Ատմոսֆերա

13-03-2019
1578 դիտում
Ատմոսֆերա

«Ատմոսֆերան» սրճարան է Օպերայի տարածքում:

Լրագրողական որևէ նյութի ամենադժվար բանը օբյեկտիվ մնալն է, մանավանդ երբ ունես տարիների ընթացքում ձևավորված հաստատուն կարծիք լուսաբանվող նյութի մասին, նաև երբ չես ուզում դառնալ ընթացիկ, արդեն ապահով մեծամասնության կարծիքի համերաշխ մասնիկ, և երբ օբյեկտիվ լուսաբանման օբյեկտը իրականում քո նախասիրությունների շրջանակում բոլորովին չի տեղավորվում: Այնուամենայնիվ, այսօր Օպերայի հարակից տարածքում «Ատմոսֆերա» սրճարանն ապամոնտաժելու փորձ արվեց:

Կային տեխնիկա և համապատասխան մարդիկ Կենտրոն թաղապետարանից, լրագրողներ, ոստիկաններ, նոր պաշտոնյաներ, սրճարանատերեր ու սրճարանների աշխատողներ, քաղաքացիներ, թոշակառուներ, որոնք ուղղակի մասնակցեցին իրարանցմանն ու լցրեցին իրենց օրը:

Բայց կա խնդիր:

Ես դպրոցական տասը տարվա ընթացքում դպրոց գնալիս կամ դպրոցից գալիս ամեն օր անցել եմ Օպերայի բակով, ուսանողական հինգ տարիներին անպայման Օպերայի բակով եմ տուն վերադարձել, ուսանողական նստացույցը կյանքիս առաջին ուժգին երևույթն էր ու էլի՝ Օպերայի բակում: Օպերայի բակի ծառուղին՝ թավ, խիտ կաղնիներով, ամառվա ամենաշոգ օրերին այնպիսի զով տարածք էր ստեղծում, որ անհավանական տատանում էր ջերմաստիճանի՝ ծառուղուց դուրս և ծառուղուց ներս:

Թոշակառուներն այն ժամանակ շախմատ ու դոմինո էին խաղում Օպերայի ծառուղում, տղաներն աղջիկների հետ ժամերով քայլում էին քաղաքի կենտրոնում՝ քաղաքից կտրված: Երբ ծառուղին հատվեց ու բաժանվեց սրճարանների, որտեղ շատ արագ հիմնավորվեցին մշտական այցելուներ, որոնք մինչ այդ Օպերայի բակում էքսկուրսիայի կարգով էին եղել, ու մինչև ուշ երեկո պատվիրում էին թանկարժեք կոկտեյլներ և ուտեստներ, իսկ շրջապատի քաղաքն անհաղորդ էր այդ նոր ստեղծվող իրականությանը ու աստիճանաբար դուրս էր մղվում իր հին քաղաքից ու հանձնում էր մշտական այցելուի իր տիտղոսը նորագույն մարդկանց՝ ես երիտասարդական ավյունով ատում էի բոլոր նրանց, ովքեր այդ նոր տնտեսական հարաբերություններում կորչող քաղաքի վերացման հեղինակ ու համահեղինակ էին:

Երբ հին նկարներում օպերայի խիտ ծառուղին տեսնում էի, իմ մեջ արթնանում էր շահիդուհին:

Այսօր՝ մարտի 13-ին, Օպերայի բակում իրարանցում էր: Ապամոնտաժման փորձ էր: Քաղաքապետարանի որոշմամբ Օպերայի տարածքի որոշ սրճարաններ քանդվելու են:

Այդ կարևոր «որոշ» բառը, պարզվեց, շատ էական է, որովհետև երբ մոտեցա ապամոնտաժվող սրճարանին, որտեղ աղմուկ, իրարանցում, լաց ու բղավոց էր, Երևանի ավագանու անդամը «Լույս» դաշինքից շեշտում էր հենց սելեկտիվ ապամոնտաժման խնդիրը և ասում, որ իհարկե պետք է ապամոնտաժվեն, և տարածքը կանաչապատվի, բայց ոչ ընտրովի, այլ բոլոր սրճարանները: Թվում է, հավասարության և ոչ սելեկտիվ «վատության» մեջ կա արդարության պահանջ, բայց, ըստ էության, եթե խնդիրն աշխատատեղ ու աշխատավարձ կորցնելն է, իսկ խնդիրն իրոք դա է, ապա ի՛նչ տարբերություն՝ դու անփող ես ու անաշխատանք կողքի սրճարանների աշխատողների հետ միասի՞ն, թե՞ մենակ: Այս պահն ինձ համար մի քիչ չհիմնավորված մնաց:

Ապամոնտաժման դեմ պայքարում էին կողքի սրճարանները նույնպես, թեև ապամոնտաժվում էր դեռ միայն «Ատմոսֆերան»: Օբյեկտիվ ստեղծվել է մի վիճակ, ավելի ճիշտ՝ քաղաքային մշակույթը վերջին տասնամյակներում դեֆորմացվել է այնպես, որ սրճարանային շատ սպեցիֆիկ քաղաքային մշակույթը բավական լուրջ դիմափոխվել է: Հին Երևանի, որն իրականում բավականին ջահել էր, բայց սպանեցին, ուրեմն այդ հին Երևանի հայտնի սրճարանները՝ «Պապլավոկ», «Սկվազնյաչոկ», «Կազիրյոկ», «Դերասան», «Նաիրի» կինոթատրոնի դիմացի խանութ-սրճարանն ու էլի մի երկուսը, ունեին իրենց կայուն կոնտինգենտն ու, հետևաբար՝ մշակույթը:

Սրանց վերացումից հետո քաղաքը մի որոշ ժամանակ խարխափում էր, մինչև հայտնվեցին մի քանի նոր սրճարաններ, որտեղ «անօթևան» մնացած նախկին փակված սրճարանների հաճախորդներն ունեցան իրենց սիրած սեղանը: Այդ ընթացքում Օպերայի տարածքում բացված ու բացվող սրճարանները դարձան այն երևանցիների այցելության սրճարանները, որոնք ունեին կայուն գումար, բայց չէին մտնում որևէ քաղաքային ընդգծված ենթամշակույթի մեջ, նաև որոնք չունեին այդ գումարը և երբեմն հայտնվում էին այդ սրճարաններում որևէ արտառոց առիթով, ամռանը դրսից եկած հայերն էին, ես ինքս այդտեղ եղել եմ երկու անգամ, երկու անգամ էլ՝ երեսուն տարվա բացակայությունից հետո Հայաստան եկած հայերի հրավերով:

Սրանք այն սրճարաններն են, որտեղ կարող են լինել բոլորը, բացի նրանցից, որոնք ունեն երևանյան սրճարանների մշակույթի հիշողություն: Բայցևայնպես, սա նույնպես Երևանն է, ու նրա աշխատողներն ու այցելուները ևս երևանցիներ են:

Ես, իրոք, պատրաստ չէի պատկերացնելու, որ արդեն ձևավորվել է մի սերունդ, որի համար այդ սրճարաններն «իրենցն» են, որտեղ իրենք արդեն ինչ-որ հուշ ունեն, ու բոլորովին կապ չունի՝ ծանծաղ, թե՞ խոր հուշ, դա արդեն ընդհանուր կրթամշակութային բարբարոսության արդյունք է, բայց այն, որ կա արդեն այդ սերունդը, որն ասում է՝ «մեր սրճարանը»՝  ինձ համար անսպասելի էր: Հաճելի փաստ չէ, բայց փաստ է, որի հետ էլ պետք է հաշվի նստել:

Այցելուների այդ խավը կամ այդ նոր սերունդը, բոլորովին նույնիսկ չի հիշում Օպերայի ծառուղու գոյությունն ու տեսքը, դրա՝ իր մեջ կրած մշակույթը, հետևաբար նաև՝ կարոտը: Այս փաստերը, ինչ խոսք, հրապուրիչ չեն, բայց փաստեր են, չոր փաստեր:

Այն կանայք, որոնք այսօր փակվող սրճարանի մոտ ցույց էին անում, իհարկե ցուցարարի իմ ճաշակով չէին, բայց դա տվյալ դեպքում բոլորովին կապ չունի: Հավաքարարները բղավում էին, պահանջում իրենց ուզածը, միգուցե ոչ այն բառապաշարով, որ կուզեինք լսել, մենեջերները հուզված վրա էին տալիս հավաքվածներին, սրճարանատեր տղամարդիկ միայն կլոր սրճարանի դատարկ տարածքում հրահանգում էին աղջիկներին ու կանանց, թե ի՛նչ ասեն, իրենք սև շալվարներով ու բաճկոններով երկրորդ գծում էին: Աղջիկներն ու կանայք մտահոգ էին իրենց հաջորդ օրվա համար, սրճարանները փակվելու են, իրենք անգործ են մնալու:

Մոտենում եմ տարեց երկու հավաքարարների, որոնք շատ ակտիվ էին պահում «առաջնագիծը»: Հարցնում եմ՝ արդյոք այնքա՞ն են ստանում, որ մտահոգ են այդ գումարը կորցնելու համար:

Միաբերան պատասխանում են՝ այո՛: Նրանցից մեկն ասում է՝ երբ հիվանդանոցում է եղել, սրճարանատերը հոգացել է իր ծախսը, իսկ ինքը հետո աշխատելով փակվել է գումարը: Այստեղ խնդիրը ուրվագծվում է իր ամբողջ ծավալով: Երբ քաղաքացին հիվանդանում է՝ ինքն այլևս ապավինում է միայն որևէ մեկի օգնությանը: Մարդը ինքն իր հենարանը լինել չի կարողանում իր աշխատանքով, իրենց հասանելիք իրավունքներով ու օրենքներով:

Մարդը փնտրում է հենարան, և այդ հենարանը տվյալ դեպքում սրճարանատերն է, որն «առաջնագծում» չէ, լուսանկարչական ու տեսագրող սարքերի առջև չէ, այլ կլոր «Ատմոսֆերայի» մեջտեղում մի տեղ, իսկ «առաջնագծում» կանայք են, որոնցից մեկը միայն սեփականատերն էր:

Նա ակնհայտորեն հուզված էր, ու երբ մոտեցա աշխատողների շղթային, ինքը բարձրաձայն ու հուզված ամոթանք էր տալիս բարիկադների հակառակ կողմում կանգնած մի ակտիվ աղջկա՝ ասելով. «Դու հեղափոխություն էիր անում էս կաֆեում ամեն օր, գոռում էիր, բա հիմա ինձ են ճնշում, ինձ են անգործ թողնում, բա հիմա չե՞ս ամաչում, որ դիմացս կանգնել ես»:

Հավաքարարուհիների հետ զրուցելու պահին մոտեցավ մոտակայքում ապրող մի ջահել կին ու հարցրեց, թե հատկապես ո՛ր սրճարանից են հավաքարարուհիները: «Շոկոլադնիցա»՝ ասացին կանայք՝ ակնհայտորեն վստահ լինելով կարեկցանքի հանդիպել: Ջահել կինը մարտական դիրք ընդունեց ու հայտարարեց.

«Ես ձեզ էնքան եմ ուզել տեսնել ու ասել ձեր դեմքին՝ ամո՛թ: Բա ո՞նց կարելի է էսքան տարի մաքրած ելակի պոչերը, ուտելիքի մնացորդները թափել դուրս ու Օպերայի շուրջը կեղտաջուր ու աղբանոց սարքել, լա՛վ են անում, որ փակում են, շա՛տ լավ»:

Հավաքարարուհիներն այս անգամ հանպատրաստից պատասխանեցին. «Իյա, լա՛վ եմ անում, թող զիբիլի ավտոն լավ աշխատի»:

Մի կին, որ կողմնակի մարդ էր ու ոչ շահառու կողմ, ցուցարար կանանցից մեկին ասաց՝ «Ես այսքան տարի ապրում եմ Երևանում, մի անգամ չեմ կարողացել օգտվել էս սրճարանից, նվազագույն աշխատավարձ եմ ստանում, մի անգամ, չկարողացա համտեսել ձեր սարքածը»  ու հուզվեց:

Սրճարանատերերից մեկը հիշեցրեց, որ սխալ տեղ է ուղղում բողոքը, պետության ղեկավարներին պիտի դիմի: Իսկ վերջում մի թոշակառու պապիկ հրաշալի սպորտային հագուստով, մոտակա շենքերից ակնհայտորեն, մաղթեց, որ փակվեն բոլոր գարշելի սրճարաններն ու առանց փողի մնան բոլորը, ինչին ի պատասխան սրճարաններով շահագրգռված ջահել տղամարդը հնչեցրեց հայկական կինոներում բազմիցս հնչած նախադասությոընը. «Տո գնա՛, պարազի՛տ, կյանքո՞ւմ ես փող աշխատել կամ մի բան ստեղծել, քոնը նպաստ ստանալն ա»:

Կար մի չոր փաստ ևս: Վարչական շրջանի նորանշանակ ղեկավարը, որին անձամբ չեմ ճանաչում, բայց տեսակով հներից չէ ակնհայտորեն, բռունցքով չի հարվածի դեմքին ու չի հայհոյի, քայլելիս էլ, էն, որ քայլում էին՝ շքախումբը հետևից ու իրենք դիմացից եկողին ո՛չ զգում էին, ո՛չ տեսնում, ո՛չ էլ մի միլիմետր կարող էին մի կողմ քաշվել որևէ մեկին տեղ տալու համար, այլ ուղիղ ու մի քիչ անկենտրոն հայացքով գնում էին առաջ ու իրենց դեմ խաղ չէր զգում ամբոխը, ա՛յ, դրանցից չէ, ու ամբոխը, հավաքվածները դա շատ արագ են զգում ու «համարձակ» են դառնում ոչ թե իրավական տեսանկյունից, այլ՝ հոտառությամբ զգացած «կարելի ա» եզրահանգմամբ:

Մի պահ պատկերացնում ես Կենտրոնի նոր ընտրված ղեկավարի փոխարեն հներից մեկին ու զգում ես, որ ծագումնաբանորեն իրենցից մեկն էին առաջվա թաղապետները, իրենց բառապաշարով, ասված կամ դեռ չասված «լավ եմ անում»-ով, ու իրենք համարձակ չէին նրանց առաջ: Սա էլ խնդիր է, գուցե չոր փաստ չէ, բայց դոմինանտ խնդիր է:

Երևանի ավագանու «Լույս» դաշինքի անդամ Անի Խաչատրյանի ակտիվ մասնակցությամբ վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը հայտնեց, որ պետք է այսօր ժամը վեցին քննարկվի այս հարցը, որ տեսնեն՝ ի՛նչ են ուզում մարդիկ, նրանց առաջարկները ևս լսելի լինեն: Առաջարկները ներսում այսպիսին էին. ժամանակ՝  նոր գործ, աշխատատեղ գտնելու համար և անպայման մյուս սրճարաններն էլ ապամոնտաժված տեսնելու ցանկություն, որովհետև նրանք ևս փչացնում են Օպերայի ներսի տարածքը: Թե ի՛նչ առաջարկներ կլինեն հետո՝ սպասենք, կիմանանք:

Մի քսան տարի առաջ, երբ ծառահատվեց տարածքը, երևանցիները չէին պատկերացնում, որ դա հնարավոր է: Հիմա, երբ ապամոնտաժվում են սրճարանները՝ երևանցիների մի մասը չի պատկերացնում, որ դա հնարավոր է, մի քսան տարի հետո, եթե սրճարանների տեղում ծառեր աճեն, ու ծառուղին սկսի վերականգնվել, նոր սերունդը չի պատկերացնելու, որ դա հատելը բանական է:

Անհրաժեշտ է լսել մարդկանց պահանջը, բավարարել նրանց ապրելու ու եկամտի հնարավորությունը, սա նվազագույնն է, ինչ պետք է անել, անկախ նրանց հանդեպ ունեցած համակրանքից կամ դրա բացակայությունից, սրճարանային նախասիրությունից: Սա կեցության հարց է, թեև նաև հարց է՝ ինչո՛ւ են տերերն ու տղամարդիկ հետևի շարքում, իսկ լացած ու բղավող կանայք՝ առջևում:

Հավանաբար՝ ատմոսֆերա է:

Լուսինե Հովհաննիսյան

MediaLab.am