Բրայզան Ադրբեջանում ԱՄՆ դեսպան. Օբամայի առաջադրումը մտահոգությունների տեղիք է տվել

28-05-2010
302 դիտում
Բրայզան Ադրբեջանում ԱՄՆ դեսպան. Օբամայի առաջադրումը մտահոգությունների տեղիք է տվել

Ադրբեջանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնում  նախագահ Բարաք Օբամայի կողմից Մեթյու Բրայզայի առաջադրումը վերջապես եկավ հանգուցալուծելու հարատեւ ժամանակ այս թեմայի շուրջ տարվող կանխատեսումներն ու ասեկոսները:

Մայիսի 25-ին` Սպիտակ տան տարածած հաղորդագրության համաձայն, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման առաջադրելով թեկնածուներ Ադրբեջանում` փոխպետքարտուղարի օգնական Մեթյու Բրայզային եւ Զամբիայում` Մարկ Ստորելլայի դեսպանների պաշտոնների համար, նշում է, թե նրանց հետ աշխատելու իր  պատրաստակամության մասին:

«Տաղանդավոր եւ նվիրված այս անձինք իմ վարչախմբի համար արժեքավոր հավելում կլինեն: Ես անհամբերությամբ սպասում եմ նրանց հետ համատեղ աշխատանքի առաջիկա ամիսներին եւ տարիներին» - ըստ Սպիտակ տան պաշտոնական կայքի հաղորդագրության ասել է Բարաք Օբաման:

Թեեւ թեկնածությունները, ըստ ընդունված կարգի դեռեւս պետք է քննարկվի ապա հաստատման դրվի Սենատում, սակայն վերլուծաբանները վստահ են, որ Բրայզան կզբաղեցնի Ադրբեջանի արտակարգ եւ լիազոր դեսպանի աթոռը:

Այս փաստը, ինչպես եւ ենթադրելի էր, հայկական շրջանակներում տարաբնույթ արձագանքների եւ հայտարարությունների առիթ է հանդիսացել:

Հայտնի «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը մայիսի 25-ի իր հոդվածում հարցնում է, թե նա ինչ երաշխիքներ կարող է տալ ամերիկայն ժողովրդին, որ անկողմնակալ իրականացնելու է դիվանագիտական պարտականությունները Ադրբեջանում, որպես ԱՄՆ պաշտոնական ներկայացուցչը` շեշտելով Բրայզայի կնոջ թրքուհի լինելը:

«Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամները պետք է հանգամանորեն քննարկեն Բրայզայի առաջադրումը, վստալ լինելու համար, որ հաստատման դեպքում նա Բաքվում ներկայացնելու է Միացյալ Նահանգների շահերը և ոչ թե հակառակը, քանզի թե նա, թե նրա կինը` Զեյնո Բարանը մեծ կապեր ունեն ինչպես Թուրքիայում, այնպես էլ Ադրբեջանում»,-նշում է Սասունյանը:

Միացյալ Նահանգների պաշտոնական այս առաջադրման հետ  կապված իր մտահոգություններն է հայտնել նաեւ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը , մեղադրելով նրան  Հայաստանին առնչվող հարցերում անաչառ չլինելու, Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացում ադրբեջանամետ կողմնակալություն ցուցաբերելու և Հայոց ցեղասպանության Թուրքիայի ժխտողականությանը ԱՄՆ մեղսակցությունը խրախուսելու մեջ:

«Մենք ակնկալում ենք, որ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը և Սենատը նրա թեկնածությունը հաստատելիս մեծ ուշադրությամբ կուսումնասիրեն պրն Բրայզայի կարիերան, ինչպես նաև հարցաքննության ընթացքում նրա տված պատասխանները»,-ասել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համփարյանը:

Գրեթե 22 տարվա կարիերայի ընթացքում Մեթյու Բրայզան, որը ներկայումս զբաղեցնում է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Ասիայի հարցերով օգնականի պաշտոնը, նախկինում` Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացում միջնորդական առաքելություն իրականացնող  ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահն էր:

Բրայզան ամուսնացած է թրքուհի Զեյնո Բարանի հետ, որը Վաշինգտոնի Հադսոնի ինստիտուտում արտաքին քաղաքականության վերլուծաբան է: Նրանց հարսանյաց հանդեսը տեղի է ունեցել 2007 թվականին Ստամբուլին մոտ գտնվող Կուրուչեշմյա կղզում, որին ներկա էին  ավելի քան 300 հյուրեր` ներառյալ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը և թուրք, վրացի ու ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաներ:

«Իմ ընտանեկան կյանքն ու աշխատանքը առանձնացված են միմյանցից։ Իմ սիրտը և հոգին ներդրված են մասնագիտական գործունեության մեջ, ինչպես նաև անձնական կյանքում»,- պատասխանել է Բրայզան 2007-ին հոկտեմբերին Երեւանում կայացած մամուլի ասուլիս ժամանակ այն հարցին, թե արդյոք միջնորդական առաքելություն իրականացնելիս նա խորհրդակցում է կնոջ հետ:

Սակայն ի հակառակ, Բրայզայի դիվանագիտական պատասխանի, ադրբեջանական եւ թուրքական վերնախավի հետ ունեցած նրա ջերմ կապերն են,  որ հայաստանյան շրջանակներում մտահոգությունների տեղիք են տալիս: Շատերը համոզված են, որ  նման հարաբերությունները լրջորեն կարող են վնաս հասցնել Հայաստանի շահերին:

Այնուամենայնիվ, այս կարծիքը չի կիսում քաղաքական վելրուծաբան ընդդիմադիր Սուրեն Սուրենյանցը: Նա  համոզված է, որ Բրայզայի նշանակումը կհաստատվի Սենատի կողմից, ինչպես նաեւ վստահ է, որ նրա` Ադրբեջանում արտակարդ եւ լիազոր դեսպանի պաշտոն զբաղեցնելը ոչնչով չի վնասի Հայաստանի շահերին:

«Մենք բոլորս մեզնից դուրս խնդիր տեսնելու բարդույթ ունենք,- «Մեդիալաբին» ասում է Սուրենյանցը,-որեւէ արտառոց բան նրա Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում նշանակվելու մեջ ես չեմ տեսնում: Մեթյու Բրայզան պարտավոր չէ մեկի թշնամին կամ բարեկամը լինել, ինչպես աշխատել է ԱՄՆ կառավարության համար, այնպես էլ շարունակելու է աշխատել»:

Վահե Ներսեսյան

© Medialab.am