերացման ընթացակարգը կասեցնելու մասին հրամանը միջազգային, ինչպես նաև տեղական քաղաքական դաշտում տարաբնույթ արձագանքների և կանխատեսումների առիթ է հանդիսացել:

Ապրիլի 22-ի հեռուստաուղերձում նախագահ Սարգսյանը, շեշտելով հայկական կողմի` երկու երկրների հարաբերությունների կարգավորմանն ուղղված կառուցողական մոտեցումը, նշել է, թե «Թուրքիան պատրաստ չէ սկսված գործընթացը շարունակել և առանց նախապայմանների, արձանագրությունների տառին համապատասխան քայլերով առաջ շարժվել»:

«Ողջամիտ ժամկետները, մեր կարծիքով, ավարտվել են: Ամեն գնով ապրիլի 24-ն անցկացնելու թուրքական գործելաոճը պարզապես անընդունելի է,- ասել է Սարգսյանը:

-Մենք անընդունելի ենք համարում նաև Հայաստան-Թուրքիա երկխոսությունն ինքնանպատակ դարձնելու անիմաստ ձեռագիրը և այս պահից սկսած` հարաբերությունների կարգավորման ներկա փուլը համարում ենք սպառված»:

Ավելի ուշ նախագահը, առաջնորդվելով ՀՀ Սահմանադրությամբ և ԱԺ կոալիցիայի ապրիլի 22-ի` հայ-թուրքական արձանագրությունների գործընթացն առկախելու համատեղ հայտարարությամբ, կասեցրել է հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված արձանագրությունների վավերացման ընթացակարգը:

Ամիսներ շարունակ Հայաստանին մարտականորեն նախապայմաններ առաջադրող թուրքական կողմը, որը հաստատակամորեն գործընթացում ներգրավում էր երրորդ կողմի` Ադրբեջանի շահերը, թեև դեռ լիարժեք պատասխան հայտարարությամբ հանդես չի եկել, սակայն Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն հույս է հայտնել, թե գործընթացը վերսկսելու համար երկու երկրներում կձևավորվի հարմար մթնոլորտ:

«Մենք պատրաստ ենք առաջ շարժվել, երբ առկա լինեն համապատասխան պայմանները»,-հայտարարել է Ահմեդ Դավութօղլուն Էստոնիայում լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Մինչ որոշ վերլուծաբաններ փակուղում հայտնված հայ-թուրքական հարաբերությունների դաշտում Սերժ Սարգսյանի հայտարարությունը որպես «ֆուտբոլային դիվանագիտության» վերջակետ են դիտարկում, գործընթացում ներգրավված միջնորդ գերտերությունների ներկայացուցիչները ողջունել են նախագահի քայլը:

«Ֆրանսիան քաջալերում է Հայաստանի և Թուրքիայի իշխանություններին` շարունակելու երկխոսությունը և կրկնապատկելու ջանքերը` արագորեն հասնելու համար արձանագրությունների կյանքի կոչմանը, ինչն էականորեն կնպաստի խաղաղությանը և կայունությանը ամբողջ տարածաշրջանում»,- ըստ պաշտոնական հաղորդագրության`Սարգսյանի քայլը ողջունել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին:

ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Ֆիլիպ Գորդոնը ևս նշել է, որ Վաշինգտոնը բարձր է գնահատում Սերժ Սարգսյանի որոշումը` շեշտելով, թե վերջինիս հայտարարությունը հստակորեն ցույց է տալիս, որ Հայաստանը ոչ թե դադարեցնում, այլ առկախում է գործընթացը մինչև թուրքական կողմի պատրաստ լինելը:

«Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կարգավորելու մեր քաղաքական նպատակները մնում են ուժի մեջ, և մենք կդիտարկենք առաջ շարժվելու հարցը, երբ համոզվենք, որ Թուրքիայում կա համապատասխան մթնոլորտ և երբ Անկարայում կտեսնենք հարաբերությունների կարգավորմանը վերստին պատրաստ առաջնորդություն»,- իր ուղերձում նշել է Սերժ Սարգսյանը` մանրամասնելով, թե Հայաստանը առայժմ դուրս չի գալիս գործընթացից` միջնորդ երկրների գործընկերների հանդեպ ունեցած հարգանքից և հորդորներից ելնելով:

Ֆիլիպ Գորդոնը, նշելով ԱՄՆ` գործընթացին նպաստելու պատրաստակամությունը, ասել է, որ հարաբերությունների կարգավորման գործընթացը կարևոր օգուտներ կբերի Թուրքիային և Հայաստանին, ինչպես նաև Կովկասյան տարածաշրջանին:

«Մենք շարունակում ենք կոչ անել երկու կողմերին, որ դռները բաց պահեն հաշտեցման ու հարաբերությունների կարգավորման ջանքերին հետամուտ լինելու», - ասել է Ֆիլիպ Գորդոնը:

Ի տարբերություն միջազգային արձագանքների` Հայաստանի քաղաքական ուժերի` հայ-թուրքական հարաբերությունների «նոր» փուլի վերաբերյալ հայտարարություններն ու գնահատականները տարաբնույթ են:

ՀՅԴ-ն, որը ուղիղ մեկ տարի առաջ հայ-թուրքական «ճանապարհային քարտեզի» վերաբերյալ պաշտոնական հայտարարություններից հետո լքեց իշխանական կուալիցիան, դրական գնահատական է տվել նախագահի քայլին` շեշտելով, որ այն ամբողջական կդառնա, եթե Սերժ Սարգսյանը վերջերս ընդունված օրենքով գործընթացն ամբողջությամբ կասեցնի:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը նախագահի քայլը գնահատում է որպես «կիսատ-պռատ», որը դաշնակցությանը չի կարող բավարարել:

Նա ասում է, որ պետք էր ոչ թե կասեցնել, «այլ հետ կանչել մեր ստորագրությունը»:

«Մի կողմից կասեցնելով վավերացման գործընթացը, մյուս կողմից` արտահայտելով պատրաստակամություն այն շարունակելու, ռեժիմը, ըստ էության, խոստովանում է, որ հայտնվել է փակուղու մեջ»,- հայտարարել է ընդդիմադիր ՀԱԿ-ը` պաշտոնական հաղորդագրության մեջ:

Ընդդիմադիրները նշում են, թե այդ քայլով այլևս չունենալով հետագա քայլերի ծրագիր, ռեժիմը զբաղված է կիսատ-պռատ, անսկզբունքային և անհետևողական գործողությունների միջոցով սեփական հասարակության և միջազգային հանրության առջև իր դեմքը փրկելու ապարդյուն ջանքերով:

«Ես կարծում եմ, որ այս հայտարարությունը ստեղծված պայմաններում լավ մարտավարի քայլ էր,- ապրիլի 23-ի մամլո ասուլիսում հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը,- բայց լավ ռազմավարը չպիտի թույլ տար այս վիճակի ստեղծումն ի սկզբանե»:

Մարի Ներսեսյան

© Medialab.am