«Մադրիդյան սկզբունքները ուղիղ պատերազմի վերսկսման ու Հայաստանի կործանման ճանապարհն է». Արա Պապյան

13-03-2019
1466 դիտում
«Մադրիդյան սկզբունքները ուղիղ պատերազմի վերսկսման ու Հայաստանի կործանման ճանապարհն է». Արա Պապյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:

- Պարո՛ն Պապյան, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունից հետո և Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանն ընդառաջ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնեց Ստեփանակերտ ու Արցախում Անվտանգության խորհրդի նիստ գումարեց: Փաշինյանն իր ելույթում մի քանի շեշտադրումներ արեց, ի՞նչ ուղերձներ հղեց:

- Ամենակարևոր հարցը, որը բարձրացրել էին եռանախագահներն իրենց ուղերձում, հինգերորդ պարբերությունն է, որում վերաշարադրված են Մադրիդյան սկզբունքները, որին Անվտանգության խորհրդի նիստի իր ելույթում անդրադարձավ Նիկոլ Փաշինյանը: Նա խոսեց Հելսինկյան երեք սկզբունքների և հակամարտությունը կարգավորող վեց տարրերի մասին: Ինձ համար այստեղ կարևորը հստակ դիրքորոշումն է, որը ես այդպես էլ չհասկացա: Հիմա այդ վեց տարրերը մնո՞ւմ են որպես դիրքորոշման հիմք, թե՞ չեն մնում:

Մնացած թեման վերաբերում էր բանակցային ձևաչափին, այն է՝ Արցախի մասնակցությանը և այլն, որն էական չէ: Էական է, թե ինչի՛ շուրջ են ընթանում բանակցությունները, ինչի՛ հիման վրա: Եթե մենք ընդունում ենք այդ վեց տարրերը, որոնց թվում են ԼՂԻՄ-ի շրջակա տարածքների հանձնումը, փախստականների վերադարձը, խաղաղապահ գործողությունները, դա նշանակում է, որ հակամարտությունը չի լուծվում: Ընդհակառակը, մենք հանձնում ենք ամեն ինչ՝ մեզ համար խիստ ցավագին հետևանքներով: Դրա համար այստեղ ամենակարևորը Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ հստակեցումն է: Դրանք մերժելու մասին միանշանակ հայտարարություն չի արվել:

- Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունն ընդհանուր առմամբ Հայաստանի ու Արցախի համար դրակա՞ն է, թե՞ բացասական:

- Դա վատ հայտարարություն էր, դրանում շատ վատ ռիսկեր կան: Ըստ էության այն, ինչ զուտ աշխատանքային փաստաթուղթ էր, և մենք ասում էինք՝ քանի դեռ ամբողջը չի ընդունվել, ուրեմն ոչինչ չի ընդունվել, այսօր այդ հայտարարությամբ աշխատանքային թուղթը դառնում է եռանախագահների դիրքորոշում:

Դա շատ վատ է: Այսինքն՝ տարածքներ հանձնելը, առանց կարգավիճակի հստակեցման, դարձել է դիրքորոշում: Ճիշտ է, այստեղ Նիկոլ Փաշինյանի մեղքը քիչ է, այդ մեղքը գալիս է Լևոն Տեր-Պետրոսյանից, երբ դրեց «տարածքներ կարգավիճակի դիմաց» սկզբունքը, հետո դա զարգացավ արդեն Քոչարյանի ժամանակ՝ որպես Մադրիդյան սկզբունքներ և շարունակվեց այդպիսին մնալ Սերժ Սարգսյանի ժամանակ:

Բայց Նիկոլ Փաշինյանի մեղքն այնքանով է, որ ինքը շարունակում է այդ նույն գիծը: Թող հստակ ասի, որ մենք իմանանք: Ի վերջո շատ մարդիկ Սերժ Սարգսյանին մերժել են հենց Ղարաբաղի հարցի համար, որովհետև մենք չենք ընդունում Մադրիդյան սկզբունքները, որովհետև դա ուղիղ պատերազմի վերսկսման ու Հայաստանի կործանման ճանապարհն է: Երբ մենք այդ 7 շրջանը հանձնենք, ու այնտեղ զորքերի ուղեկցությամբ մտնեն ադրբեջանցիները, այդ ժամանակ ամեն ինչ կվերջանա:

- Ի՞նչ պետք է անի հայկական կողմը, ի՞նչ պահանջներ պետք է առաջ քաշի:

- Կարող է ասել՝ ես հեղափոխական իշխանություն եմ, եկել եմ հեղափոխությամբ, հետևաբար, այն, ինչ ինձանից առաջ բանակցել են, այս հեղափոխությունը ցույց է տալիս, որ մեզ համար անընդունելի է: Եվ պետք է առաջ քաշել այլ տարբերակ, ինչի մասին հազար անգամ խոսել ենք՝ միջազգային իրավունքը:

Այսօր քննարկումը գնում է ստալինյան սահմանադրության շուրջ, անհեթեթ վիճակ է ստեղծվել: Ամբողջ աշխարհում ստալինիզմն ու ստալինյան սկզբունքները մերժվում են, մենք մեր բանակցային հիմքում դրել ենք այդ սկզբունքները և դրա շուրջ քաղաքական, ոչ իրավական բանավեճի մեջ ենք մտել ադրբեջանցիների հետ: Սա պետք է փոխվի, որովհետև ի տարբերություն Փաշինյանի, ես չեմ ընդունում, որ ադրբեջանցի ժողովուրդը նույնքան խաղաղասեր է, ինչքան հայ ժողովուրդը: Թալիշում երեք խաղաղ բնակչին մորթողը, հայ ռազմագերիներին կենդանի մորթողը, իսկ մնացածի դիակները պղծողը էլի Ադրբեջանի ժողովուրդն է, Ալիևը չի եղել: Այնպես որ, համեմատությունը տեղին չէ:

- Այսինքն՝ ձեր ասածից կարելի՞ է ենթադրել, որ ձևաչափ պետք է փոխվի:

- Ո՛չ, ձևաչափը չպետք է փոխվի, պետք են փոխվի բանակցային հիմքը, էությունը: Այդ վեց տարրերը, որոնց մասին խոսեց Նիկոլ Փաշինյանը, դրանք պետք է փոխվեն, որովհետև այդ վեց տարրերը չեն բերում խնդրի լուծման, տևական խաղաղության: Մի պահ պատկերացնենք՝ հայերը հանձնում են յոթ շրջանը, միջազգային ինչ-որ վերահսկողության տակ պահում են միջանցքը, այդ յոթ շրջան օտարերկրյա զորքերի ուղեկցությամբ մտնում են ադրբեջանցիները, ԼՂՀ վերադառնում են մյուս գաղթականները, իսկ իրենք հաստատ վերադառնում են առնվազն 200 հազարով:

Եվ հետո 5-10 տարի հետո լինում է կամարտահայտություն կամ հանրաքվե: Որևէ մեկն իսկապե՞ս մտածում է, որ դրանից հետո 5 կամ 10 տարի հայերը դեռ կշարունակեն Արցախում ապրել: Իմ կարծիքով՝ ոչ մի հայ այնտեղ այլևս չի ապրի, բոլորը կարտագաղթեն Ռուսաստան, Հայաստան:

- Փաշինյան-Ալիև հանդիպումից առաջ Մինսկի խմբի այս հայտարությունն ավելի շատ հայկական կողմի՞ն էր ուղղված, թե՞ ադրբեջանական:

- Կարծում եմ, որ սա հիմնականում հայկական կողմին ուղղված մեսիջ էր: Սրա խորքում ավելի շատ աշխարհաքաղաքական դժգոհություններն են Հայաստանի նկատմամբ: Այն վիճակը, որն այսօր կա Հայաստանի շուրջ, ո՛չ Արևմուտքին է բավարարում, ո՛չ Ռուսաստանին: Երկուսն էլ դժգոհ են, Արևմուտքը հույս ուներ, որ Փաշինյանը կլինի ավելի պրոարևմտյան, բայց չեղավ, իրենք էլ բավարարված չեն և իրենց դժգոհություններն են արտահայտում: Ռուսաստանն էլ էլի դժգոհ է, որովհետև Փաշինյանն իշխանության է եկել մի ճանապարհով, որն իր համար ընդունելի չէ: Այսինքն՝ մենք մի վիճակ ունենք, որ այսօր երկու կողմերն էլ դժգոհ են: Իսկ այդ դժգոհությունն այսպես է արտահայտվում, այդ ուղերձը տվեցին:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am