Անպատասխանատու դետեկտիվ. մի մահվան պատմություն

10-02-2019
2112 դիտում
Անպատասխանատու դետեկտիվ. մի մահվան պատմություն

ՊՆ-ն և Քննչական կոմիտեն ավելի քան մեկ ամիս թաքցրել են պայմանագրային զինծառայող Էդգար Գրիգորյանի մահը: Նա հրազենային վնասվածքից մահացել է հունվարի 1-ի գիշերը զորամասի մարտական դիրքի պահպանության ժամանակ: ՊՆախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը զինվորի մահը թաքցնելը բացատրել է այսպես.

«Հաշվի առնելով որոշակի հանգամանքներ, այս պարագայում (մահվան մասին ժամանակին հայտնելը-Մ. Ա.) քննությանը կխանգարեր»: Սա առաջի՞ն դեպքն է, երբ զինվորը մահանում կամ սպանվում է մարտական դիրքում: Նման մահեր եղել են նաև նոր իշխանությունների օրոք: Ի՞նչ է նշանակում «որոշակի հանգամանքներ»:

Նախ՝ հետո էլ չէիք հայտնելու, եթե լրատվամիջոցը չհետաքրքրվեր, թե արդյոք հունվարի 1-ին զինծառայո՞ղ է մահացել մարտական դիրքում:

Երկրորդ՝ թաքցնել, նշանակում է ստեղծել նախադեպ, որ էլի եք անելու: Գուցե հենց հիմա էլ դուք թաքցնում եք հանցագործություններ, որոնք իմանալու ենք ամենևին էլ ոչ ձեզանից:

Երրորդ՝ թաքցնում են կոռուպցիան և սպանությունը, որոնք կատարել ես անձամբ: ՊՆ-ն և Քննչական կոմիտեն իրենց ձեռքո՞վ են սպանել զինծառայողին:

Ինչի՞ց են վախեցել: Ինքնին պարզ է: Նոր տարվա առավոտը չես լուսացնի տեղեկանալով, որ զինվոր է մահացել, Ամանորը կփլվի գլխիդ: ՊՆ-ն և Քննչական կոմիտեն չեն ցանկացել մեր Ամանորը հարամ անել: Բայց զինվորի մահից ավելի քան մեկ ամիս է անցել:

Գաբրիել Բալայանն ասում է, որ «միանգամից հրապարակելը կարող է խնդիր առաջացնել ոչ միայն քննության, այլև ընկալման համար»:

Խնդիրն արդեն առաջացել է՝ զինվորը մեկ ամիս առաջ մահացել է ու էդ մասին հայտնի չի եղել մեկ ամիս: Մեկ ամիս հետո, երբ լուրն արդեն հայտնի է, մենք գիտե՞նք ավելին, քան կիմանայինք, եթե բառացիորեն նույն տեղեկությունը հրապարակեիք հունվարի 1-ին կամ 2-ին: Քննությունն ընթացքի մեջ է: Եվ ի՞նչ, մենք գիտենք ավելին, քան այս պահին հրապարակվա՞ծն է, որտեղ որևէ մանրամասն չկա անուն-ազգանունից, մահվան վայրից և զինվորի պայմանագրային զինծառայող լինելուց բացի:

Ըստ իս, պատճառն այն է, որ ՊՆ-ն ու Քննչական կոմիտեն ուղղակի չեն կողմնորոշվել, թե ինչպես այս ողբերգությունը մարդկանց հասցնեն տոն օրը: Կա նաև երկրորդ, գուցե քիչ հավանական տարբերակը. ՊՆ-ն ու Քննչական կոմիտեն այդ օրերին նման ողբերգությունների զահլա չունեին:

ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասում է, որ դեպքը գաղտնի չեն պահել, ուղղակի չեն հայտնել: Այդ դեպքում ի՞նչ հանգամանքներ նկատի ունի նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը, երբ ասում է, որ դրանք հաշվի առնելով ավելի վաղ չեն հայտնել զինվորի մահվան մասին:

Բացառված չէ, որ իսկապես ինչ-ինչ հանգամանքներ կան: Բայց բոլոր մահերի հետևում էլ հանգամանքներ կան՝ ամենախորհրդավորից մինչև պարզապես սրտի կանգը: Հասարակությունը, իհարկե, հետաքննողմարմին չէ, բայց երբ ինչ-որ բան ես թաքցնում, նրա զգայարանները սրվում են՝ ծնվում են դավադրության տեսություններ, ենթադրվում է, որ զոհը դիվերսիայի հետեւանք է, և որ մենք արդեն խոցելի ենք՝ եթե ադրբեջանցին հասնում է զորամաս ու զինվոր սպանում: Երբ մահը թաքցնում ես, ծնվում է դետեկտիվը: Իսկ երբ հասարակությունն է դառնում դետեկտիվ, դա արդեն քաոս է:

Մհեր Արշակյան

MediaLab.am