«Փաշինյանը կոպտագույն սխալ է թույլ տալիս Արցախի հարցում »․ Հայկ Ա․ Մարտիրոսյան

14-03-2019
159 դիտում
«Փաշինյանը կոպտագույն սխալ է թույլ տալիս Արցախի հարցում »․ Հայկ Ա․ Մարտիրոսյան

Քաղաքագետ Հայկ Ա․ Մարտիրոսյանի գրառումը ներկայացնում ենք ստորեւ։

«Փաշինյանը կոպտագույն սխալ է թույլ տալիս`Արցախի հարցում շարունակելով ավելի խճճել իր կողմից հնարված բարի բլեֆի բանաձևը:

Անվտանգության խորհուրդների համատեղ նիստի նախաբանը Արցախում անհեթեթ վատթարացնում է առանց այդ էլ ծանր իրավիճակը, որովհետև ազգակործան ծրագիրն ավելի է ամրապնդվում` Հայաստանին արդեն ներկայացնելով, որպես նախկինների կողմից համաձայնեցված այդ փաստաթղթի մոդիֆիկատոր: Մոդիֆիկացիան լուծում չէ, չկա այդ ծուղակից ելք: Զիգզագները Մադրիդյան փաթեթի շրջանակում վատ են նայվում, դրանք Երևանին ավելի են խոցելի դարձնելու:

Անհասկանալի է, ապշեցուցիչ է այն կուրությունը, որով Փաշինյանի արտաքին քաղաքական գիծն առաջնորդվում է` «դուխովությունը» թողնելով միայն գլխարկների վրա:

«Դուխով» քաղաքականությունը կլիներ այն, որ գիտակցվեր անգրագետ, մակերեսային դիվանագետներով և խորհրդականներով վարվող գծի ամլությունը և տղամարդկայնորեն Հայաստանը հրաժարվեր Մադրիդյան փաստաթղթից:

Դրա համար արդեն իսկ ուշ է, բայց ուշացած չէ:

Քաղաքագետների և որակյալ մասնագետների մի ամբողջ խումբ անընդհատ հորդորում է իշխանությանը` հրաժարվել այդ փաստաթղթից, բայց վարչապետը շարունակում է մնալ մի գծի մեջ, որ ԼՏՊ-ն է հնարել և վատթարացվել է հաջորդ երկուսի օրոք:

Անտեսվում են մասնագետների կարծիքները, ականջալուր են լինում վարչապետին շրջապատող դիլետանտ, բայց գիտակ ներկայացող անձանց խորհուրդներին:

Փաշինյանը սխալ, սխալ, անչափ սխալ գծի վրա է: Նրա մտադրությունները բարի են, բայց բռնած ուղին չարիքի է հանգեցնելու:

Հասարակության` այդ գծին` լուռ և համր կողքից հետևելն էլ պատմական ձախողման կարող է հանգեցնել:

Անհրաժեշտ է ճնշում կիրառել իշխանության վրա` նախկինից եկող տգետ և արդեն անչափ վտանգավորացող գիծը դադարեցնելու համար: Անհրաժեշտ է այս իշխանության արցախյան մոտեցումներին հեղափոխական շրջադարձ պարտադրել:

Հակառակ պարագայում հեռանկարում կարող ենք և Հայաստանը կորցնել»: