Վահան Շիրխանյան. դիմահար կրակոց Ռոբերտ Քոչարյանի վրա

21-03-2019
5747 դիտում
Վահան Շիրխանյան. դիմահար կրակոց Ռոբերտ Քոչարյանի վրա

Ռոբերտ Քոչարյանին ուղղված Վահան Շիրխանյանի նամակը փոթորիկ էր: Բայց կարող էր գրված չլինել: Գրվեց, որովհետև Ռոբերտ Քոչարյանն իր գրքում նրան անվանել է «խարդախ և բանսարկու»:

Այսինքն՝ մինչև նամակը Վահան Շիրխանյանի լռությունը եղել է ջենտլմենական: Լռել է, որովհետև գոնե իր անձի առիթով լռել է Քոչարյանը, թեպետ, գուցե անձնական զրույցներում չի թաքցրել, թե ինչ է մտածում Վազգեն Սարգսյանի թիմակցի մասին: Վահան Շիրխանյանը նույնպես հրապարակային զրույցներում չի խոսել Քոչարյանի կերպարի մութ կողմերի մասին: Այսինքն՝ նրանք եղել են հրապարակային քաղաքական հակառակորդներ:

Նրանք լռել են անձնական որակների մասին: Քոչարյանի գիրքը այդ լռության վրայից հանում է արգելքը՝ եթե ես բանսարկու եմ, դու անասուն ես (ներողություն, սա պարոն Շիրխանյանի ձևակերպումն է): Նախկին փոխվարչապետը չափազանց անկեղծ է, սակայն այսպիսի խոստովանությունները վտանգավոր են այն իմաստով, որ խոստովանելիս պիտի հիշես՝ խմե՞լ ես Ռոբերտ Քոչարյանի կենացը իրենից հեռու, առավել ևս իր ներկայությամբ Վազգեն Սարգսյանի օրոք, կիսե՞լ ես նրա հետ հաց ընդհանուր մի սեղանի շուրջ:

Քոչարյանի որակումները հենց այս ամենն են չեղյալ համարել, նա գիրք է գրել ՀՀ նախագահի դիրքից, բայց կալանավայրում: Նա հավանաբար մտածել է, որ ինքը կարող է անկեղծանալ, իսկ պարոն Շիրխանյանն անկեղծանալու թեմա չունի: Բայց արի ու տես, որ ուներ և այն էլ այնպիսի, որ նույնիսկ լույս է սփռում Հոկտեմբերի 27-ի դրդապատճառների վրա: Կամ գուցե Քոչարյանը հույս ուներ, որ Վահան Շիրխանյանը 20 տարի առաջվա մանրամասները չի՞ հիշում: Սխալվեց: Վահան Շիրխանյանը հիշում է ամեն ինչ: Պարզ երևում է, որ նույնիսկ որոշ բաներ չի ասում:

Նամակն իր էությամբ պատմություն է օտարի մասին: Իր սարսափելի բնույթը երևում է այն փաստից, որ այդ օտարը 10 տարի ՀՀ նախագահ է աշխատել: Ես չեմ նախանձում այդ նամակի հասցեատիրոջը: Ռոբերտ Քոչարյանին չափազանց շատ անեծքներ ստացավ այս կարճ ժամանակահատվածում: Սարսափելի է, երբ ապրում ես ու գրեթե լսում, թե ինչ է մտածում մի ամբողջ ազգ քո մասին:

Այս նամակը հետաքրքիր շղթա է վերականգնում՝ քաղաքական բոլոր սպանություններից մինչև Ղարաբաղի հարցի «լուծում», նույնիսկ Մարտի 1-ի նախերգանք կարելի է համարել այս նամակը: Սա պատմում է մի մարդու մասին, որն այդպես էլ սրտով ոտք չդրեց Հայաստան: Եզակի մարդ, որը առողջ ոտքեր ուներ, բայց ոտքի տակ այդպես էլ հող չունեցավ (հիշենք 35 հազար փախստականներին Հայաստան ուղարկելը այն պատճառաբանությամբ, թե Ղարաբաղում տեղ չկա):

Այսքան տարիների ընթացքում չափազանց շատ բան է լռության մատնել Վահան Շիրխանյանը: Եթե նա այս ամենն ասեր ավելի վաղ, հետագա բոլոր հանցագործություններից ոչ մեկը մենք գուցե չունենայինք: Միայն 1999 թվականի բոլոր դեպքերի հիշատակումը հերիք էր, որ ինչ-որ կերպ հնարավոր լիներ կանխել Հոկտեմբերի 27-ը:

Այս նամակը դիմահար կրակոց էր Ռոբերտ Քոչարյանի վրա: Վահան Շիրխանյանը ցույց տվեց, թե ինչպես կարելի է ոչնչացնել մարդուն առանց նրան սպանելու: Սա միմյանց արժանապատվությունների հետ հաշվի նստելու խաղ չէ, այստեղ զենքերը չեն ընտրում, նա գրքով հարվածեց նախկին փոխվարչապետին, վերջինս նամակով պատասխանեց:

Կարելի է հուսալ, որ այս նամակը գրվել է նաև նրանց ձեռքով, որոնք Քոչարյանի կառավարման տարիներին զոհվեցին կամ սպանվեցին՝ չհասցնելով կամ չմտածելով նույնիսկ նրան չսիրելու կամ ատելու մասին: Բայց Ռոբերտ Քոչարյանը միայն իր զոհերի աչքերի մեջ նայած Ռոբերտ Քոչարյանը չէ:

Նա նաև իր զոհն է, որը կալանավայրում հաստատ ժամանակ կունենա առանձնանալու այն գրքերի հետ, որոնք… ինքը չի գրել:

Մհեր Արշակյան

MediaLab.am