Կրկին «Meds Yeghern». վերլուծաբանները համոզված են, որ Հայաստանը պետք է փոխի իր մոտեցումները

26-04-2010
398 դիտում
Կրկին «Meds Yeghern». վերլուծաբանները համոզված են, որ Հայաստանը պետք է փոխի իր մոտեցումները

Փակուղում հայտնված Հայաստան-Թուրքիա հարաբերությունների ֆոնի վրա, սպասումներին ի հակառակ, ԱՄՆ նախագահ Բարակ Օբամայի ապրիլքսանչորսյան ուղերձում «ցեղասպանություն» բառի փոխարեն կրկին հայերեն «Մեծ Եղեռնի» հիշատակումը շատերը փորձում են կապել ոչ թե Օբամայի, այլև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի վարած արտաքին քաղաքականության հետ:

Մինչ հազարավոր մարդիկ շարքերով, ծաղիկները ձեռքերին, դանդաղաքայլ հաղթահարում են Երևանի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր տանող ճանապարհը` հարգելու 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում ցեղասպանության զոհ դարձած ավելի քան մեկևկես միլիոն հայերի հիշատակը, Օբաման, ի հակառակ շատերի սպասումների, խոսել է «95 տարի առաջ սկսված ծանրագույն եղեռնագործության մասին, երբ Օսմանյան կայսրության մայրամուտին 1,5 միլիոն հայեր կոտորվեցին կամ իրենց մահը գտան տեղահանության ճանապարհին»:

«Մեծ Եղեռնը հայ ժողովրդի պատմության կործանարար էջերից է, և մենք պետք է կենդանի պահենք այդ մասին հիշողությունը՝ ի նշան զոհերի հանդեպ հարգանքի և որպեսզի խուսափենք անցյալի սահմռկեցուցիչ սխալներից»,- ասել է նա:

Հայտնի թուրքագետ, ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանն ասում է, որ սպասումները Օբամայի ելույթից, ելնելով նրա` մինչև նախագահ ընտրվելը տված խոստումներից, անհամեմատ ավելին էին:

«Օբամայի` «ցեղասպանություն» բառը չարտաբերելը Թուրքիայի հետ առևտրի, պայմանավորվածությունների գնալու արդյունք է»,- «Մեդիալաբին» ասում է Սաֆրաստյանը, որը կարծում է, թե մինչև պաշտոնավարման ավարտն ԱՄՆ նախագահն ամեն դեպքում կարտաբերի «ցեղասպանություն» բառը:

Սակայն, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը վստահ է, որ Ցեղասպանության միջազգային ճանաչման խոչընդոտը Հայաստանի իշխանությունների կեցվածքն է:

«Պաշտոնական Երևանն իր քայլերով փաստացի ստեղծեց այս վիճակը,- ասում է Սաֆարյանը` նշելով հայ-թուրքական հարաբերությունների զարգացման վերջին փուլն ու Սերժ Սարգսյանի` արձանագրությունների վավերացման ընթացակարգը դադարեցնելը:

- Սերժ Սարգսյանն արեց մի քայլ, որով նեղ, փոքրիկ խնդիրներ լուծվեցին, արդյունքում տուժեց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը»:

Ապրիլի 22-ին, առաջնորդվելով ՀՀ Սահմանադրությամբ և ԱԺ կուալիցիայի ապրիլի 22-ի` հայ-թուրքական արձանագրությունների գործընթացն առկախելու համատեղ հայտարարությամբ, Սերժ Սարգսյանը կասեցրել է անցյալ տարի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված արձանագրությունների վավերացման ընթացակարգը` իր ուղերձում նշելով, որ ողջամիտ ժամկետներն ավարտվել են, իսկ Թուրքիան պատրաստ չէ սկսված գործընթացը շարունակելու` շեշտելով Հայաստանի պատրաստակամությունը հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ:

«Երբ համոզվենք, որ Թուրքիայում կա համապատասխան մթնոլորտ և երբ Անկարայում կտեսնենք հարաբերությունների կարգավորմանը վերստին պատրաստ առաջնորդություն»,- նշել է Սարգսյանը իր հեռուստաուղերձում:

Ի պատասխան, ըստ թուրքական լրատվամիջոցների, Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը ապրիլի 23-ին լրագրողներին ասել է, թե Թուրքիան Հայաստանի հետ հարաբերություններում որոշ ժամանակ «լուռ դիվանագիտության» կարիք ունի: «Սա փոխշահավետ գործընթաց է, որի դրական արդյունքը հավասարապես է բաշխվելու: Թուրքիայի տեսանկյունից որևէ բան չի փոխվել:

Մենք պատրաստ ենք առաջ շարժվելու, երբ առկա լինեն համապատասխան պայմանները»,- նույն օրը, ըստ թուրքական TRT-ի, ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն` նշելով, թե Հայաստանի որոշումն իրենց համար անակնկալ չէր:

Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանն ասում է, որ Թուրքիայի համար որոշումը զարմանալի չէ, քանի որ հայ-թուրքական հարաբերությունների փակուղային իրավիճակում նախագահ Սարգսյանի քայլը որքան տրամաբանական, այնքան էլ թուրքական նպատակասլաց դիվանագիտության արդյունքն էր: «Ամեն ինչ թուրքական դիվանագիտության արդյունքում հասավ նրան, որ այլ որոշում ընդունելու հնարավորություն գրեթե չկար»,- «Մեդիալաբին» ասում է Սաֆրաստյանը:

Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Մանվել Սարգսյանը «Մեդիալաբին» ասում է, որ գործընթացը ղարաբաղյան խնդրի վրա ծանր քար էր դարձել:

«Թուրքիայի հետ բանակցություններում բավական բարդ վիճակ էր ստեղծվել, և որոշումը որքան տրամաբանական, այնքան էլ անսպասելի պիտի որ լիներ թե´ Թուրքիայի և թե´ Ադրբեջանի համար»,- ասում է Սարգսյանը:

Նա ասում է, որ դա հասկանում են նաև միջնորդ երկրները, ուստի վերաբերմունքը Սերժ Սարգսյանի որոշմանը չի կարող բացասական լինել:

Ապրիլի 23-ին Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին, ըստ Ելիսեյան պալատի պաշտոնական հաղորդագրության, նշել է, թե Ֆրանսիան քաջալերում է Հայաստանի և Թուրքիայի իշխանություններին` «շարունակելու երկխոսությունը և կրկնապատկելու ջանքերը` արագորեն հասնելու համար արձանագրությունների կյանքի կոչմանը, ինչն էականորեն կնպաստի խաղաղությանն ու կայունությանը ամբողջ տարածաշրջանում»:

Նույն օրը ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Ֆիլիպ Գորդոնը նույնպես գնահատել է Սերժ Սարգսյանի որոշումը` նշելով, որ վերջինս ոչ թե դադարեցնում, այլ առկախում է գործընթացը մինչև թուրքական կողմի պատրաստ լինելը:

«Մենք շարունակում ենք կոչ անել երկու կողմերին, որ դռները բաց պահեն հաշտեցման ու հարաբերությունների կարգավորման ջանքերին հետամուտ լինելու»,– ըստ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հաղորդագրության` ասել է Գորդոնը:

Հայաստանի քաղաքական ուժերը ևս, որոնք ամբողջ ընթացքում ակտիվություն էին ցուցաբերում, արտահայտել են իրենց տեսակետը հայ-թուրքական հարաբերությունների «նոր» փուլի մասին:

Ուղիղ մեկ տարի առաջ հայ-թուրքական հարաբերությունների և «ճանապարհային քարտեզի» պատրվակով իշխանական կոալիցիան լքած ազգայնական ՀՅԴ-ն նախագահ Սարգսյանի քայլը «կիսատ-պռատ է որակել»:

Ըստ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանի` պետք էր ոչ թե կասեցնել արձանագրությունների վավերացման ընթեցակարգը, «այլ հետ կանչել մեր ստորագրությունը»:

«Մի կողմից կասեցնելով վավերացման գործընթացը, մյուս կողմից` արտահայտելով պատրաստակամություն այն շարունակելու, ռեժիմը, ըստ էության, խոստովանում է, որ հայտնվել է փակուղու մեջ»,- հայտարարել է ընդդիմադիր ՀԱԿ-ը պաշտոնական հաղորդագրության մեջ:

«Ես կարծում եմ, որ այս հայտարարությունը ստեղծված պայմաններում լավ մարտավարի քայլ էր,- ապրիլի 23-ի մամլո ասուլիսում հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը:

- Բայց լավ ռազմավարը չպիտի թույլ տար այս վիճակի ստեղծումն ի սկզբանե»:

Փորձագետ Մանվել Սարգսյանն ասում է, որ ստեղծված իրավիճակում Հայաստանը պետք է կարողանա իրեն ճիշտ դրսևորել և նոր նպաստավոր հարաբերություններ ստեղծել:

Նա ասում է, որ պետք է բացառել այն հարաբերությունները, ուր նախապայմաններ են թելադրվում:

«Հայ-թուրքական միջպետական հարաբերությունների բարելավումն այլընտրանք չունի, և այլ հարց է, թե երկու երկրներն ի´նչ որոշում կկայացնեն,- ասում է Ռուբեն Սաֆրաստյանը,-դադարեցնե՞լ այս գործընթացը, սկսել նո՞րը… թե՞ արձանագրությունների հիման վրա լրիվ նոր գործընթաց սկսել»:

© Medialab.am