Համաներման հանցագործները

13-02-2019
1306 դիտում
Համաներման հանցագործները

Համաներումներն իրականում տապալված գործողություններ են: Ինչո՞ւ: Որովհետև բանտը նորից է «ծնում» մարդուն: Այսինքն՝ այնտեղ մարդը կրում է սոսկ պատիժ, չունի որևէ զբաղմունք կամ զբաղմունքը պատժի մի ձևն է, այնտեղ կան պատժի մեջ պատիժ հասկացություններ, աշխատողները հատկապես պատժի գործառույթներ իրականացնողներ են: Այսինքն՝ բանտերն իրենց բոլոր օղակներով պատիժ են ապահովում, նույնիսկ բժիշկները:

Պետությունը բանտարկյալին դատում է ոչ միայն օրենքով, այլև՝ մենթալիտետով:

Իսկ մենթալիտետը սա է՝ եթե հանցագործ ես, էլ շանս չունես մարդ լինելու:

Պետությունը բանտարկյալին կտրում է հոգեբանորեն հասարակություն վերադառնալու որևէ ճանապարհից: Բանտը միակողմանի ճանապարհ է, նույնիսկ եթե այնտեղից դուրս գալու տարբերակ կա: Եթե բանտ մտար որպես հանցագործ, չկա պետական որևէ մեխանիզմ, ծառայություն, որը քեզ թույլ կտա այնտեղից դուրս գալ, այսպես ասենք՝ մաքրված: Ոչ միայն մաքրված, այլև պատրաստ ինտեգրվելու:

Սա ո՞ւմ է հետաքրքիր այսօր: Խորհրդային տարիներից բանտը ընկալվել է պատժավայր: Միայն պատժավայր: Մարդը դատապարտվում էր անգոյության: Եթե վերադառնում էր հասարակություն, չէր նշանակում, որ նա գոյություն ունի:

Այսօր էլ այս ընկալումը կա: Մեկ անգամ դատապարտվածին հասարակությունը չի ընկալում, որովհետև հասարակությանը մատուցվել է քրեակատարողական մի մենթալիտետ, որ բանտարկյալից պետք է հեռու մնալ ինչպես խելագարից և բորոտից:

Եվ դա ճիշտ է ինչ-որ իմաստով, որովհետև բանտարկյալը այնտեղից դուրս է գալիս առանց սոցիալականացման որևէ աստիճան հաղթահարելու: Նա դուրս է գալիս բանտի չորս պատը գլխի մեջ, ահա ինչու, ի վերջո վերադառնում է դեպի այդ չորս պատը: Նա արդեն «ինտեգրվել» է մի աշխարհի, որտեղ հասարակական տեսանկյունից գոյություն չի ունեցել, նա ինտեգրվել է իր օտարվածությանը:

Մենք ագահ ենք պատժելիս: Մեր դատարանները տասնյակ տարիներ «մարդու միս» են մատակարարել բանտերին: Մեր արդարադատությունն ավարտվել է առանց մեղավոր մարդու աչքերի մեջ նայելու:

Փոխարենը պետությունը մտածել է համաներման ինստիտուտը, որը Աստծո խոսքի նման բան է, բոլորի շուրթերին է, բայց առանց էֆեկտի: Մարդը վերադառնում է հասարակություն կրկին որպես հանցագործ:

Որոշ իմաստով այդպիսի մի տեղ է նաև բանակը, բայց բանակում սոցիալականացման համար կա կոնկրետ ժամկետ, գիտես, որ երկու տարի ձգելու խնդիր է, և որ մեծ հաշվով գործ ունես պարտքի հետ և ոչ թե պատժի: Բայց մեթոդները, որոնք կազմակերպում են զինվոր-հրամանատար հարաբերությունները, և նույնիսկ՝ զինվոր-զինվոր հարաբերությունները, որոշ իմաստով քրեակատարողական մշակույթի հարաբերություններ են:

Եվ ահա վերջերս մեր իշխանությունները հայտարարեցին համաներում և ավելի քան 500 դատապարտյալ վերադարձավ հասարակություն:

Ոստիկանության շտաբի պետն ասում է, որ նրանցից  30-ն արդեն 42 հանցագործություն են կատարել: Շատ տարօրինակ է, որ մյուսները դեռ չեն կատարել էդ հանցագործությունները: Որովհետև էդ 30-ի արածն իրերի կարգի մեջ է: Իսկ ուրիշ ի՞նչ պիտի անեին:

Ո՞վ է նրանց պատրաստել մտնել հասարակություն, համաներումը երկնային շնորհի նման իջել է նրանց վրա, մինչ նրանք պատրաստ չեն էդ շնորհին: Էլ չեմ ասում, որ նրանց մի մասը աղքատությունից և անհուսությունից մղված է գնացել հանցագործության ու բռնվել, դուրս է եկել, տեսել է, որ ո՛չ իր, ո՛չ իր ընտանիքի կյանքում ոչինչ չի փոխվել:

Պետությունը բանտերում «թրծում» է կրկնահանցագործ, արդյունքում ինքն իր համաներման սոցիալական, հոգեբանական և փիլիսոփայական արժեքը չգիտի: Ուրեմն, պետությունը պետք է մտածի իր իսկ ինստիտուտի՝ համաներման, պատվի մասին: Այսինքն՝ պիտի դադարի հանցագործին դիտարկել անվերադարձ մարդ:

Նա ի վերջո մարդ է, որը դեռ վերադառնալու է: Եվ եթե նրան չես գնդակահարում, մտածի՛ր նրան քո մասնիկը դարձնելու մասին:

Մարդը չի կարող դատապարտվել ազատազրկման և դատապարտված լինել ազատության մեջ:

Մհեր Արշակյան

MediaLab.am