««Մարտի մեկի» գործով մեղադրյալ պաշտոնյաների շարքը պետք է մեծանա».  իրավապաշտպաններ

18-02-2019
875 դիտում
««Մարտի մեկի» գործով մեղադրյալ պաշտոնյաների շարքը պետք է մեծանա».  իրավապաշտպաններ

«Մարտի մեկի» գործով մեղադրյալ պաշտոնյաների շարքը պետք է մեծանա, «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում է անում իրավապաշտպան Արթուր Սաքունցը: «Մեղադրյալների նստարանը պետք է երկար լինի, պետք է մեղադրյալի աթոռին հայտնվեն մարդու իրավունքների կոպիտ խախտումների, բռնությունների ու խոշտանգումների, մարդկանց սեփականությունից զրկելու համար մեղավորները, նախկին առանցքային այլ պաշտոյաներ»,- ասում է Սաքունցը:

Հիշեցնենք, որ Հատուկ քննչական ծառայությունը հայտնել է, որ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով վարույթն իրականացնող մարմինը, համարելով, որ գործով ձեռք բերված ապացույցները բավարար են Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Սեյրան Օհանյանի, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցած Յուրի Խաչատուրովի և ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Արմեն Գևորգյանի վերաբերյալ մեղադրական եզրակացություն կազմելու և գործը դատարան ուղարկելու համար, վերը նշված անձանց մասով քրեական գործի նախաքննությունն ավարտել է:

Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ:

Սեյրան Օհանյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեջ:

Յուրի Խաչատուրովը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեջ:

Իսկ Արմեն Գևորգյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-300.1-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ:

Արթուր Սաքունցն ասում է, որ դատաքննության ընթացքում կտեսնեն, թե ի վերջո ինչ հիմնավորումներ ու ապացույցներ են ձեռք բերվել վերոնշյալ 4 անձանց նկատմամբ մեղադրանքը հիմնավորելու համար: Բայց այն, որ մեղադրանք առաջադրված չէ առանցքային մի շարք պաշտոնյաների, դա փաստ է:

«Մասնավորապես, մեղադրանք առաջադրված չէ 2008 թվականի մարտի մեկից առաջ ու մարտի մեկին իշխանության մեջ գտնվող և որոշիչ դերակատարում ունեցող հետևյալ անձանց նկատմամբ՝ այն ժամանակվա վարչապետ Սերժ Սարգսյանի, նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի, նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի, ԱԱԾ բարձրաստիճան պաշտոնյաների»,- «Մեդիալաբին» ասում է Արթուր Սաքունցը:

Նրա խոսքով՝ կարևոր է նաև օլիգարխների թիկնազորների հարցը, փորձագետների փաստահավաք խումբն էր պարզել, որ օլիգարխների 30-35 թիկանապահների այդ օրը զինվորական համազգեստ էին բաժանել: Այսինքն, ըստ Սաքունցի, խոսքը ոչ թե զինված ուժերի, այլ ոչ ֆորմալ զինված միավորումների մասին է: Նրա խոսքով՝ ամենայն հավանականությամբ այդ թիկնազորին նաև զինել են:

«Եվ հիմա ես այդ մարդկանց չեմ տեսնում մեղադրյալների շարքում: Չենք տեսնում նաև Սերժ Սարգսյանին: Նախկին ՄԻՊ Լարիսա Ալավերդյան-Սերժ Սարգսյան հեռախոսազրույցն արդեն փաստում էր, որ Սերժ Սարգսյանը տեղյակ է եղել: Նա նաև փորձագետների փաստահավաք խմբի ստեղծման կարգադրությունը ստորագրած անձն է, ով նաև հրամանագրով կասեցրեց խմբի գործունեությունը: Սրա պատասխանն էլ պետք է տրվի: Այսինքն՝ ես նկատի ունեմ, որ երբ մեղադրյալների նստարանին չենք տեսնում նաև այդ մարդկանց, ուրեմն «Մարտի մեկի» գործով քրեական գործերը սրանով ավարտված չեն»,- ասում է իրավապաշտպանը:

Սաքունցի խոսքով՝ այսինքն՝ պետք է սպասել նաև այլ հիմքերով քրեական գործերի հարուցման: Ավելին, պետք է տեսնենք նաև 10 սպանվածների համար մեղավորներին, հարյուրից ավելի քաղաքական հետապնդումների համար պատասխանատուներին:

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանի խոսքով՝ այդ պաշտոնյաները, որոնց անունները շոշափվում են մեղադրական եզրակացության մեջ, հենց իրենք են եղել «Մարտի մեկի» առաջին դերակատարները:

«Նրանք են կազմակեպել, և ոչ միայն նրանք, նրանց հետ այլ պաշտոնյաներ: Մենք դա գիտենք տարիներ շարունակ: Հիմա, թե որքանով է խորությամբ նախաքննություն իրականացվել, բոլոր հարցերի պատասխանները կտան, թե՞ ոչ, կամ արդյոք իրենց առջև դրված խնդիրը կարողացել են ճիշտ լուծել, թե՞ ոչ, ես չեմ կարող ասել: Ես ամենևին չեմ բացառում, որ թերություններ լինեն, և վաղը դատարանում հանրությունը փաստի առաջ կանգնի»,- «Մեդիալաբին» ասում է Վարդան Հարությունյանը:

Նրա խոսքով՝ այս գործով դատաքննությունը պետք է տեղի ունենա օրենքի տառին համապատասխան, պետք է պաշտպանվեն մեղադրյալների բոլոր իրավունքները, և դատաքննությունը պետք է կատարվի ամենայն խորությամբ:

«Եթե մարդիկ իրոք հանցագործ են, նրանք պետք է դատարանում պատասխանատվության ենթարկվեն: Եթե այդ խորությունը չի լինի, ապա նրանք դատարանից ձեռքները գրպանը դրած տուն կգնան»,- ասում է Հարությունյանը:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am