«Արցախը Հայաստանին միավորելու գործընթացը անհրաժեշտություն է, բայց չպետք է մանիպուլյացիոն մեթոդներ գործի դրվեն». Վահան Բադասյան

19-03-2019
2266 դիտում
«Արցախը Հայաստանին միավորելու գործընթացը անհրաժեշտություն է, բայց չպետք է մանիպուլյացիոն մեթոդներ գործի դրվեն». Վահան Բադասյան

Արցախը Հայաստանին միավորելու գործընթացը անհրաժեշտություն է, բայց չպետք է մանիպուլյացիոն մեթոդներ գործի դրվեն։  «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում է անում Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցության հիմնադիր, Մարտական խաչի ասպետ Վահան Բադասյանը՝ անդրադառնալով «Սասնա ծռեր» կուսակցության հայտարարությանը:

Հիշեցնենք՝ «Սասնա ծռեր» կուսակցությունը հայտարարել է, որ սկսում է Արցախը Հայաստանի կազմում մարզի կարգավիճակով ներառելու գործընթացը: «Սասնա ծռերը» նաև հայտարարել են, որ Արցախում սկսվում է ստորագրահավաք, որով պետք է սկիզբ դրվի Արցախում հաշվառված քաղաքացիների՝ ՀՀ ընտրություններին մասնակցության հարցը:

«Դա իմ երազանքն է, որ Արցախը միանա Հայաստանին, բայց «Սասնա ծռերը» պետք է այդ հարցով հաշվի նստեին մեզ հետ: Մեր կուսակցությունը՝ «Միացյալ Հայաստանը», որը հիմնադրել ենք ամիսներ առաջ, հենց այդ նպատակն է հետապնդում, որ Արցախը միացվի Հայաստանին»,- «Մեդիալաբին» ասում է Վահան Բադասյանը:

 Նրա խոսքով՝ «Սասնա ծռերն» այլևս վերածվել են «քաղաքական դիակի», և նման քայլերով փորձ է արվում հանրությանը հիշեցնել իրենց մասին:

«Ես մոտ մեկ ամիս առաջ մի առիթով արդեն ասել եմ, որ Արցախի ընդդիմադիր դաշտը, այսինքն՝ ընդդիմության դրոշը գտնվում է մեր ձեռքում: Հիմա օրեցօր բոլորը հասկանում են, և դա ապացուցվում է»,- ասում է Վահան Բադասյանը:

Հիշեցնենք, որ նախորդ տարեվերջին հիմնադրված «Միացյալ Հայաստան» կուսակցությունն իր առաջ նպատակ է դրել հասնել հզոր ու միասնական Հայաստանի գաղափարի իրագործմանը: Վահան Բադասյանի խոսքով՝ իրենք նպատակ ունեն սկսել գործընթաց, ըստ որի՝ հայկական երկու պետությունները մոտ ժամանակներս խաղաղ ու անցնցում պետք է միավորվեն ու դառնան մեկ հզոր ու միացյալ հայրենիք:

Ըստ Բադասյանի՝ միավորվելով ու հզոր բանակ կերտելով՝ հնարավոր կլինի ապահովել մեր երկրի ինքնիշխանությունը, ինչպես նաև խաղաղություն երկրում ու դրա շուրջ:

Վահան Բադասյանն ասում է, որ միավորման գործընթացը պետք է սկսել Արցախում հաջորդ տարի սպասվող ընտրություններից առաջ: Նրա խոսքով՝ Արցախի բնակչության մեծ մասը կողմ է Հայաստանի հետ միավորմանը, բայց «Սասնա ծռերի» քայլը կարող է վնասել գործընթացին:

«Արցախի ժողովուրդը մեծ մասամբ կողմ է և ուզում է, բայց եթե այսպես արկածախնդրորեն լինի, լավ չի ստացվի: Եթե դու ուզում ես մի բան անել, բայց դիմացինդ չընդունված անձ է, և նա էլ է ուզում, դու ստիպված արդեն չես անի: «Սասնա ծռեր» կուսակցությունն արդեն մեզ համար վերածվել է անցանկալի անձերի: Ես չեմ ուզում, որ անցանկալի անձերը խառնվեն այս գործին»,- ասում է «Միացյալ Հայաստան» կուսակցության հիմնադիրը:

Ըստ Բադասյանի՝ իրենց կուսակցության հիմնադիրների մեծ մասը ներդրում ունի «Սասնա ծռերի» հիմադրման և նրանց սատարելու հարցում, սակայն հետագայում ծրագրային դրույթների անհամաձայնության պատճառով առանձին կուսակցություն հիմնադրեցին Արցախում: Իսկ այսօր Արցախի և Հայաստանի միավորմամբ հանդես եկող «Սասնա ծռերը» չեն խորհրդակցել իրենց հետ, ինչը, ըստ Բադասյանի, անընդունելի է:

«Միացյալ Հայաստանը» ոչ միայն կուսակցություն է, այլ նաև գաղափար՝ լուրջ արժեք ունեցող՝ ի տարբերություն «Սասնա ծռերի»: Ճիշտ է, ժողովուրդը ընտրություններում մեզ դեռ գնահատական չի տվել, բայց նրանց արդեն տվել է: Նրանց ավելի քիչ մարդ է վստահում, քան, օրինակ՝ քաղաքական դիակ դարձած «Օրինաց երկրին»: Ես ինչո՞ւ եմ այս ամենն ասում, որովհետև կամաց-կամաց պետք է ճշմարտությունն ասվի, որպեսզի այդ մարդիկ վնասներ չտան: Ես չեմ ուզում վիրավորել մեր ընկերներին, բայց կրկնում եմ՝ եթե նման բան ուզում են անել, մենք լուրջ քաղաքական արժեք ունեցող կուսակցություն ենք հիմնադրել, լուրջ մարդիկ են ընդգրկված, գոնե մի քանի հարյուր ենք, ի տարբերություն իրենց, գոնե մեզ հետ կարող էին խորհրդակցել: Եթե չեն անում, կա՛մ ռևանշ են անում, կա՛մ ուզում են ուշադրություն գրավել, բայց ոչ գործ անել: Իսկ դա գործընթացին վնաս կբերի»,- համոզված է նա:

Վահան Բադասյանը Արցախի բնակչությանը խորհուրդ է տալիս չհուսահատվել՝ նշելով, որ այդպիսի արկածախնդիր ուժեր կգան ու կանցնեն: «Մեր կուսակցության անդամները բոլորն այստեղ գետնի վրա ապրող, Արցախի շունչն ու վտանգները զգացող մարդիկ են: Մենք մեր հավասարակշռված քաղաքական տեսակետն ունենք, թե ինչպես կարելի է կատարել Արցախի միացումը Հայաստանին»,- ասում է նա:

Նա նշում է, որ իրենք հրապարակել են Արցախը Հայաստանի հետ միավորելու իրենց քայլերը:

«Դա այնքան էլ բարդ ու անհասանելի չէ, մեր քթի տակ է ու իրատեսական: Բայց դա արկածախնդրորեն չպետք է անենք: Դա պետք է արվի ոչ թե շահարկումների ու քաղաքական մանիպուլյացիաների միջոցով, այլ պետք է արվի ռեալ»,- եզրափակոմ է նա:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am