Ալեքսանդր Սարգսյան. «Նվիրաբերողը»

28-02-2019
1469 դիտում
Ալեքսանդր Սարգսյան. «Նվիրաբերողը»

Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի նվիրաբերումները 1700 տարվա քրիստոնեություն ունեցող Հայաստանի նոր «ձեռքբերումներից» են: 20 տարի որտե՞ղ էր այս մարդը, ինչո՞ւ ոչինչ չէր «նվիրաբերում»:

Իսկ հիմա, ինչպես ԱԱԾ-ն է տեղեկացնում, Արցախի բանակին նվիրաբերել է 20 միլիոն դոլար:

Պատասխանը որտե՞ղ փնտրել, ի՞նչ տեղի ունեցավ: Տեղի է ունեցել այն, որ «սիրո և համերաշխության հեղափոխությունը» պարզապես չի ուզում մինչև վերջ ոչնչացնել պետության բյուջեն անձնական զուգարանի նման տնօրինած այս մարդուն: Ոչնչացնել իսկապես պետք չէ: Եվ իսկապես էլ թող ինչ-որ կերպ օգտակար լինի Արցախի բանակին, ի վերջո զինվորը նաև նրա զինվորն է:

Բայց ինքը հո գիտի՞, որ չի նվիրաբերում:

Խնդիրն այն է, որ կրթություն չունեցող ոչ մի միլիոնատեր կարգին չգիտի, թե ինչ է նշանակում «նվիրաբերելը»: Նրան հնարավորություն է տրվել թալանածը վերադարձնել «քրիստոնեական» ճանապարհով, և այն էլ՝ ղարաբաղցու ձեռքով: Հայաստանը այսպես է օգնում Ղարաբաղին՝ դու թալանել ես մեզնից այն գումարը, որը նաև Արցախի բանակի փողն էր:

Մենք չենք կարող մեր բյուջեին նման շռայլություններ թույլ տալ, բայց քեզ հնարավորություն կտանք լինել շռայլ: Ալեքսանդր Սարգսյանը շռայլ է վերջին 20 տարիների մեր զրկանքների հաշվին: Եթե գումարը թալանված չէ, ես չեմ հավատում, որ «նվիրաբերման» մղումը Լուսավորչի Տեսիլքի նման մի բանի արդյունք է: Եթե թալանված է, իրերը կոչենք իրենց անուններով, որպեսզի իմանանք, թե ինչ ենք կորցրել նախորդ 20 տարիներին:

Մենք կարող ենք մտածել, որ պարոն Սարգսյանն իրականում փրկագին է վճարել որդու՝ «գվատեմալացի Գոնսալեսի» համար, որը կարծես թե ճեղքեր է գտնում իրավական ճանապարհով երրորդ երկրում հայտնվելու համար: Թեպետ ավելի հավանական է, որ կբերվի Հայաստան:

Իրականում ի՞նչ է նվիրաբերումը: Դա քրիստոնեական ամենակարևոր ընկալումներից մեկն է՝ քանի որ ինքդ քեզ չես կարող տալ նրան, որը փրկվելու կամ ոտքի կանգնելու կարիք ունի, տալիս ես քեզնից հետո կամ քեզ հավասարազոր ամենաթանկագինը: Այս դեպքում՝ փողը:

Մոտավորապես, «այս է մարմինն իմ, առեք ու կերեք»: Այսինքն՝ ծլեք, ծաղկեք: Ալեքսանդր Սարգսյանի արածն արտաքնապես հենց այս «առեք ու կերեք»-ն է: Ինքն իր մարմնից է կտրել: Իր մարմնից, բայց ոչ՝ իր մարմինը: Որովհետև հագուստն էլ է մարմնի մաս, եթե ուղղակի անհնար է առանց հագուստի: Եվ հագուստն էլ կարելի է նվիրաբերել նույնիսկ ցնցոտի չունեցող մեկին:

Հիմա պատկերացրեք՝ այսպիսի նվիրաբերումներ են անում մաքսայինի նախկին պետը, Տարոն Մարգարյանը: Բայց ո՞րն է փողի այն չափը, որից կարելի է ենթադրել, որ սա ոչ թե «սիրո և համերաշխության» թավշյա ռեկետ է, այլ հենց նվիրաբերում:

Որովհետև էս մարդիկ հաստատ իրենց վերջին շապիկը չեն տալիս, այլ վերադարձնում են անաշխատը: Եվ ինչքա՞ն են այս մարդիկ շարունակելու պետությանը գումարներ «նվիրաբերել» և ոչ թե վերադարձնել: Հիմա կարո՞ղ է վաղը Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանն էլ ինչ-որ գումար նվիրաբերի ու գնա տուն: Չիմանա՞նք, թե էս մարդու թալանի երևակայությունն ինչքան էր: Պետությունն ունի՞ ինչ-որ իրավական հասկացություններ, որոնց մեջ քաղաքացիներ են ձևավորվում:

Այսինքն՝ նվիրաբերվածը գողացվա՞ծն է, թե՞ ոչ:

Ասեք ու թող նվիրաբերեն ինչքան ուզում են: Որ մենք իմանանք՝ գողացվածի ինչքա՞ն մասն են վերադարձնում: Կամ գուցե դա ամբո՞ղջն է:

Նվիրաբերումից քաղաքացի չի ծնվում, վաղն էլ որ ուզենա, մուննաթ կգա պետության վրա: Դարձրեք նրան բոլորին հավասար, որոնք վերջին 20 տարիների զրկանքները դեռ կրում են իրենց ուսերին:

Մհեր Արշակյան

MediaLab.am