Երևանի կենդանաբանական այգին կաջակցի թափառող շների ստերջացման աշխատանքներին

13-03-2019
191 դիտում
Երևանի կենդանաբանական այգին կաջակցի թափառող շների ստերջացման աշխատանքներին

Երևանի կենդանաբանական այգին կաջակցի թափառող շների ստերջացման աշխատանքներին։ Այս մասին տեղեկացնում է պաշտոնական հաղորդագրությունը։

«Այսօրվանից Երևանի կենդանաբանական այգին կաջակցի Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ ստեղծված «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» նորաստեղծ ՀՈԱԿ-ին: Կնքված հուշագրի համաձայն՝ առաջիկա մեկ ամսվա ընթացքում Այգու մասնագետները կօգնեն ՀՈԱԿ-ի աշխատակիցներին մայրաքաղաքում թափառող շների ստերջացման գործում:

Այգու մասնագետների ներգրավումը կնպաստի նաև «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» նորաստեղծ ՀՈԱԿ-ի աշխատանքները մասնագիտական ճիշտ հենքի վրա կառուցելուն:

Կառույցի աշխատանքները սկզբնական շրջանում կկազմակերպվեն Երևանի կենդանաբանական այգու կենդանաբուժական կլինիկայում, որն իր հագեցվածությամբ և կահավորանքով ավելի քան բավարար է գործընթացը պրոֆեսիոնալ կազմակերպելու և իրականացնելու համար:

Հիշեցնենք, որ ըստ հրապարակված տվյալների Երևանի քաղաքապետարանը թափառող կենդանիների վերաբերյալ միայն վերջին 2 ամսում ստացել է ավելի քան 700 ահազանգ: Կատարված ուսումնասիրությունների համաձայն՝ մայրաքաղաքում այսօր թափառող կենդանիների թիվը հասել է 15-20 հազարի:

Ստեղծվել է սուր իրավիճակ. ավելացել է անտուն շների քանակը, տեսակն էլ դարձել է ավելի ագրեսիվ:

Նախատեսվում է այս տարի ստերջացնել թափառող 6000 էգ շներից 4500-ը, այսինքն` շուրջ 75 տոկոսը»: