«Բանակի ղեկավարությունը փորձում է մահվան դեպքերը թաքցնելով հայտարարել, որ իրականում մահվան դեպքերը նվազել են». իրավապաշտպան

15-03-2019
592 դիտում
«Բանակի ղեկավարությունը փորձում է մահվան դեպքերը թաքցնելով հայտարարել, որ իրականում մահվան դեպքերը նվազել են». իրավապաշտպան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։

- Տիկի՛ն Ալեքսանյան, վերջին օրերին կրկին բանակում զոհեր ունեցանք։ Մասնավորապես, մարտի 12-ին մարտական դիրքում դեռևս չպարզված հանգամանքներում մահացու հրազենային վիրավորում էր ստացել ժամկետային զինծառայողը։ Նաև դուք եք բարձրաձայնել, որ չորս զինծառայողների մահվան մասով ՊՆ-ն մինչ օրս որևէ պարզաբանում չի տվել։ Ինչպե՞ս եք գնահատում իրավիճակը բանակում։

- Ցավոք, բանակում իրավիճակի փոփոխություն չունենք, և բանակի ղեկավարությունը կարծես փորձում է թաքցնելով դեպքերը հայտարարել, որ իրականում մահվան դեպքերը նվազել են։ Պաշտպանության նախարարությունն ունի այն սահմանումը, որով որոշվում է, թե ո՛ր զինվորի մահը կապ ունի զինծառայության հետ, որինը՝ ոչ։

Քանի որ նախկինում մահվան դեպքերը չեն թաքցրել, այդպիսի հարց չի էլ առաջացել։ Եթե կապ ունի, թող իրենք բնորոշեն և հստակ հայտարարեն, որ այդ սահմանումը վերաբերում է այս-այս դեպքերին։ Բայց իրենք չունեն այդ բնորոշումը, Արծրուն Հովհաննիսյանն էլ ինչ մտքին գալիս է՝ ասում է։ Տարբեր բաներ են ասում, և դա միասնական կարծիք չէ։ Գլխավոր դատախազությունն էլ միացել է ՊՆ-ի պաշտպանությանը։

Ընդհանրապես, բոլորը պաշտպանում են ՊՆ-ին, կարծես ՊՆ-ն սեփական ժողովրդից պաշտպանվելու կարիք ունի։ Նախօրեին Ազգային ժողովում «Քաղաքացիական վերահսկողությունը զինված ուժերի նկատմամբ» թեմայով քննարկում անցկացվեց՝ միջազգային փորձագետների մասնակցությամբ։ ՆԱՏՕ-ի շաբաթվա հետ կապված այս միջոցառումը կազմակերպել էր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը՝ Անդրանիկ Քոչարյանի գլխավորությամբ։

Ես քննարկման ժամանակ հարց ուղղեցի ՊՆ-ի ներկայացուցիչներին՝ որո՛նք են այն մահվան դեպքերը, որոնք կապ չունեն զինծառայության հետ։ Գնդապետ Ալեքսանդր Ավետիսյանը՝ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետը, ասաց, որ այդ սահմանումը չունեն, և շատ լավ կլինի, եթե քննարկեն ու հասկանան, թե ի՛նչ սահմանում պետք է լինի։ Եթե Ալեքսանդր Ավետիսյանը հրապարակավ ասում է, որ իրենք էլ չունեն սահմանումը, ապա Արծրուն Հովհաննիսյանի պատմությունները, թե զինծառայողների մահը կապ չունի զինծառայության հետ, հեքիաթի ժանրից է։

Ավելի լավ է ՊՆ-ն մտածի և այդ սահմանումը հայտարարի։ Բայց ես կարծում եմ, որ ցանկացած զինծառայողի մահ կապ ունի զինծառայության հետ։ Սա իմ, նաև մասնագետների տեսակետն է։ Այնպես որ, նրանք թաքցնում են մահվան վայրը։ Ի դեպ, հավելեմ, որ հունվարի 1-ին տեղի ունեցած մահվան դեպքը, որի հետ կապված մենք ընտանիքի հետ կապված երկու անգամ հոդված ենք պատրաստել, զինծառայողը մահացել էր մարտական հենակետում, հերթապահության ժամանակ, բայց պաշտպանության նախարարը հայտարարեց, որ նրա մահը կապ չունի զինծառայության հետ։

Ո՞նց կարող է նախարարը նման բան ասել, երբ զինվորը հենց մարտական հենակետում է մահացել։ Ասեմ, որ բավականին վատ վիճակ է այդ առումով։ Մենք հիմա այդ աղմուկը տեսանք, ոչ թե ՊՆ-ի ջանքերը՝ կանխելու այդ հանցագործությունները։ Եթե այս ուղղությամբ ՊՆ-ն որևէ բան անի, այդ ժամանակ կասենք, դեռևս ոչինչ չի արվում։

- Ի՞նչն է պատճառը, որ այդքան խոսում են բարեփոխումների անհրաժեշտության մասին, բայց գործնական քայլեր չեն կատարվում։

- Պետք է կամք դրսևորեն, զինվորի մասին պետք է մտահոգվեն, որովհետև հիմնական տուժողը զինվորն է։ Զորամասի հրամանատարները պատասխանատվության չեն ենթարկվում։ Ես չգիտեմ, թե իրենք ինչ են մտածում։ Հայտարարում են, թե փոխվել են, բայց իրականում ոչինչ չի փոխվել։

Հեղափոխությունից ի վեր բանակում մահվան 11 դեպք ինքնասպանություն է որակվել։ Սրան գումարվել են վերջին դեպքերը։ Պետք է նախարարը հանրությանը բացատրի, թե ինքն ի՛նչ է անում, որ այս դեպքերը բանակում նվազեն։ Բայց մենք տեսնում ենք, որ չեն նվազում։ Հանրությանը նաև հետաքրքրում է նաև, թե ինչո՛ւ են թաքցվում այդ դեպքերը։ Արդեն իսկ վեց դեպք թաքցրել են, և դատախազությունն էլ պնդում է, թե դա զինծառայության հետ կապ չունի՝ առանց որևէ տվյալ ներկայացնելու։ Դա ուղղակի աբսուրդի ժանրից է։

- Զինվորականները մեզ հետ զրույցում նշում են, որ վերջին ամիսներին այն թալանը, որ կար բանակից ուտելիքի և այլնի տեսքով, հիմա չկա։ Ձեր ուսումնասիրություններն ի՞նչ են ցույց տվել։

- Կոռուպցիոն ոլորտը մենք չենք ուսումնասիրել, դա այնքան էլ հեշտ գործ չէ։ Բայց թեկուզ այս հանցագործությունների դեպքերով ես տեսնում եմ կոռուպցիոն ռիսկեր, թե ինչո՛ւ են դրանք որակվում ինքնասպանություններ կամ զինծառայության հետ կապ չունեցող։ Սրանք շատ կասկածելի որակումներ են։ Մենք 8 քրեական գործ ունենք և տեսնում ենք, որ այդ դեպքերը չեն բացահայտվում, կոծկվում են։

- Բանակում մահվան դեպքերի հետ կապված վիճակագրությունն ի՛նչ է ցույց տալիս, նման դեպքերը նվազե՞լ են, թե՞ ոչ։

- Նրանք առանձնացնում են դեպքերը՝ նշելով, որ դրանք զինծառայության հետ կապ չունեն և ասում են՝ դեպքերը նվազել են։ Ես չգիտեմ՝ ՊՆ-ում ոնց պետք է փոխենք այդ վաղեմի սովորությունը, հին մտածողությունը, արդարանալու, իրենք իրենց պաշտպանելու այդ մոտեցումները։ Ես շատ ողջունում եմ խորհրդարանական վերահսկողությունը, և հույս ունեմ, որ քաղաքացիական հասարակությունը կմիանա վերահսկողության հետ կապված այդ նախաձեռնություններին և դեպքերը հրապարակային դարձնելով ինչ-որ բանի կհասնենք։ Հիմա վիճակը շատ վատացել է, ծնողներին ոչ ոք ուշադրություն չի դարձնում, մահվան դեպքերի համար որևէ մեկը բացատրություն չի տալիս։

Այսօր ՊՆ-ի հետ աշխատել ուղղակի հնարավոր չէ, ոչ մի դեպքի չեն ուզում արձագանքել։ Մենք դիմում ենք, բարձրաձայնում ենք, հրապարակային ենք դարձնում բոլոր այդ դեպքերը, որոնց մասին մեզ տեղեկացնում են։ Մինչդեռ շատ լավ կլիներ, եթե ՊՆ-ի հետ աշխատեինք և հաղթահարեինք այդ դժվարությունները։ Մենք բոլոր դեպքերում մեր գործն անում ենք, բայց որոշում կայացնողները ՊՆ-ում են, իսկ նրանք ոչինչ չեն ձեռնարկում։

Մանե Հարությունյան

MediaLab.am