Վարչապետը գործարարների հետ քննարկել է բիզնես միջավայրի բարելավմանն ուղղված քայլերը

15-03-2019
450 դիտում
Վարչապետը գործարարների հետ քննարկել է բիզնես միջավայրի բարելավմանն ուղղված քայլերը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային ընթրիք է ունեցել Հայաստանի գործարարների և արդյունաբերողների միության անդամների հետ:

Քննարկվել են երկրում ներդրումային միջավայրի բարելավմանը, օրենսդրական կարգավորումներին, հարկային ոլորտի բարեփոխումներին վերաբերող տարբեր հարցեր:

Զրուցակիցները ներդրումային միջավայրի առողջացման առումով ընդգծել են կառավարության կողմից իրականացվող տնտեսական բարեփոխումների կարևորությունը: Գործարարները նշել են, որ այսօր երկրում ստեղծվել են մրցակցային բիզնես պայմաններ, ազատ շուկայական հարաբերություններ, նախկինում եղած տնտեսական մենաշնորհները վերացվել են և դրանցով դրվել է տնտեսական հեղափոխության սկիզբը: Նրանք համոզմունք են հայտնել, որ ստեղծված պայմանները կնպաստեն տնտեսական ակտիվության ապահովմանն ու երկրի առաջընթացին:

Կողմերը ներդրումային ծրագրերի արդյունավետ իրականացման և տնտեսական զարգացման առումով կարևորել են կառավարության և բիզնեսի միջև արդյունավետ երկխոսությունն ու հետադարձ կապի ապահովումը:

Աշխատանքային ընթրիքի ընթացքում տեղի է ունեցել շահագրգիռ մտքերի փոխանակություն՝ տնտեսական զարգացման փիլիսոփայության, բարեփոխումների մոդելների և ռազմավարության շուրջ: 

Այս մասին տեղեկացնում է պաշտոնական հաղորդագրությունը։