«Նախկինում կայացված որոշումները պատուհաս են դարձել քաղաքի համար». Լիլիթ Պիպոյան

14-03-2019
1347 դիտում
«Նախկինում կայացված որոշումները պատուհաս են դարձել քաղաքի համար». Լիլիթ Պիպոյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ, ավագանու քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լիլիթ Պիպոյանը:

- Տիկի՛ն Պիպոյան, Օպերայի հարակից տարածքների սրճարանների ապամոնտաժման աշխատանքներն սկսվել են: Դա դժգոհության ալիք է բարձրացրել, դուք ինչպե՞ս եք վերաբերվում այս հարցին:

- Այնտեղ սրճարանների մի շարքն է ապամոնտաժվում, մյուս շարքը մնում է: Այսինքն՝ սրճարաններից ամբողջությամբ չի մաքրվում Օպերայի տարածքը: Երբ ժամանակին տարածքում թափով սկսեցին սրճարաններ կառուցել, մենք բոլորս վրոդովվում էինք, որ այդ աստիճան շատացան սրճարանները:

Օպերայի տարածքը պետք է շատ զվարճանքի վայրի չվերածվի, պետք է իր խիստ բնութագիրը պահպանվի: Ես կողմ եմ, որ այդ տարածքն ավելի հանդարտ լինի, լուռ ու զուսպ տարածք լինի: Այդ իմաստով ճիշտ է սրճարանների ապամոնտաժումը: Բայց երբ հարցին հակառակ կողմից ենք նայում, տնտեսավարողների համար, իհարկե, դա հարված է: Ես որքանով տեղյակ եմ, այնպես չէ, որ այդ տարածքի տնտեսավարողները մնում են առանց աշխատանքի, նրանց համար քաղաքապետարանը գործունեություն ծավալելու այլ տարածքներ է առաջարկել:

Այսինքն՝ երբ հիմա նման որոշումներ են կայացվում, դրանք չորով չեն պարտադրվում, միշտ փորձում են հաշվի առնել մյուս կողմի կարծիքն էլ: Բացի դա, նրանք գիտեին, որ ժամանակավոր էին այդ տարածքները տնօրինում: Դրա համար հնարավոր եղավ դրանք ապամոնտաժել, որովհետև ժամանակավոր են: Ես՝ որպես քաղաքացի, ուզում եմ, որ մեր քաղաքն իր աղմկոտ բնութագիրը փոխի: Որտեղ պետք են հանգստություն ու խստություն, դա պետք է պահպանվի:

- Ձեր հանձնաժողովը Երևանում ապօրինի շինությունների դեմ պայքարով է զբաղվում, այս ամիսներին ի՞նչ արդյունքներ են գրանցվել:

- Դա կատաստրոֆիկ խնդիր է: Մենք անընդհատ բախվում ենք իրավիճակների հետ, երբ հանկարծ տեսնում ենք, որ ինչ-որ մի տեղ ինչ-որ բան է կառուցվում: Սկսում են մի շինություն կառուցել այնտեղ, որտեղ չպետք է կառուցեն, մենք սկսում ենք ուսումնասիրել, պարզվում է, որ հնից եկող թույլտվություններ են:

Օրինակ՝ Էրեբունի վարչական շրջանում մայթի ու գազոնի վրա մի քանի հարկանի շենք է կառուցվում, հետևի շենքի բնակիչները վրդովված են: Դիմում են մեզ, նայում ենք, պարզվում է՝ կառուցապատողը և՛ շինարարության թույլտվություն ունի, և՛ հողի սեփականության իրավունք ունի: Բայց ո՞նց է նա ստացել այդ հողի սեփականությունը, չէ՞ որ դա հանրային տարածք է:

Ստացվում է, որ քաղաքապետարանն իրավունք չունի կասեցնելու այդ շինարարությունը, որովհետև փաստաթղթերն անթերի են: Կասեցնելու միակ տարբերակն այն է, որ քաղաքապետարանը դատարան դիմի, բայց մինչև դատարանը որոշում կայացնի, կառուցապատողն իր շենքը կառուցում է: Եվ որքան շենքը բարձրանում է, այնքան դա քանդելն ավելի դժվար ու անհնար է դառնում: Նման խնդիրներ այսօր Երևանում բազմաթիվ են: Մեր քաղաքում այսօր այն տրամաբանությունն է, որ ով ինչ հասցնում է՝ արագ կառուցում է: Եթե դու հասցրեցիր կառուցել, ուրեմն ամենայն հավանականությամբ դա չի քանդվի:

Մեկ այլ խնդիր էլ կա, քաղաքապետարանի աշխատանքը բյուրոկրատական ծանր մեքենա է: Երևանի ավագանին իրավունք չունի օրենքը շրջանցել: Մենք ավագանու անդամներով շատ ենք խոսում այն հարցի շուրջ, որ՝ եթե ես հիմա լինեի ակտիվիստ, ոչ թե ավագանու անդամ, կգնայի ու կպառկեի բուլդոզերի տակ ու կարգելեի այդ շինարարությունը: Իսկ օրենքը մեր ձեռքերը շատ է կապում:

- Այսինքն՝ կարո՞ղ ենք ասել, որ ապօրինի շինություններ գրեթե չեն ապամոտաժվել այս ամիսների ընթացքում:

- Այո՛, կարող ենք ասել: Օպերայի տարածքի սրճարանների ապամոնտաժման որոշումը գլխավոր ճարտարապետը կայացրել է ու ամուր կանգնած է դրա հետևում: Իսկ նախկին լուսավորության նախարարության շենքի ճակատը քանդվեց: Մինչև մենք հասցրեցինք ռեակցիա տալ, իրենք արագ-արագ երեք օրում քանդեցին, որովհետև որոշում ունեին:

- Այսինքն՝ նախկինում կայացված որոշումներն մեծ խնդիրնե՞ր են առաջ բերում այսօր:

- Այո՛, նախկինում կայացված որոշումները ահավոր պատուհաս են դարձել քաղաքի համար: Եվ մենք մտածում ենք՝ ո՞նց վարվենք: Մենք մտածում ենք՝ նստենք ու վերանայենք բոլոր նախկին թույլտվությունները, բայց դա ահռելի ծավալի գործ է: Հետո՝ համակարգում դեռ կան հին աշխատողներ, ինչը բարդացնում է աշխատանքները: Մյուս կողմից՝ բարդ է քանդելու գործընթացը: Քաղաքապետարանը քանդող որևէ կազմակերպության հետ չի աշխատում: Չկա քանդող որևէ կազմակերպություն, որը համաձայն է քաղաքապետարանի հետ համագործակցել ու այդ աշխատանքները կատարել:

Եվ հիմա աշխատանքներ են տարվում, որ քաղաքապետարանը քանդող տեխնիկա ձեռք բերի: Այսինքն՝ ոչ մի կազմակերպություն չի ուզում քանդման գործն անել, և գործընթացը կանգնած է: Չեն ուզում վատամարդ դառնալ, թշնամիներ ձեռք բերել, չգիտեմ՝ ի՛նչն է պատճառը, բայց որևէ կազմակերպություն չի համագործակցում քաղաքապետարանի հետ: Եթե հիմա մեկը մեզ ասում է՝ այս շինությունն ապօրինի է, եկեք քանդեք, մենք չենք կարող գնալ ու քանդել, որովհետև տեխնիկա չունենք: Մի խոսքով, իրավիճակը հետևյալն է՝ խառը-խուռը ժառանգություն է մեզ բաժին հասել, որը մինչև քանդենք, մաքրենք՝ ժամանակ է պահանջվում:

Իսկ այդ ընթացքում մարդիկ մեզանից փայլուն աշխատանք են պահանջում, մենք ինչքան էլ ճգնում ենք, չենք կարողանում հասցնել: Մի կողմից մեզ ճնշում է քաղաքապետարանի բյուրոկրատական մեքենան, մյուս կողմից՝ նախկինում ստացված թույլտվությունները, քանդելու տեխնիկա չունենալը և այլն: Բայց, համենայնդեպս, մեծ ցանկություն կա ոլորտում կարգուկանոն հաստատելու, որտեղ հնարավոր է՝ արագ փորձում ենք խնդիրները լուծել:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am