Սպանություն Տավուշում․ որդին կացնահարել է մորը. Տեսանյութ

15-03-2019
260 դիտում
Սպանություն Տավուշում․ որդին կացնահարել է մորը. Տեսանյութ

Մարտի 15-ին՝ ժամը 11-ի սահմաններում, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից Իջևանի բաժին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղում որդին կացնահարել է մորը։ Ահազանգին արագ արձագանքած Իջևանի ոստիկանները տան պատշգամբում հայտնաբերել են 89-ամյա Օսան Սիմոնյանին՝ արնաշաղախ վիճակում։ Կինը դեռ ողջ էր, ուստի ոստիկանները, ժամանակ չկորցնելով, նրան տեղափոխել են «Իջևան» բժշկական կենտրոն։ Բժիշկները պայքարել են նրա կյանքը փրկելու համար, սակայն հոսպիտալացվելուց մեկ ժամ հետո Օսան Սիմոնյանը մահացել է։

Կատարվածի հանգամանքները պարզելուց հետո քրեական հետախույզները մորը կացնահարելու կասկածանքով բաժին բերման են ենթարկել 61-ամյա Սարգիս Սիմոնյանին։ Ըստ նախնական տեղեկությունների՝ մայր ու որդի կենցաղային հարցերի շուրջ վիճել են, ինչն էլ հանգուցալուծվել է սպանությամբ։ 

Հանցագործության գործիք կացինը հայտնաբերվել և առգրավվել է։ Սարգիս Սիմոնյանին ոստիկանները ներկայացրել են դեպքի նախաքննությունը վարող մարմնին՝ հարցաքննության։ 
Սպանության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, և կատարվում է նախաքննություն։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը։