«Ոչ թե իրավական գործընթաց, այլ գործարք պետության հետ». փաստաբանը՝ աղմկոտ գործերով գումարներ ու գույք նվիրելու մասին

04-03-2019
646 դիտում
«Ոչ թե իրավական գործընթաց, այլ գործարք պետության հետ». փաստաբանը՝ աղմկոտ գործերով գումարներ ու գույք նվիրելու մասին

Փաստաբան Վահան Հովհաննիսյանը «Մեդիալաբի» հետ զրույցում անդրադարձել է նախկին պաշտոնյաների կողմից գումարների վերադարձի և նրանց խափանման միջոցը փոխելու գործընթացին:

Օրերս հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանին գրավով ազատելու դատարանի որոշման դեմ ներկայացված բողոքը դատախազը չի պնդել: Դա նշանակում է, որ Ղազարյանը կմնա ազատության մեջ: Գլխավոր դատախազությունը պաշտոնապես պարզաբանել էր, որ Վաչագան Ղազարյանին կալանավորելու վերաքննիչ բողոքը չի պնդում, քանի որ Վաչագան Ղազարյանը վերականգնել է հանցագործությամբ պատճառված վնասը, և քննության ներկա փուլում նվազել են նախաքննությանը խոչընդոտելո ռիսկերը: Փաստաբան Վահան Հովհաննիսյանը հարցադրում է անում՝ պատճառված նյութական վնասի վերականգնումը ինչպե՞ս կարող է նվազեցնել նախաքննությանը խոչընդոտելու ռիսկը:

Փաստաբանի խոսքով՝ Քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածը նախանշում է հինգ նախապայմաններ, որոնց դեպքում քննարկվում է անձի՝ կալանքի տակ գտնվելու անհրաժեշտությունը կամ հիմնավորվածությունը: Դրանց թվում են՝ փախուստի դիմելը, նախաքննությանը խոչընդոտելը, նոր հանցանք կատարելը:

«Իմ հարցադրումը հետևյալն է՝ եթե Վաչագան Ղազարյանը փոխհատուցել է պետությանը պատճաված վնասը, դա ո՛չ Քրեական դատավարության օրենսգրքի շրջանակներում, ո՛չ ընդհանրապես որևէ իրավական գործընթացում չի կարող դիտարկվել որպես այնպիսի գործոն, որը կարող է ազդել անձի՝ նախաքննությանը խոչընդոտելու կամ չխոչընդոտելու վրա: Այսինքն՝ ես դա տվյալ դեպքում գնահատում եմ պարզապես որպես գործարք պետության հետ, երբ անձն իր կողմից պատճառված վնասը փոխհատուցում է պետությանը, և պետությունը դրան որպես հակադարձող քայլ՝ անձին ազատում է կալանքից: Ես դա այդպես եմ գնահատում, քանի որ որևէ իրավական գործընթացի շրջանակներում դա չի կարող քննարկվել»,- «Մեդիալաբին» ասում է Վահան Հովհաննիսյանը:

Ըստ փաստաբանի՝ սա սխալ մոտեցում է և խտրական վերաբերմունք մյուս անձանց նկատմամբ: «Պատկերացրեք՝ կա անձ, ով կատարել է նմանատիպ առերևույթ հանցավոր արարք և չի կարողանում փոխհատուցել պետությանը պատճառված վնասը, տվյալ դեպքում մնում է անազատության մեջ կամ արգելանքի տակ: Իսկ Վաչագան Ղազարյանը կամ, օրինակ, եթե վերցնենք վերջին դեպքը՝ Հրազդանի նախկին քաղաքապետը, փոխհատուցում են պետությանը պատճառված վնասը և մնում ազատության մեջ:

Ես հարց եմ տալիս՝ անձը, ով փախհատուցում է պետությանը պատճառած վնասը, մի՞թե չի կարող միջամտել նախաքննությանը ներգրավված անձանց՝ վկաների, տուժողների գործողություններին: Հանգիստ կարող է ազդել նրանց վրա: Մի՞թե չի կարող կատարել Քրեական օրենսգրքով արգելված նոր արարք, մի՞թե չի կարող խուսափել նախաքննությունից կամ դիմել փախուստի: Այսինքն՝ դա այն իրավաչափ գործընթացը չէ, որը կարող է հակադրվել այդ 135-րդ հոդվածով նախատեսված պայմաններին»,- ասում է նա:

Փաստաբանը նման դեպքերի համար հետևյալ առաջարկն ունի՝ անձի՝ ազատության մեջ գտնվելու կամ չգտնվելու գործընթացը պետք է դիտարկվի կալանավորման պայմանների և հիմքերի պայմաններում և ոչ դրանից դուրս: Այն դիրքորոշումը, որն այսօր որդեգրել է ՀՀ դատախազությունը, ըստ Հովհաննիսյանի, չի տեղավորվում այդ կալանավորման հիմքերի ու պայմանների համատեքստում:

Փաստաբանն անդրադառնում է նաև հարցին, թե որքանո՛վ է իրավաչափ նախկին պաշտոնյաների կողմից պետությանը գույք նվիրաբերելու գործընթացը:

«Նվիրատվությունը ես որևէ իրավական գործընթացի համատեքստում չեմ կարողանում դիտարկել: Դա այն վտանգավոր միտումներն է պարունակում, որոնք ես արդեն նշեցի՝ դա գործարք է անձի և պետության միջև, երբ անձը իր կողմից կատարված ենթադրյալ հանցավոր արարքներից փորձում է անպատժելի մնալ իր կողմից փոխհատուցվող գումարներով, ինչն անթույլատրելի է: Պետությունը պետք է հրաժարվի նման գործարքներից: Ի՞նչ է նշանակում նվիրաբերել, դա նշանակում է, որ անձը կատարել է հանցավոր արարք, կամ ինքն այդ գույքը ձեռք է բերել հանցավոր խախտումների արդյունքում և հետագայում, գիտակցելով այդ արարքը, գույքը նվիրաբերում է պետությանը: Դրան պետք է լինի համարժեք պատասխան Քրեական օրենսգրքով նախատեսված որևէ արարքի կամ հանցակազմի համատեքստում, ինչը տվյալ դեպքում չի կատարվում»,- ընդգծում է Վահան Հովհաննիսյանը:

Ըստ նրա՝ գործող օրենսդրության շրջանակներում հնարավոր է այս հարցերը զուտ իրավական դաշտում լուծել: Ե՛վ մեր Սահմանադրությունը, և՛ մեր ներպետական օրենսդրությունը ունեն այն իրավական ներուժը, որի պայմաններում հնարավոր է պատասխան տալ այս բոլոր հարցերին: Պարզապես, փաստաբանի խոսքով, պետք է կոնկրետ քաղաքական ու իրավական կամք դրսևորել, որպեսզի այդ հարցերին լուծում տրվի:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am