«Որպեսզի հետագայում մարդիկ չասեն՝ թալանենք, եթե բռնվենք, կվերադարձնենք, պետք է պատժելիություն լինի». Վարուժան Հոկտանյան

21-02-2019
1010 դիտում
«Որպեսզի հետագայում մարդիկ չասեն՝ թալանենք, եթե բռնվենք, կվերադարձնենք, պետք է պատժելիություն լինի». Վարուժան Հոկտանյան

Իրավական տեսանկյունից սխալ է, երբ նախկին պաշտոնյաներն առանց դատարանի որոշման գումարներ են նվիրաբերում պետությանը: «Մեդիալաբի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Վարուժան Հոկտանյանը:

«Իրավական տեսանկյունից սխալ մոտեցում է, եթե առանց դատարանի որոշման գումարներ վերադարձվեն: Ես ինչքան հիշում եմ, նման բան եղավ, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց: Դրանից հետո, չգիտեմ, ճիշտ է դա, թե ոչ, 1998 թվականին ասում էին, թե գործարար Խաչատուր Սուքիասյանն էր այդպես արել: Այստեղ հարց է ծագում՝ լավ, այդ գումարը տվել է, չնայած պաշտոնապես այդ մասին որևէ տեղ չասվեց, ո՞ւմ է տվել, ինչպե՞ս է օգտագործվել այդ գումարը: Կարող է այն ժամանակ Ռոբերտ Քոչարյանն իր գրպանն էր դրել»,- ասում է Հոկտանյանը:

Օրերս տեղեկություն եղավ, որ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը, պետությանն անհատույց փոխանցել է 18.5 մլն դոլար: ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը պարզաբանել էր, որ 18.5 մլն դոլարը Ալեքսանդր Սարգսյանը պետությանն է փոխանցել որպես իր նկատմամբ հարուցված քրեական գործերի և քննչական գործողություների ժամանակահատվածում բացահայտված չարաշահումների փոխհատուցում:

Վարուժան Հոկտանյանն ասում է, որ այս գումարի փոխհատուցումը պատժից ազատվելու երաշխիք չէ, պարզապես կարող է մեղմել հետագա պատիժը: «Հավանաբար բացահայտվել է, որ այդքան կամ դրանից ավելի վնաս է հասցվել պետությանը, և Ալեքսանդր Սարգսյանն այդքանը փոխհատուցել է: Այդ հիմքով քննիչը գործը չի կարող կարճել, ուղղակի դա հետագայում կարող է դիտվել որպես մեղմացուցիչ հանգամանք, և դատարանը մեղմ պատիժ կարող է սահմանել, քանի որ ինքը հասցված վնասից այդքան գումար փոխհատուցել է»,- «Մեդիալաբին» ասում է Վարուժան Հոկտանյանը:

Նրա խոսքով՝ այսինքն ՝ Ալեքսանդր Սարգսյանի գործով պաշտոնապես հայտարարում են, որ վնասի փոխհատուցում է եղել, ոչ թե նվիրաբերություն: «Հնարավոր տարբերակ է այն, որ հետո, երբ արդեն այս գործը գնա դատարան ու քննվի, սա որպես մեղմացուցիչ հանգամանք օգտագործվի: Այստեղ, եթե իրավական հարցից անցնենք քաղաքականին, ապա հարց է ծագում, թե որքանո՞վ է դա արդարացված: Ես գտնում եմ, որ դա ճիշտ մոտեցում է: Եթե ուղղակի ասեն՝ այսքան վնաս է հասցրել, ուրեմն այդքան գումարի համար պետք է այսքան տարի նստի, դա այնքան էլ արդյունավետ չէ: Հիմա երկրի առաջընթացի, բյուջեի մուտքերի ավելացման և ընդհանուր մթնոլորտի առողջացման համար սա ավելի ողջունելի մոտեցում է, քան եթե չորով ասեն՝ այսքան գողացել ես, ուրեմն գնա նստի: Դա էլ կարելի է կիրառել, բայց դա չի նշանակում, որ ապագայում մյուսները չեն գողանա»,- նկատում է Հոկտանյանը:

Նրա խոսքով՝ դա չի նշանակում, թե ով ինչ հանցանք գործում է, կարող է գումար տալ ու ազատվել: «Եթե անձը միայն տնտեսական հանցագործություն է կատարել, կարող է ազատվել պատժից, բայց եթե այլ հանցագործություն է, ես սկզբունքորեն դեմ եմ, որ նա գումար տա ու ազատվի: Բայց եթե տնտեսական հանցագործություն է եղել, ինքը փոխհատուցում է, ես սխալ չեմ համարում այդ մոտեցումը: Այլ խնդիր է, որ այստեղ կա նաև մեդալի մյուս կողմը, որ հետագայում մարդիկ չասեն՝ թալանենք, եթե հանկարծ բռնվենք, կվերադարձնենք»,- ընդգծում է նա:

Այսինքն՝ ըստ մասնագետի, վտանգ կա, որ հետագայում մյուս պաշտոնյաներն էլ կարող են ներգրավվել կոռուպցիայում, գումար տալ ու ազատվել:
«Սա խնդրի մյուս կողմն է, որի դեմը պետք է առնել: Նախ՝ պետք է պատժելիություն լինի, երկրորդ՝ պետք է ստեղծվի այնպիսի վերահսկողական համակարգ, որպեսզի կոռուպցիայի դեմ պայքարի համակարգը աշխատեցվի: Իսկ դա քաղաքական կամքի հարց է»,- ասում է նա:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am