«Տարբեր ցուցիչներով, Ալիևն ու Ադրբեջանը ցանկություն չունեն արցախյան խնդիրը բանակցային ճանապարհով լուծելու և պատրաստվում են մեծ պատերազմի». Արա Պապյան

26-02-2019
1315 դիտում
«Տարբեր ցուցիչներով, Ալիևն ու Ադրբեջանը ցանկություն չունեն արցախյան խնդիրը բանակցային ճանապարհով լուծելու և պատրաստվում են մեծ պատերազմի». Արա Պապյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:

- Պարո՛ն Պապյան, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ասել է, որ Հայաստանը 100 մլն դոլար վարկով Ռուսաստանից այնպիսի սպառազինություն է ձեռք բերելու, որը ՀՀ զինված ուժերին թույլ կտա հաջողությամբ լուծելու իր խնդիրները: Նաև վերջերս տեղեկություն եղավ, որ հնարավոր է Հայաստանը նոր 100 մլն դոլար վարկ ներգրավի Ռուսաստանից՝ զենք ձեռք բերելու համար: Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունները:

- Անվտանգությունն այն կարևոր հարցն է, որի համար ոչինչ պետք չէ խնայել: Եթե այսօր 100 միլիոն խնայենք, վաղը կարող է 100 միլիարդի կորուստ ունենանք, չհաշված մարդկային կյանքերը: Պարզապետ այստեղ խնդիրն այն է, որը մասնագիտական հարց է, թե ինչքանով է այդ զենքերի գնման հարցում ճիշտ ընտրություն կատարվում: Նկատի ունեմ, օրինակ՝ հիմա ավիացիայի զարգացմանն է զարկ տրվում, տարբեր կարծիքներ կան՝ արդյոք այդպես պետք է վարվեին, թե ոչ:

Բայց վստահենք մեր պաշտպանության նախարարության մասնագետներին, երևի իրենք ճիշտ ընտրություն կանեն: Այստեղ հետաքրքիր է նաև պաշտպանության նախարարի այն շեշտադրումը, որ եթե անհրաժեշտություն լինի, հայկական կողմը հարձակման կանցնի: Սա դարձյալ ընդունելի և ողջունելի է, որովհետև միջազգային իրավունքը ընդունում է ինքնապաշտպանության առումներով նաև կանխարգելիչ հարվածը:

Եվ կարծում եմ՝ Ադրբեջանը նախքան այս հայտարարությունն էլ բավական լուրջ է դա ընդունել, որ մենք կարող ենք հակահարձակման անցնել թերևս 2016 թվականի ապրիլի դեպքերից հետո, որովհետև ըստ տարբեր տեղեկությունների՝ Ադրբեջանն իր խրամատների երկայնքով լուրջ ինժեներական աշխատանքներ է իրականացնում: Դա նշանակում է, որ իսկապես մտածում է, որ մենք կարող ենք հակահարձակման անցնել:

- Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն օրերս ասաց, որ հայկական ուժերը միայն թիրախային հարված են հասցնում ադրբեջանական կողմին: Հայտնի է, որ Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև ոչ պաշտոնական հանդիպումից հետո կրակոցները նվազել էին: Բայց կան տեղեկություններ, որ վերջին շրջանում ադրբեջանական կողմից կրակոցներն ավելացել են: Սա ինչո՞վ եք բացատրում:

- Նախ մենք պետք է փորձենք հասկանալ, թե ինչն էր դրդել Ադրբեջանին քչացնել կամ դադարեցնել կրակոցները: Իհարկե, դա Նիկոլ Փաշինյանի հետ պայմանավորվածության արդյունքը չէր: Իրենք հազար բան կարող են պայմանավորվել, ստորագրել, բայց խախտել: Ինչո՞ւ պետք է բանավոր պայմանավորվածությունը հարգեն, եթե չեն հարգում գրավոր նույն Բիշքեկի զինադադարի կամ այլ պայմանավորվածությունները:

Կարծում եմ՝ նրանց պահվածքը պայմանավորված է հենց այդ շինարարական աշխատանքներով: Բնականաբար, ցանկացած կրակի մենք պետք է պատասխան տայինք, թեկուզև թիրախային և խանգարեինք իրենց շինարարական աշխատանքներին: Հիմա արդեն երբ իրենք կավարտեն շինարարական աշխատանքները, այսինքն՝ պակաս խոցելի կլինեն մեր կրակի նկատմամբ, այդ ժամանակ նորից կսկսեն: Դա է, ուրիշ պատճառներ չպետք է փնտրել:

- Այսինքն՝ չպե՞տք է սպասել, որ Ադրբեջանը երկարատև հատվածում որևէ պայմանավորվածություն կպահի:

- Բնականաբար ոչ: Այս կոնֆլիկտի ամբողջ ալիևյան տրամաբանությունն այն է, որ ինքն աշխարհին ցույց տա, որ այս կոնֆլիկտը քնած չէ, մարած ու հանգած չէ և կարիք ունի լուծման, եթե չեք ուզում, որ ավելի մեծ կոնֆլիկտ լինի:

- Հայկական կողմը շարունակում է առաջ մղել այն տարբերակը, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջ: Ազգային ժողովի ամբիոնից Նիկոլ Փաշինյանն այս պահանջը օրերս դարձյալ հնչեցրեց: Ադրբեջանն ինչպե՞ս է արձագանքում սրան:

- Ադրբեջանական կողմն ասում է՝ եթե պետք է Արցախի հայերը մասնակցեն, նաև Արցախի ադրբեջանցիները պետք է մասնակցեն:

- Նիկոլ Փաշինյանը նրանց այս հարցով պատասխան տվեց՝ նշելով, որ չպետք է նույն կարգավիճակում դիտարկել Արցախի հայերին ու, այսպես կոչված, Ղարաբաղի ադրբեջանական համայնքին:

- Նիկոլ Փաշինյանը կարող է տարբեր մեկնաբանություններ անել, ասելով չէ: Մենք ասում ենք՝ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջ, բայց Արցախը չի մասնակցել, ո՞նց վերադառնա: Այն բոլոր մասնակցությունները, որ եղել են, եղել են ադրբեջանական,  հայկական համայնքների կողմից:

Այստեղ խնդիրը հետևյալն է՝ դա մեզ ձեռնտո՞ւ է, թե՞ ոչ: Իհարկե, ձեռնտու չէ, որովհետև եթե Արցախը պետք է մասնակցի, դրան զուգահեռ պետք է մասնակցեն ինչ-որ ադրբեջանցիներ,  նշանակում է քիչ թե շատ դե ֆակտո Արցախի իշխանությունը մենք հավասարեցնելու ենք ինչ-որ անորոշ կարգավիճակ ունեցող, բաքուներում թափառող ինչ-որ մարդկանց հետ: Երկրորդ՝ թե ով կմասնակցի բանակցություններին, դա ի վերջո բանակցության ձևաչափն է, նպատակն ու բուն առարկան չէ:

Լավ կլիներ, որ մասնակցեր, բայց ակնհայտ է, որ մեր ուզած տարբերակը չի լինի: Հայկական կողմը կարող է դրա մասին պարբերաբար հայտարարել, բայց ակնկալել, որ Ադրբեջանը դրան կհամաձայնի, իրատեսական չէ:

- Մյուս կողմից հայկական կողմից այս դիրքորոշման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խումբը կարծես լռո՞ւմ  է:

- Եթե Մինսկի խումբը պաշտպանի հայկական դիրքորոշումը, ասի՝ այո՛, Արցախը  պետք է մասնակցի, Ադրբեջանը պետք է նեղանա: Եթե ասի՝ չպետք է մասնակցի, Հայաստանը կնեղանա: Դրա համար էլ իրենք պետք է լռության մատնեն այս հարցը: Ասում են՝ դե ոնց կլուծվի՝ կլուծվի: Իրենց համար տարբերություն չկա, թող կողմերն իրար մեջ լուծումը գտնեն:

- Հիմնախնդրի կարգավորման հարցը ի վերջո ի՞նչ փուլում է հիմա, կողմերն ինչի՞ են սպասում:

- Ալիևը պատրաստվում է պատերազմի և մեծ պատերազմի: Դա ակնհայտ է և՛ Նախիջևանում դիրքերը առաջ տալու գործողություններից, և՛ ինժեներական ու շինարարական աշխատանքներից, և՛ երկրի ներսում ու դրսում գաղափարախոսական ընդլայնված աշխատանք տանելու պրոցեսից: Այսինքն՝ տարբեր ցուցիչներ կան, որոնք ցույց են տալիս, որ Ալիևն ու Ադրբեջանը որևէ ցանկություն չունեն խնդիրը բանակցային ճանապարհով լուծելու:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am