«Հայաստանից Սիրիա մասնագետների հումանիտար աջակցության խումբ ուղարկելու քայլը քննադատողներն իրավացի են»․ Ստյոպա Սաֆարյան

13-02-2019
586 դիտում
«Հայաստանից Սիրիա մասնագետների հումանիտար աջակցության խումբ ուղարկելու քայլը քննադատողներն իրավացի են»․ Ստյոպա Սաֆարյան

«Հայաստանից Սիրիա մասնագետների հումանիտար աջակցության խումբ ուղարկելու քայլը քննադատողներն իրավացի են, որովհետև բացի իրավական կողմից, կա նաև այս քայլի քաղաքական կողմը»,-«Մեդիալաբին» ասում է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը:

Նա հարցնում է, թե արդյոք ի՞նչ քննարկումներ են տեղի ունեցել, որ նման որոշում է կայացվել։

«Մենք չենք ասում, որ իշխանությունն իրավունք չունի նման որոշումներ ընդունելու, բայց ինչպիսի՞ վերլուծություններ ու հաշվարկներ են արվել և՛ ռիսկերի, և՛ Հայաստանի շահաբաժինների առումով: Ընդ որում, խոսքը վերաբերում է թե՛ կարճաժամկետ, թե՛ երկարաժամկետ ռիսկերին»,- «Մեդիալաբին» ասում է Ստյոպա Սաֆարյանը:

Հիշեցնենք, որ փետրվարի 8-ին պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ Սիրիայի ժողովրդին մարդասիրական օժանդակություն ցուցաբերելու նպատակով հումանիտար ականազերծողներից ու բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող անձանցից բաղկացած 83 հոգանոց խումբ է մեկնել Սիրիա:

Ըստ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի՝ հայ մասնագետները Հալեպի բացառապես ռազմական գործողություններից զերծ բնակավայրերում ծավալելու են հումանիտար ականազերծման, բնակչության հակաականային իրազեկման, բժշկական ծառայությունների մատուցման մարդասիրական գործունեություն:
Պաշտպանության նախարարության այս քայլը քննադատվեց և՛ ընդդիմադիր գործիչների, և՛ վերլուծաբաններից ոմանց կողմից:

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, պարզաբանելով այս որոշումը, ասել էր, որ եղել է գրավոր խնդրանք Սիրիայի իշխանություններից:

«Սիրիայում Հայաստանի Հանրապետության հումանիտար առաքելությունն իրականացվում է օրենքի տառին համապատասխան: Եթե լինեն այնպիսի հանգամանքներ, եթե նաև անհրաժեշտություն լինի, որ ռազմական գործողությունների մասնակցեն, Հայաստանն անպայման դա ևս կանի օրենքի տառին համապատասխան»,- ասել էր նախարարը:

Ստյոպա Սաֆարյանի խոսքով՝ ի վերջո հետևյալ խնդիր կա՝ մենք ունե՞նք բավարար պատկերացում, թե ինչպես է տրանսֆորմացվելու սիրիական խնդիրը մեկ կամ երկու տարի հետո:

«Մենք ունե՞նք բավարար պատկերացում, թե ովքեր են հաղթողներն ու պարտվողները այդ կոնֆլիկտում, ի՞նչ վիճակում է հայտնվելու այնտեղ մնացած հայության փոքր հատվածը: Մյուս հարցը՝ արդյոք չկա՞ն ռիսկեր դա ռազմական ներգրավվածության տրանսֆորմացնելու: Այսօր ես լսեցի պաշտպանության նախարարի հիպոթետիկ մեկնաբանությունները և, անկեղծ ասած, անհանգստացա»,- նշեց նա:

Սաֆարյանի խոսքով՝ Աստված չանի, որ այդ գործընթացը վերածվի Սիրիա ռազմական խումբ ուղարկելու գործընթացի: Դա, քաղաքագետի խոսքով, նշանակում է կոնֆլիկտի մաս կազմել:

«Անգամ ԱՄՆ-ի նման երկիրը կամ Ռուսաստանը ուրախ չէ, որ այդ կոնֆլիկտում կա, չգիտեն ինչպես դուրս գալ: Այսինքն՝ հարցի այս քաղաքական կողմը կա, որը քննարկում է պահանջում: Չեմ ասում, որ բաց ու օնլայն պետք է քննարկեն, բայց լուրջ հիմնավորումներ ու քննարկումներ են պահանջվում նման քայլեր անելու համար՝ հեռանկարում ունենալով հնարավոր բոլոր տարբերակները»,- ասում է Սաֆարյանը:

Նրա խոսքով՝ սրան գումարվում է հարցի իրավական կողմը: Թեև խումբը հումանիտար օգնության համար է մեկնել, բայց դրա կազմում գտնվող անձինք հանդիսանում են պաշտպանական գերատեսչության ստորաբաժանումներ: Դա նշանակում է նաև պայմանագրի հիմքի վրա գնալ, իսկ դա նշանակում է պայմանագրի վավերացում Ազգային ժողովում: Այնինչ, որևէ վավերացում չի եղել:

«Այստեղ լիքը խնդիրներ կան, որոնք ընդհանրապես ցանկալի չէ, որ այս տեսքով լուծվեն»,- հավելում է քաղաքագետը:

Սաֆարյանի խոսքով՝ իրավիճակը հասկանալու համար խորհրդարանական ընդդիմությունը գոնե կարող է փակ քննարկումներ հրավիրել, իրավասու մարմիններից բացատրություններ ստանալ:

«Նաև կարիք կա, որ փորձագիտական հանրությունն էլ լրջագույն քննարկի, ոչ թե շահարկելու, աղմուկ բարձրացնելու, այլ ուղղակի հասկանալու, թե որոնք են Հայաստանի կարմիր գծերը, ժամանակային, բովանդակային և այլ առումներով: Եվ պետք է նաև մտածել, թե ինչպես է հնարավոր նվազեցնել բոլոր ռիսկերը, որ ո՛չ այնտեղի հայությունը տուժի, ո՛չ էլ Հայաստանը դառնա այլ քաղաքականություններ սպասարկող կամ այդպիսին գնահատվող երկիր»,- նշում է քաղաքագետը:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am