Աշխարհի ամենահին կոշիկը չորանում է. գիտնականները մտածում են գտածոն պահպանելու մասին

17-06-2010
497 դիտում
Աշխարհի ամենահին կոշիկը չորանում է. գիտնականները մտածում են գտածոն պահպանելու մասին

Հայաստանում հայտնաբերված` աշխարհի ամենահին կոշիկը արդեն սկսել է չորանալ: Այն փրկելու համար անհրաժեշտ է գտածոն կոնսերվացնել: «Երբ 2008-ին մենք հայտնաբերեցինք այդ կոշիկը, այն շատ լավ պահպանված էր։ Կոշիկը պետք է կոնսերվացվի, մանավանդ մենք գիտենք՝ ինչ ձևով։ Սակայն արդեն հիմա այն սկսել է չորանալ։ 10 տարուց մենք այն կկորցնենք, եթե անհրաժեշտ ձևով չկոնսերվացնենք»,– լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ամերիկյան արշավախմբի ղեկավար, հնագետ Գրիգոր Արեշյանը։

Նրա կարծիքով` կոնսերվացման հարցով պետք է զբաղվեն թանգարանը և ՀՀ մշակույթի նախարարությունը։ Հայաստանին կարող են նաև օգնել կաշվե իրերի կոնսերվացման հարցում մասնագիտացած միջազգային տարբեր ինստիտուտները:

Աշխարհի ամենահին կոշիկը հայտնաբերվել է Վայոց ձորի մարզի Արենի գյուղի մոտակայքում գտնվող Թռչունների քարայր կոչվող տեղանքի հնագիտական պեղումների ժամանակ: ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը լրագրողներին հայտնել է, որ պեղումներն այս տեղանքում սկսվել են  դեռևս 2007 թվականից:

Դրանք կատարել են ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի, ամերիկյան և իռլանդական հնագետներից բաղկացած արշավախմբերը:

«Հայ-ամերիկա-իռլանդական համատեղ այս արշավախմբի պեղումների ընթացքում բացվել են բազմաթիվ շերտեր, ի հայտ են եկել շատ լավ պահպանված բազմաթիվ գտածոներ, որոնք թվագրվում են Ք. ա. 4200-ից մինչև 3500 թվականները»,- ասել է Պավել Ավետիսյանը: Հնագետ Գրիգոր Արեշյանն էլ նշել է, որ հայտաբերված կոշիկը պատկանում է պղնձե դարին (Ք. ա. 7000–5000 թվականներ)։

Նրա խոսքերով, այդ ժամանակաշրջանը եղել է տեխնոլոգիական կարևորագույն հայտնագործությունների շրջան։ Պղնձե դարի հետ են կապում մետաղի մշակումը,  անիվի հայտնաբերումը, տրանսպորտային միջոցների և գորգի օգտագործումը: Հնագետը նշել  է, որ Վայոց ձորի քարանձավային համալիրներում արշավախումբն արձանագրել է 39 բնակեցված քարանձավ։ Այստեղ պեղումները չեն դադարում: Այսօրվա դրությամբ, սակայն,  Արենիի քարանձավի միայն 3–4 տոկոսն է պեղվել։

«Մենք ունենք հիանալի պահպանված փայտյա, ոսկրե, կաշվե իրեր, զգեստ, նույնիսկ` մարդկանց փափուկ հյուսվածքներ, մնացորդներ։ Ըստ երևույթին, քարանձավն օգտագործվել է նաև որպես գերեզմանոց»,– ասել է Գրիգոր Արեշյանը:

Ինչ վերաբերում է մեծ աղմուկ հանած կոշիկին, ապա այն պեղվել է 2008 թվականին: Իսկ 2009 թվականի վերջերին մասնագետները հաստատել են, որ խոսքը 5500–6000 տարվա պատմություն ունեցող նմուշի մասին է։ Ըստ գիտնականների` սա այժմ հայտնաբերված` աշխարհի ամենահին կոշիկն է: «Կան հուշարձաններ, որտեղ գտել են նույն տարիքի ոտնամաններ։ Սա առաջին դեպքն է, երբ հենց ոտնամանն է թվագրված, այլ ոչ թե միջավայրը, որտեղ այն գտնվել է։

Այս դեպքում և՛ շերտն է թվագրված, և՛ կոշիկը։ Այս առումով` այս կոշիկի տված տվյալը ամենաարժանահավատն է։ Այդ պատճառով` աղմուկն ավելի մեծ է, քան մյուս դեպքերում», – լրագրողներին ասել է  ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը։

Հաղորդվում է, որ աշխարհի ամենահին ոտնամանը կարված է կաշվի մեկ ամբողջական կտորից: Այն  հետևի և առջևի մասերում բացված մի շարք անցքերով անցկացված քուղերով կապվել է ոտքին: Արդի եվրոպական չափման տեսակետից` այն 37 համարի է:

Կոշիկը հայտնաբերվել է խոտով լցված վիճակում, ինչը գիտնականներին մտորելու տեղիք է տվել: Կա վարկած, որ  նախամարդիկ խոտը կոշիկի մեջ են լցրել` այն տաք պահելու համար: Արժանահավատ է նաև այն վարկածը, համաձայն որի` խոտը կոշիկի մեջ դրվել է ձևը պահպանելու համար: Լուծված չէ անգամ կոշիկի հետ կապված հիմնական հարցը` նախամարդիկ այն հագե՞լ են, թե՞ ոչ: Եզակի գտածոն այժմ գտնվում է Հայաստանի պատմության թանգարանում:

Համաձայն ՀՀ օրենքների` նմուշից բացի,  մշակութային արժեք ներկայացնող ոչ մի նյութ չի կարող դուրս գալ Հայաստանից` առանց հատուկ թույլատվության։ «Դա պետության սեփականությունն է։

Ըստ օրենքի՝ մենք պարտավոր ենք հանձնել նյութերը պետական թանգարան։ Բացի գիտական ինֆորմացիայից, առարկայական որևէ բան չի կարող Հայաստանից դուրս գալ` դա կնշանակի, որ մենք գողություն արեցինք»,– ասել է Պավել Ավետիսյանը։

Անհրաժեշտության դեպքում, սակայն, կոշիկը կարող է տրամադրվել տարբեր մասնագետների` ուսումնասիրություններ կատարելու նպատակով:

Այս կապակցությամբ` տեղացի գիտնականներին անհանգստացնում է կոշիկի չորացման խնդիրը, որը նրանք ակնկալում են լուծել իրենց օտարազգի գործընկերների օգնությամբ` Գերմանիայում կամ Շվեյցարիայում:

Լիաննա Խաչատրյան

© Medialab.am