Փաշինյանը պարտք չէ

21-03-2019
3232 դիտում
Փաշինյանը պարտք չէ

«Կադրերն են որոշում ամեն ինչ»: Վաղուց ժառանգված այս ճշմարտությունը, թվում է թե, պետք է հնչեր որպես աքսիոմատիկ ճշմարտություն: Երրորդ հանրապետության 30-ամյա պատմության մեջ մենք արդեն ունենք նման դառը փորձ, երբ առանցքային կադրերի մի զգալի մասն իր տեղում չի եղել: Իհարկե, 30 տարիների ընթացքում ձևավորվել են պետական որոշակի համակարգեր, որոնք կարող են փակել այս կամ այն կադրի ապիկարությունը, սակայն դա բավարար չէ:

Հետագա դատողությունները կանենք՝ ելնելով այն պնդումից, որ Հայաստանում տեղի է ունեցել հեղափոխություն: Հեղափոխությունն ունի իր տրամաբանությունը և գործողությունների պարտադրանքը: Հասկանալի է և դեռ շատ վաղուց գուշակել էինք, որ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո Հայաստանում չեն հորդելու մեղրից ու կաթից գետեր, մենք չենք ապրելու բարձր կենսապայմաններում: Ավգյան ախոռները, որոնք տարիներ շարունակ լցվել են քաղաքական, կոռուպցիոն, քաղաքացի սպանող գոմաղբով, չեն կարող մաքրվել մեկ օրում, մեկ տարում, հինգ տարում: Ժամանակ է պետք:

Սակայն փողոց դուրս եկած, իր պահանջը ներկայացրած ու այդ պահանջի դրական արդյունքին հասած ՀՀ քաղաքացին ունի իր օբյեկտիվ պահանջմունքները: Այլ խնդիր է, որ այդ օբյեկտիվ պահանջմունքները կարող են ունենալ սուբյեկտիվ հիմքեր կամ անհամաչափություններ:

Փաշինյանն ինքն էլ ընդունում է, որ կա որոշակի դանդաղկոտություն: Թող ինձ ներվի այս անհամաձայնությունը, սակայն դանդաղկոտության հիմքը ոչ թե զգուշավորությունն է և հիմնաքարային փոփոխությունների ձգտումը, այլ քննարկվող կադրերի անգիտությունը: Հասկանալի է Փաշինյանի մարդկային մոտեցումը և կապվածությունը թիմին: Հիմնականում այն մարդիկ են, ովքեր հեղափոխությունից առաջ նրա կողքին էին, իսկ հեղափոխության օրերին՝ հարթակում: Սակայն այլ է մարդկային մոտեցումը և այլ է՝ պետության կառավարման արվեստը: Այդ արվեստը առաջնորդից պահանջում է վճռականություն՝ չվարանելու, հարկ եղած դեպքում՝ կոպիտ վիրահատական միջամտություն ցուցաբերելու: Իսկ այդ վիրահատության պահը հասունացել է:

Հեղափոխությունն ունի իր դինամիկան և պահանջմունքները: Այդ դինամիկան տենչում է շարժ, փոփոխություններ, արագություն: Խոսքն այստեղ բնավ շտապողականության մասին չէ: Այլ հակառակը: Ով չի դիմանում այդ տեմպին, համահունչ չէ, շատ արագ փոխվում է: Հեղափոխական ընթացքի մեջ շատ բնական է, եթե ինչ-որ ոլորտում 3 ամիսը մեկ նախարար կամ մարզպետ փոխվի: Ի վերջո կա պետական համակարգ, որը լավ թե վատ աշխատում է: Իսկ համակարգի առանձին բաղադրիչների ղեկավարներից պահանջվում են արդյունավետ ղեկավարում և նոր՝ ստեղծական, հեղափոխական լուծումներ: Չկա՞ն դրանք, ուրեմն այդ մարդն իր տեղում չէ:

Եկեք լինենք անկեղծ: Ի վերջո, եթե Փաշինյանը եթե որևէ մեկին պարտք էր, ապա արդեն իսկ փոխհատուցել է ԱԺ մանդատով: Նա այլևս չունի կաշկանդվածություն որևէ մեկի հարցում: ՀՀ քաղաքացիների մեծ մասի պարագայում կա հստակ տարանջատում՝ Փաշինյան և իշխանություն: Նրանք դիտարկվում են առանձին, ու սա բացառիկ հնարավորություն է: Պետությունը փորձադաշտ չէ, որ ոմանք փորձաշրջան անցնեն, ու տեսնենք՝ համապատասխանում են, ունեն հմտություններ, թե՞ բացարձակ անհույս են:

10 տարիների իմ մանկավարժական փորձը հնարավորությունն է տալիս մարդու հայացքից նաև հասկանալ նրա ընդունակությունների սահմանը: Կան երեխաներ, որոնք խնամվածության, կոկիկության, բարեկրթության դրական հատկանիշների տակ թաքցնում են հմտությունների բացակայությունը: Ահա հենց այս տիպական մոդելով մենք ունենք նախարարներ և մարզպետներ, որոնք այդ խնամքի տակ թաքցնում են իրենց անզորությունն ինչ-որ բան կառավարելու ու, որ ամենավատն է՝ ունակ չեն սովորելու: Նրանցից ժամ առաջ ազատվել է պետք:

Ի վերջո, եթե քաղաքացին չի զգում փոփոխություններ, չի տեսնում հեղափոխական շարժ իր կյանքում, ապա դրա մեղավորը հենց այն պաշտոնյաներն են, որոնք իրենց տեղում չեն: Փաշինյանը չի կարող հազար մասի բաժանվել ու յուրաքանչյուրի գործն իր վրա վերցնել: Կսպառվի: Նա պետք է ընտրություն կատարի իր թիմի որոշ անդամների և պետության միջև:

Վահրամ Թոքմաջյան

MediaLab.am