«Պետության կողմից լրատվամիջոցին տարածք տալը խոսում է նաև այդ լրատվամիջոցի անկախ չլինելու մասին, որովհետև դա նրա վրա ազդելու լծակ է». Աշոտ Մելիքյան

27-02-2019
1054 դիտում
«Պետության կողմից լրատվամիջոցին տարածք տալը խոսում է նաև այդ լրատվամիջոցի անկախ չլինելու մասին, որովհետև դա նրա վրա ազդելու լծակ է». Աշոտ Մելիքյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը

- Պարո ՛ն Մելիքյան, վերջին ամիսներին որքանո՞վ են մամուլի նկատմամբ ռեպրեսիաներ և ճնշումներ նկատվում։ Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանն է բարձրացնում այս խնդիրը։ Իրականությունը որտե՞ղ է, դուք տեսնո՞ւմ եք հալածանք մեդիայի նկատմամբ, թե ոչ, թե՞ իրավիճակը ուռճացված է։

- Ես կարծում եմ, որ իհարկե, այս իշխանությունները, ինչպեսև ցանկացած իշխանություն, այսպես թե այնպես անում է քայլեր, որոնք լրատվամիջոցների համար խնդիրներ են ստեղծում։ Բայց եթե համեմատենք այս խնդիրներն այն վիճակի հետ, որը նախորդ 10 տարիներին էր տիրում, իհարկե, համեմատությունը հօգուտ այսօրվա իրավիճակի է։

Ես ամենայն պատասխանատվությամբ կարող եմ ասել, որ այսօր լրատվամիջոցները շատ ավելի բարվոք վիճակում են, գործունեության պայմանները շատ ավելի բարենպաստ են, քան նախորդ տասնամյակի ընթացքում։ Էլ չեմ ասում այդ տասնամյակին նախորդող տասնամյակը, երբ փակվում էր «Ա1+»-ը։ Ես կարող եմ նաև որոշ զուգահեռներ անցկացնել այդ տասնամյակների հետ։ Օրինակ՝ եթե հիմա որոշ լրատվամիջոցներ որպես ճնշում են դիտարկում վարչապետի արձագանքը չարաբաստիկ խաշի մասին հրապարակմանը և համարում են, որ այդ արձագանքը ճնշում է, ապա թող այդ մարդիկ համեմատեն, թե ինչ էր կատարվում «Գալա» հեռուստաընկերության հետ, երբ ընտրությունների նախօրեին տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ պահանջում էին  ընդդիմությանը եթեր չտրամադրել, իսկ եթեր տրամադրելուց հետո սկսվեցին բազմաթիվ դատական գործեր, հարկային ստուգումներ, հեռուստաաշտարակից օգտվելու հնարավորության զրկում և այլն։

Երբ իշխանությունը որոշ բառերից հետո անցնում է բիրտ գործողությունների, այ սա արդեն ճնշում է։ Կամ՝ ճնշում էր «Էլեկտրիկ Երևանի» իրադարձությունների ժամանակ տասնյակ լրագրողների և օպերատորների ջարդը, Սարի թաղի դեպքերի ջարդը։ Իսկական ճնշումները այն ժամանակ էին։ Մարդիկ, որոնք այսօրվա իրավիճակը համեմատում են նախորդ տասնամյակի հետ ու ասում են, որ նախորդ տասնամյակում շատ ավելի բարվոք էր իրավիճակը, նրանք կամ փորձում են հանրությանը թյուրիմացության մեջ գցել, կամ ինչ-որ քաղաքական շահեր են փորձում սպասարկել։

Բայց դա չի նշանակում, որ մենք չենք նկատում այսօրվա բացասական երևույթները, ինչու չէ՝ նաև ճնշումները։ Օրինակ՝ նախընտրական շրջանում, երբ ոստիկանները գնացին և պահանջեցին, որ News.am-ի խմբագրությունը տրամադրի եթեր գնացած քաղաքական գործիչներից մեկի լայվի ձայնագրությունը, և նաև պահանջում էին, որ այդ ձայնագրության բովանդակության հիմքերը տրամադրեն, դա իհարկե ճնշում էր լրատվամիջոցի նկատմամբ։

Նմանատիպ այց է եղել նաև Aysor.am-ի խմբագրություն։ Մենք հիշում ենք Yerevan today-ում կատարված խուզարկությունը, որի արդյունքները հանրության համար այդպես էլ չբացահայտվեցին, թե որն էր այն լուրջ պատճառը, որ այդ ամենը կատարվեց։ Արժի հիշել, թե ինչպես լրագրողները շաբաթ օրով չկարողացան մտնել ԱԺ շենք, որտեղ իշխող խմբակցությունը դռնփակ նիստ էր անցկացնում։ Դա չէր կարող հիմք հանդիսանալ, որ խորհրդարանում հավատարմագրված լրագրողները չկարողանային թեկուզ նիստից հետո պատգամավորների հետ զրուցել և կարծիքներ հավաքել։

Մի խոսքով, այսօր էլ կարող ենք արձանագրել լրագրողական գործունեության խոչընդոտում, տարատեսակ ճնշումներ, բայց, կրկնում եմ՝ դրանք համեմատելի չեն նախորդ տասնամյակի հետ, երբ ճնշումներն ու խոչընդոտումները շատ ավելի բիրտ էին, և խոսքի ազատության վիճակն այն ժամանակ շատ ավելի ցածր մակարդակի վրա էր։

- Մեդիաները ինչի՞ դիմաց կարող են անհատույց տարածք ստանալ։ Եթե ասում են՝ անկախ լրատվամիջոց, ապա ինչո՞ւ մյուսները ևս այդպիսի անհատույց ստացած տարածքներ չունեն։

- Տարածքի հարցը, կարծում եմ՝ հիմնովին լուծման անհրաժեշտություն ունի, որովհետև յուրաքանչյուր  առանձին դեպքում կոնկրետ իրավիճակ է՝ կոնկրետ խնդիրներով հանդերձ։ Նույն «Ա1+»-ի պարագայում, երբ 2005 թվականին վտարում էին նախկին շենքից, նաև վերցրել էին իրենց սեփականություն հանդիսացող որոշ տարածք, և դրա դիմաց էր, որ պետությունն անհատույց թույլ է տվել տարածք օգտագործել։ Մեկ ուրիշ դեպքում այլ խնդիրներ են առաջանում։

Իհարկե, լրատվամիջոց գործարկելը բիզնես գործունեություն է, և պետությունն անհատույց տարածք տրամադրելիս պետք է իմանա, թե ինչի համար է դա անում։ Մեծ հաշվով բիզնեսով զբաղվող կազմակերպությունները, իհարկե, վարձակալության պարագայում վարձ  պետք է վճարեն կամ էլ պետք է կարողանան ունենալ սեփական տարածքը։ Բիզնես տեսանկյունից հասկանալի է, որ պետության կողմից որոշ տարածքներ տալը խոսում է նաև լրատվամիջոցի անկախ չլինելու մասին, որովհետև դա նաև լծակ է լրատվամիջոցի վրա ազդելու համար։

- Կարո՞ղ ենք արձանագրել, որ այս աղմուկը մի փոքր չափազանցված էր։

- Ես կարծում եմ, որ նոր իշխանությունները որոշ դեպքերում իրենց չկշռադատված, կտրուկ գործողություններով առիթ են տալիս, որ այսպիսի արձագանք լինի։ Իհարկե, ես կարծում եմ, որ այսօրվա արձագանքը դրամատիզացիայի հասցված իրավիճակ էր։ Մեծ հաշվով, մանավանդ քաղաքապետարանի պարզաբանումներից հետո, կարծում եմ՝ գալու է ժամանակը, որ այդ հարցը լայն քննարկման դրվի, և հավասարակշռված որոշումներ կայացվեն։

Մանե Հարությունյան

MediaLab.am