Տեսակետ.Վուդրո Վիլսոն կենտրոնը ոտնահարեց նախագահ Վիլսոնի ժառանգությունն ու ամերիկյան արժանապատվությունը

22-06-2010
488 դիտում
Տեսակետ.Վուդրո Վիլսոն կենտրոնը ոտնահարեց նախագահ Վիլսոնի ժառանգությունն ու ամերիկյան արժանապատվությունը

Չնայած բազմաթիվ բողոքներին և դժգոհություններին Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, այնուամենայնիվ, արժանացավ  Վաշինգտոնի Վուդրո Վիլսոն հետազոտական կենտրոնի (think-tank) մրցանակին:

Եթե այս իրադարձությունը  հայերիս համար կարելի է գնահատել որպես միջադեպ`  ցավալի ու անցանկալի, սակայն այնուամենայնիվ միջադեպ, ապա այն լուրջ հարված է ամերիկյան վերլուծական կենտրոնների վարկին:

Ցանկացած վերլուծական կենտրոնի հիմնական արժանիքը նրա ինքնուրույնությունն է, այսինքն անկախ վերլուծություններ և անաչառ կանխատեսումներ անելու ունակությունը:

Ծախված լինելն ամենավատ բնութագրականն է որևէ վերլուծական կենտրոնի համար: Մրցանակ շնորհելով Դավութօղլուին Վուդրո Վիլսոն կենտրոնն ընդունեց, որ պարզապես աճուրդով վաճառել է մրցանակը, կամ ինչպես իրենք էին փաթեթավորել գեղեցիկ բառերով` ՚մրցանակի հանձնումը մաս է կազմում իրենց դրամահավաքի ջանքերինՙ:  (“The Wilson Center said in an e-mailed statement that the award is part of its fund-raising effort.”)

Իհարկե Վուդրո Վիլսոն կենտրոնը իրավականորեն որևէ պարտավորություն չունի Միացյալ Նահանգների 28-րդ նախագահի հայացքներն  ու քաղաքական մոտեցումներն արժեվորելու առումով:  Այսուհանդերձ, այդ անունը որոշակի բարոյական պատասխանատվություն է դնում կենտրոնի վրա:

Վիլսոնն առաջինն էր պետության ղեկավարներից, ով համաշխարհային մակարդակով բարձրացրեց ժողովուրդների ինքնորոշման հարցը: Ինչպես կարելի մրցանակ տալ մի երկրի  արտգործնախարարին, որն արդեն տասնամյակներ արյան մեջ խեղդում է քրդերի ինքնորոշման իրավունքը:

Թուրքիան տրորելով քրդերի ինքնորոշման իրավունքը` ոտնահարում է Վիլսոնի քաղաքական ժառանգությունը:  Ցավոք, Վուդրո Վիլսոնի ժառանգության և ամերիկյան արժանապատվության ոտնահարման գործին մասնակից դարձավ նաև Միացյալ Նահանգների արդարամիտ նախագահ Վուդրո Վիլսոնի անունը կրող վերլուծական կենտրոնը:

Նրանք [թուրքերը] ի հայտ բերեցին բանականության կատարյալ բացակայություն և Արևմուտքի լիակատար թյուրըմբռնում:  Նրանք երևակայում էին, որ [Փարիզի խաղաղության] վեհաժողովը պատմություն չգիտի և պատրաստ է կուլ տալու [իրենց] հրեշավոր  կեղծիքները:   ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոն, 26 հունիսի 1919թ.,  Փարիզ

Արա Պապյան

Մոդուս վիվենդի կենտրոնի ղեկավար