«Թող մեր երեխաները վերջին զոհերը լինեն, նոր Հայաստանում այլևս թող չկրկնվեն այդպիսի ոճրագործություններ». Սարգիս Քլոյան

01-03-2019
390 դիտում
«Թող մեր երեխաները վերջին զոհերը լինեն, նոր Հայաստանում այլևս թող չկրկնվեն այդպիսի ոճրագործություններ». Սարգիս Քլոյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի հետևանքով զոհված Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը։

- Պարո՛ն Քլոյան, այսքան տարիներ հետո առաջին անգամ ասում են՝ Հայաստանում իրական գարուն է, դուք ի՞նչ սպասելիքներ ունեք, Մարտի 1-ի էջը կփակվի՞, ի՞նչ տպավորություններ ունեք:

-Նոր գարուն է բացվել Հայոց աշխարհի վրա, բայց Մարտի 1-ի զոհերի հարազատների համար այսօր գերեզմանների օր է: Թող մեր երեխաները վերջին զոհերը լինեն, նոր Հայաստանում այլևս թող չկրկնվեն այդպիսի ոճրագործություններ: Թող ապագա իշխանությունները, որոնք գալու են իշխանության, հասկանան, որ արյամբ, մարդ սպանելով չգան իշխանության: Ես այդ կոչը կանեի:

Ինչ վերաբերում է սպասելիքներին, դրանք շատ մեծ են: Թավշյա հեղափոխությունից հետ սպասելիքներս ավելի ամրացան, կարկառուն դեմքերը արդեն ճաղերի հետևում են, և դեռ շատ շատերն են գնալու ճաղերի հետև: Ամբողջովին պետք է արմատախիլ անել ՀՀԿ-ի կարկառուն դեմքերին, որպեսզի կարգուկանոն հաստատվի, և լինի ազատ, անկախ, երջանիկ Հայաստան:

- Կարծում եք՝ այդ շղթան ամբողջությամբ կբացահայտվի՞։ Ի դեպ, գլխավոր մեղադրյալներից մի քանիսը Հայաստանում չեն:

- Հայաստանում չեն, բայց հետախուզման մեջ են, նրանց էլ կգտնեն: Թեկուզ 1-2 տարի հետո նրանց կբերեն Հայաստան: Այդ շղթան շատ մեծ է, դա և՛ Հայաստանում է, և՛ դրսում: Ուղղակի գործը մեծ է, քննիչները քիչ են: Բայց կամաց-կամաց գործերը կգնան դատարան: Առաջին խումբն արդեն գնացել է, բոլորը կհայտնվեն ճաղերի հետևում:

- Արդարադատությունից որքանո՞վ եք գոհ:

- Դատական համակարգն անջատ է կառավարությունից: Իմ կարծիքով՝ կբարձրացնեն դատական համակարգի աշխատողների աշխատավարձերը, նրանք այլևս չեն գնա կոռուպցիայի, կունենանք նորմալ համակարգ:

Մենք, ճիշտ է, ուրախացել ենք, որ «Մարտի 1»-ի գործը բացվում է, բայց մեր հոգիները ցավում են: Ես շատ եմ ուրախացել, որ մեր երեխաների համար հուշարձան է կանգնեցվելու, իմ թոռնիկները կիմանան, թե իրենց հայրն ինչի՛ համար է զոհվել:

- Դասագրքերում ուզում են Մարտի 1-ի մասը վերանայել: Ինչպե՞ս եք գնահատում ԿԳ նախարարի այս քայլը:

-Զոհերի հարազատներս արդեն մեկ անգամ եղել ենք ԵՊՀ-ում, որի պատմության ֆակուլտետի դեկանն անխղճորեն գրել էր, թե երկու կողմից զենքի կիրառման հետևանքով ունեցել ենք զոհեր: Հիմա բոլորս՝ զոհերի հարազատները, Էդիկ Մինասյանից պահանջում ենք, որ շրջանառությունից հանի այդ հատվածը: Վերջերս ինքը հարցազրույց էր տվել և ասել, որ երբ ամբողջովին ավարտվի դատաքննությունը, ամբողջովին փակվի «Մարտի 1»-ի էջը, ինքն իր խոսքը կասի այդ ժամանակ:

Մանե Հարությունյան

MediaLab.am