Գնացեք տուն, ձեր փոխարեն պետությունն ինքը կփորձի բարդակից վերածնվել

16-03-2019
3276 դիտում
Գնացեք տուն, ձեր փոխարեն պետությունն ինքը կփորձի բարդակից վերածնվել

Քաղաքապետը Երևանը խելքի բերելու իր պլաններում դեռ շատ դիմադրության կհանդիպի: Խնդիրն այն է, թե ինչ նպատակներ է իր առջև դրել նոր Հայաստանը, և ինչ նպատակներ՝ նրանք, որոնք ընդդիմանում են:

Դիցուք, Օպերայի այգու սրճարանների համար ընդվզողներն ի՞նչ էին ասում: Ասում էին՝ Կարգին Հայկոն մեզ մոտ գոլ ջուր էր խմում, իսկ հիմա առաջինը մեր սրճարանն է քանդում: Հասկացա՞ք: Ասողը Նոր Հայաստանի հետ կապված սեփական պատվեր չունի: Ինքը Օպերայի այգին ավերված ժառանգել է և ուզում է էդ ավերակների վրա իր օրվա փողն աշխատել: Սրճարանի տերն էլ չէ, որ ասես՝ բիզնես շահն է պաշտպանում: Ուղղակի աշխատակից է:

Ուղղակի հասկանալի չէ՝ նախկին իշխանությունները քառակուսի մետրը ջրի գնով սրճարանների տարածքներ են բաշխել, ու էս մարդիկ ուզածի պես փող են աշխատել էդ տարածքներում:

Վատ չեն աշխատել, ունեցել են գերշահույթներ, մի անգամ փողոց դուրս չեն եկել ու չեն ասել՝ տղերք, էս պետությո՞ւն է, թե՞ բարդակ, մենք գերշահույթ ենք ստանում, իսկ պետությունը դրա դիմաց՝ ոչինչ: Չեք ասել, լավ եք արել: Գնացեք տուն, ձեր փոխարեն պետությունն ինքը միջոցներ ձեռք կառնի բարդակից նորից վերածնվել:

Նոր Հայաստանը քաղաքակրթական ստանդարտ է առաջարկում: Նոր Հայաստանն ասում է՝ ժողովուրդ, մենք պետք է տարանջատենք այգին սրճարանից, երկուսն էլ կարևոր են, եթե կուզեք՝ երկուսն էլ կենսական են: Բայց յուրաքանչյուրն իր ճիշտ տեղում: Եթե այգի չկա, սրճարաններն իմաստ չունեն, եթե սրճարան չկա, քաղաքային մշակույթը մի բան կկորցնի, ի վերջո, քաղաքի դեմքը կլինի, ասենք, միաչքանի:

Քաղաքապետն ասում է՝ ես սրճարան չեմ քանդում, ես Օպերայի տարածքում տեսնում եմ վիրավոր, անխնամ և ուղղակի մերժված այգի: Ես սրճարանները չեմ գրոհում, ես էդ այգու արժանապատվությունն եմ:

Քաղաքապետն ասում է՝ ես ոչ թե քանդում եմ սրճարանները, ես վերականգնում եմ այգին: Համարենք, որ էդ ծառերը փոթորիկն արմատախիլ է արել, բայց հո հողը չի տարել: Քաղաքապետն ասում է՝ ես չեմ հասկանում կոնֆորմիզմը, ես կարող եմ տեղափոխել սրճարանը, բայց այգին տեղափոխել չեմ կարող, ես չեմ կարող այգուց ստանալ Շարիկով, այգին այգի է, թողեք վերջապես ապրի, մենք՝ նոր իշխանություններս, նրա գոյության հնարավորությունն ենք, որովհետև մենք մեր թթվածնի տերն ենք:

Դիցուք, Մոնումենտի այգին ապականած սեփական դղյակների տերերն էլ այս մասին պետք է մտածեն, Օղակաձև զբոսայգու սրճարանատերերը՝ նույնպես: Բոլորն իրենց թաթը դրել են քաղաքի համեղ հատվածների վրա, նրանք խժռել են հողը, որովհետև Կենտրոնը թելադրել է ագահ կենսակերպ: Հիմա նոր իշխանությունը չի հանդուրժում էդ ագահությունը, և ամենակարևորը՝ պոպուլիստ չէ: Քաղաքակրթական մինիմումը՝ այգին իր լավագույն վիճակում, պիտի լինի: Սրան դիմադրելն իմաստ չունի:

Քաղաքապետն ասում է՝ ես սա որևէ մեկին հասկացնելու կարիք չունեմ և ես չեմ պարտադրում իմ տեսակետը: Ես քաղաքական խնդիրներ չեմ լուծում,- ասում է քաղաքապետը,- ահա ինչու չեմ հասկանում, թե քաղաքական ուժերն ի՞նչ էին անում Օպերայի տարածքում, երբ ոստիկանները կանգնել էին ապամոնտաժվող սրճարանների և նրանց աշխատակիցների միջև:

Ո՞վ է սպառնում այդ աշխատակիցներին: Եվ ո՞ւր էին այդ քաղաքական ուժերը, երբ այս այգին ուղղակի ոչնչացվում էր:

Որևէ մեկը մտածե՞լ է, որ ծառն ունի արժանապատվություն:

Ի վերջո ծիծաղելի է նույնիսկ, երբ տասնյակ տարիներ խոսել եք ազատագրված հողերից ոչ մի թիզ չհանձնելու մասին, բայց քո հողը ուղղակի դրել ու բետոնապատել եք: Եթե ճիշտ է, որ քաղաքն առանց բետոնների չեն կառուցում, գոնե սխալ է, որ բետոնն իրավունք ունի ամեն քառակուսի մետրի վրա:

Երևանն ուզում է հմայք ունենալ: Դա բոլորի շահերից է բխում: Գոնե կիմանանք՝ ինչու ենք սիրում:

Մհեր Արշակյան

MediaLab.am