Կոչ՝ քաղաքական գործիչներին, ելույթները պատրաստել ճշտված տվյալների հիման վրա

14-03-2019
140 դիտում
Կոչ՝ քաղաքական գործիչներին, ելույթները պատրաստել ճշտված տվյալների հիման վրա

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնությանե կոալիցիայի» կոչը ներկայացնում ենք ստորեւ։

«Մարտի 8-ին առիթով բազմաթիվ քաղաքական գործիչներ բարձրաձայնեցին կանանց իրավունքներին վերաբերող խնդիրներ, ինչն, անխոս վերաիմաստավորեց օրվա խորհուրդը։ Սակայն, որոշ դեպքերում եղան նաև ոչ ճշգրիտ մոտեցումներ, որոնք իրավիճակին չտիրապետելու հետեւանք է։ Հատկապես, երբ խոսքը վերաբերում է ընտանեկան բռնությանն ու այդ երևույթի տարածվածությանը մեր հասարակությունում։

Քաղաքական գործիչների՝ ընտանեկան բռնության և առհասարակ կանանց իրավունքների վերաբերյալ թեմաների բարձրաձայնումն, անխոս, կարևոր և ողջունելի քայլ է, սակայն ընտանեկան բռնության արմատական պատճառների վերացումը, Հանրապետությունում ընտանեկան բռնության դեպքերի նվազեցումն, ի թիվս օրենսդրական բարեփոխումների, պահանջում է նաև հարցի վերաբերյալ պատշաճ, հիմնավորված, համակարգային արձագանք, որը պետք է բխի նաև առկա վիճակագրական տվյալներից։

Միայն պաշտոնական վիճակագրության համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի վարույթում 2016 թվականի ընթացքում քննվել է ընտանեկան բռնության վերաբերյալ 359, 2017 թվականի ընթացքում՝ 458, իսկ արդեն 2018-ին՝  519 քրեական գործ, որոնց մեծ մասը վերաբերում է ամուսնու կողմից կիրառված բռնությանը։

ՀՀ ոստիկանության ներկայացրած վիճակագրության համաձայն՝ 2016 թվականին արձանագրվել է  ընտանեկան բռնության 756 դեպք, իսկ արդեն 2018 թվականի առաջին 6 ամիսների ընթացքում ոստիկանության կողմից բացահայտվել է ընտանեկան բռնության 730 դեպք։ Ինչ վերաբերում է նախորդ տարվա երկրորդ կիսամյակին, ապա «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքի շրջանակներում ոստիկանության գործողությունների ուժի մեջ մտնելուց հետո ոստիկանության ծառայողների կողմից 484 անձի նկատմամբ կայացվել է նախազգուշացման, իսկ 149 անձի նկատմամբ՝ անհետաձգելի միջամտություն կիրառելու մասին որոշում։

Հարկ է, սակայն, նկատել, որ առկա պաշտոնական տվյալներն իրականում տարբերվում են ոչ պաշտոնական տվյալներից, ինչն էլ պայմանավորված է նրանով, որ ընտանեկան բռնությունն ունի քողարկված բնույթ։

Մասնավորապես, «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան 2010 թվականից զբաղվում է գենդերային բռնության և հատկապես՝ ընտանեկան բռնության դեպքերով և պարբերաբար հանրայնացնում է տվյալներ` մեր հասարակությունում երևույթի տարածվածության մասին:

2010-2017 թվականների ընթացքում «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի հավաքագրած ոչ պաշտոնական տվյալների համաձայն` առնվազն 62 կին սպանվել է զուգընկերոջ կամ ամուսնու կողմից։ Իսկ ՀՀ քննչական կոմիտեի  հրապարակած պաշտոնական տվյալների համաձայն՝ 2015 թվականին ընտանեկան բռնության համատեքստում սպանությունները կազմել են Հանրապետությունում գրանցված սպանությունների 17 տոկոսը:

Վերջին տարիներին ընտանեկան բռնության տարածվածությունը և դրա ծանր հետևանքներն ավելի և ավելի մտահոգիչ են դառնում: Իհարկե, սա ամբողջական պատկերը չէ, սակայն նշված վիճակագրությունն անգամ բավարար է, որպեսզի փաստի ընտանեկան բռնության գրանցված դեպքերի աճի և այդ արատավոր երևույթի դեմ պայքարի կարևորությունը։

Միաժամանակ, թե՛ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի անդամ կազմակերպությունների պրակտիկ փորձը, թե՛ տեղական և միջազգային ուսումնասիրությունները փաստում են, որ կանանց՝ աշխատաշուկայում ներգրավվածությունն ու ֆինանսական անկախությունը տղամարդկանց համար խոչընդոտ չեն կանանց նկատմամբ բռնություն կիրառելու համար։ Վիճակագրությունն ու բազում կանանց պատմություները փաստում են, որ ընտանեկան բռնության են ենթարկվում թե՛ աշխատող կանայք, թե՛ չաշխատողները, թե՛ նյութական ապահովվածություն ունեցողները և թե՛ կարիքավորները։

Այս հայտարարությամբ հայտնում ենք նաև մեր պատրաստակամությունը բոլոր հանրային գործիչներին ընտանեկան բռնության վերաբերյալ նյութեր տրամադրելու և խորքային վերլուծություններ ներկայացնելու վերաբերյալ։

Կրկին շնորհակալ ենք խնդրի մասին խոսելու և կարևորելու համար»։