«Հրամայական ենք համարում աշխատավոր դասի և սոցիալական խոցելի խմբերի շահերի ոտնահարումից հնարավորինս խուսափելը». ՀՅԴ ՀԵՄ հայտարարությունը

14-03-2019
219 դիտում
«Հրամայական ենք համարում աշխատավոր դասի և սոցիալական խոցելի խմբերի շահերի ոտնահարումից հնարավորինս խուսափելը». ՀՅԴ ՀԵՄ հայտարարությունը

ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միության հայտարարությունը ներկայացնում ենք ստորեւ։

«ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միությունը` հիմնված լինելով ընկերվարական արժեքների վրա, անկյունաքարային է համարում պետական պատկան մարմինների ցանկացած գործողության սոցիալական բաղադրիչը: ՈՒշի-ուշով հետևելով վերջին շրջանում երկրում ընթացող իրադարձություններին` հարկ ենք համարում արձանագրել, որ բարեփոխումների քողի տակ ոտնահարվում են խոցելի և միջին խավերի իրավունքները:

Համոզված ենք, որ Հայաստանի Հանրապետությունում ցանկացած գործիքակազմ և մեխանիզմներ կիրառելիս, հարկավոր է առաջնահերթ հաշվի առնել երկրում տիրող սոցիալ-տնտեսական պայմանները, աղքատության մակարդակը, արտագաղթի ցուցանիշները, ինչպես նաև տնտեսական ցուցանիշներից ոչ պակաս կարևոր ազգային մտածելակերպի առանձնահատկությունները:

Ուստի կարծում ենք, որ այն դեպքում, երբ օրենքով և քաղաքական ամենաբարձր իշխանությունների մակարդակով պաշտպանվում են խոշոր գործարարների և մեծահարուստների շահերը, հասարակ աշխատավորների կրճատումները, մանր և միջին ձեռնարկատերերին հարվածելը կրում է պարզապես աշխատանքի իմիտացիա ստեղծելու միտում և ուղղված է կարճաժամկետ նպատակների իրագործմանը:

Երկրի բարձրագույն իշխանություններին, պատկան մարմիններին կոչ ենք անում՝ խնդիրները դիտարկել իրենց ամբողջության մեջ և կոսմետիկ լուծումների փոխարեն փնտրել և կիրառել լուծումների հիմնաքարային տարբերակներ: Հրամայական ենք համարում աշխատավոր դասի և սոցիալական խոցելի խմբերի շահերի ոտնահարումից հնարավորինս խուսափելը և վարվող քաղաքականության այնպիսի պլանավորումը, որը միտված կլինի առաջին հերթին միջին և միջինից ցածր եկամուտ ունեցող խավի ներկայացուցիչների կենցաղային պայմանների բարելավմանը:

Հաշվի առնելով վերոհիշյալ խնդիրները` ՀՅԴ ՀԵՄ-ը պատկան մարմիններից ակնկալում է խելամիտ լուծումներ»: