Կայքեր կան, մեկ աշխատողով տանը նստած ՝ copy-paste են անում պրոֆեսիոնալ լրատվամիջոցներից. Նաիրա Զոհրաբյանը կողմ է, որ դաշտը կանոնակարգվի

12-02-2019
335 դիտում
Կայքեր կան, մեկ աշխատողով տանը նստած ՝ copy-paste են անում պրոֆեսիոնալ լրատվամիջոցներից. Նաիրա Զոհրաբյանը կողմ է, որ դաշտը կանոնակարգվի

 «Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

- Տիկի՛ն Զոհրաբյան, դուք պատրաստակամություն եք հայտնել ձեր ղեկավարած ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի շրջանակներում բարձրացնել ֆեյք կայքերի հարցը՝ ոլորտում կարգուկանոն հաստատելու նպատակով: Ինչպե՞ս եք պատկերացնում այդ աշխատանքը:

- Ես նման նախաձեռնություն չեմ ցուցաբերելու այնքան ժամանակ, մինչև ինձ պաշտոնապես չդիմեն լրատվամիջոցների ղեկավարները: Այս էլ որերորդ տարին է՝ մասնավոր զրույցներում լրատվամիջոցների ղեկավարներն ինձ ու իմ գործընկերներին պարբերաբար խնդրում են, հորդորում են կարգավորել ֆեյք կայքերի գործունեությունը:

Խոսքն այն կայքերի մասին է, որոնք չունենք հասցե, որևէ իրավական ատրիբուտիկա, որը պահանջվում է պաշտոնական լրատվամիջոցի համար, որոնք զբաղված են ընդամենը տարբեր լրատվամիջոցներից copy-past անելով:

Այդ խնդիրը պետք է օրենսդրորեն կարգավորել: Բայց երբ նախորդ խորհրդարանում մենք նման փորձ արեցինք՝ նաև հիմք ընդունելով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ընդունված նմանօրինակ կարգավորումները, անմիջապես այդ նույն լրատվամիջոցների խմբագիրներից շատերը, ովքեր ինձ դիմել էին և ասում էին՝ այսպես այլևս չի կարելի, իրենք, չգիտես ինչու, սլաքները փորձեցին ուղղել մեր՝ պատգամավորներիս դեմ: Ես խնդիրը հասկանում եմ, ես ընդունում եմ, որ նման պրոբլեմ կա, ավելին, ԵԽԽՎ հենց վերջին՝ հունվարյան նստաշրջանում ֆեյք նյուզերի, սոցիալական մեդիայում ատելության տարածման խնդիրը քննարկվել է: Նաև մամուլի ու մեդիայի հանձնաժողովում առաջարկ եղավ ստեղծել աշխատանքային խումբ՝ օրենսդրորեն հարցը կարգավորելւ համար:

Ես ինքս՝ որպես պատգամավոր, որևէ նախաձեռնությամբ հանդես չեմ գալու, մինչև լրատվամիջոցների խմբագիրները, խոսքը պրոֆեսիոնալ լրատվամիջոցների մասին է, իրենք չձևակերպեն, թե իրականում ի՛նչ են ուզում: Նախաձեռնությունը պետք է լինի առաջին հերթին և միմիայն իրենցից, որից հետո մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովը պատրաստ է հարթակ տրամադրելու այդ քննարկումների համար:

- Այսինքն՝ նուրբ սահմա՞ն կա, որը չպետք է անցնել, որպեսզի դա չդիտարկվի ճնշում մամուլի վրա:

- Միանշանակ նուրբ սահման կա, որ դա չընկալվի խոսքի ազատության հանդեպ ճնշում: Ես մեծապես հասկանում եմ պրոբլեմը, ես դրա հետևանքներն անձնապես իմ մաշկի վրա զգացել եմ՝ որպես քաղաքապետի թեկնածու, բայց միևնույն է, որևէ նախաձեռնությամբ ես հանդես չեմ գալու: Նախաձեռնությունը պետք է գա լրատվամիջոցներից: Եթե լրատվամիջոցներին դուր է գալիս այս վիճակը, և եթե իմ շատ հարգարժան գործընկեր խմբագիրները կարծում են, որ մասնավոր զրույցներով այս խնդիրը լուծվելու է, ես պատրաստ եմ շարունակել նրանց հետ մասնավոր զրույցները:

- Խոսքն այս դեպքում կեղծ տեղեկություններ տարածելո՞ւ մասին է:

- Խոսքը ֆեյք նյուզերի մասին է, այն կայքերի, որոնք չունեն սեփականատեր, չունեն խմբագրություն, իրավաբանական հասցե, տարբեր նկուղներում գրանցված լրատվամիջոցներ են, որոնց նպատակը հանրությանը օպերատիվ և անաչառ տեղեկատվության տրամադրումը չէ: Եթե լրատվամիջոցների ղեկավարներն ուզում են, որ դաշտը կարգավորվի, «Զանգվածային լրատվության մասին» օրենքում արվեն փոփոխություններ, որ այն կարգավորումները, որոնք վերաբերում են տպագիր մամուլին, վերաբերեն նաև կայքերին, մենք պատրաստ ենք լինելու այդ հարթակը քննարկումների համար:

- Ձեր հայտարարությունից հետո սոցցանցերում հենց ձեր հասցեին մեղադրանքներ հնչեցին, որ դուք ինքներդ եք հովանավորում այդպիսի ֆեյք կայքեր:

- Ես սա համարում եմ կատարյալ անհեթեթ ապատեղեկատվություն: Ես որևէ լրատվամիջոց չեմ հովանավորում, նման որևէ նպատակ ու մտադրություն չունեմ: Անհեթեթությանը պատասխանելը ես համարում եմ ուղղակի ժամանակի անիմաստ վատնում: Ես կարծում եմ, որ ամեն մեկս մեր տեղում պետք է անենք առավելագույնը, որպեսզի ունենանք անաչառ ու պրոֆեսիոնալ լրատվամիջոց: Եվ ամենակարևորը՝ խոսքի ազատությունը պետք է լինի պաշտպանված: Սա է խնդիրը:

- Բացի ֆեյք նյուզերից, այսօր տարածված է նաև գրագողությունը: Որակյալ լրատվամիջոցի որակյալ արտադրանքը գողացվում ու տարածվում է որոշ լրատվամիջոցների կողմից: Ինչո՞ւ չի գործում օրենքը:

- Մենք ունենք «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենք, որով այդ հարցը կարգավորված է, բայց մենք նաև բազմաթիվ օրենքներ ունենք, որոնք ըստ էության մեռելածին են, ընդունվում են բավական որակյալ կարգավորումներով, բայց չեն գործում: Հիմա, ինչո՞ւ չեն գործում. սա ևս լուրջ քննարկման հարց է, եկեք միասին քննարկենք նաև գրագողության, copy-past-ի հարցը: Կայքեր կան, որոնք որևէ աշխատող չունեն, մեկ կայք բացող կա, ով նստած տանը copy-past է անում պրոֆեսիոնալ լրատվամիջոցներից: Այնինչ այդ տեղեկատվությունը հայթայթելու համար որակյալ լրատվամիջոցը ծախսել է ջանք, պրոֆեսիոնալ կատարել է աշխատանք: Այստեղ հեղինակային իրավունքը պետք է գործի, թե ինչո՛ւ չի գործում՝ սա էլ մի լայն քննարկման առարկա է:

- Ինչո՞ւ այդ գործողություններից տուժած լրատվամիջոցները դատի չեն տալիս գրագողությամբ զբաղվողներին, ինչո՞ւ չեն օգտվում օրենքով իրենց ընձեռված հնարավորությունից:

- Այդ հարցն ինձ միշտ է հետաքրքրել: Նաև ինձ միշտ հետաքրքրել է այն հարցը, թե ինչո՞ւ մենք՝ պատգամավորներս, շատ դեպքերում խուսափում ենք դատական գործընթաց սկսել այն լրատվամիջոցների հանդեպ, ովքեր անձնական վիրավորանք են հասցնում, ովքեր մտնում են մարդու անձնական կյանք, տարածում են ապատեղեկատվություն: Միգուցե այդ մշակույթը մեզանում դեռ ձևավորված չէ, որ քո պատիվը և արժանապատվությունը պարտավոր ես պաշտպանել իրավական հարթության մեջ:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am