Նովրուզ, տոներ, զվարճանքներ. Ինչու է նվազել Հայաստան ժամանող իրանցիների թիվը

27-03-2019
1518 դիտում
Նովրուզ, տոներ, զվարճանքներ. Ինչու է նվազել Հայաստան ժամանող իրանցիների թիվը

Այս տարի իրանական Ամանորը՝ Նովրուզը, նշելու համար Հայաստան այցելած իրանցիների թիվը էապես նվազել է: Թեև պաշտոնական տվյալներ դեռ չկան, սակայն նախորդ տարիների համեմատությամբ այս տարի Նովրուզի օրերին Երևանի փողոցներում ավելի քիչ իրանցիներ են նկատվում: Զբոսաշրջային գործակալություններից հաստատեցին այս տեղեկությունը:

«Մեդիալաբի» հետ զրույցում զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչները նշում էին, որ էապես նվազել է Հայաստան այցելած իրանցիների թիվը: Տուրիզմի հայկական ասոցացիայի տվյալների համաձայն, 2018 թվականին 2017-ի համեմատ Հայաստան ժամանած իրանցիների ընդհանուր թիվը նվազել է շուրջ 27 տոկոսով:

Իրանագետ Վարդան Ոսկանյանը որպես նվազման հիմնական պատճառ նշում է Իրանում ստեղծված տնտեսական իրավիճակը՝ պայմանավորված ամերիկյան պատժամիջոցներով:

«Ընդհանուր առմամբ, եթե մենք փորձենք հիմնական պատճառը դիտարկել, ապա ակնհայտ է, որ թիվ մեկ պատճառն Իրանի ներսում տնտեսական որոշակի դժվարություններն են՝ կապված ամերիկյան պատժամիջոցների հետ: Դրա հետևանքով իրանական ռիալը դոլարի նկատմամբ արժեզրկվել է, ինչը, բնականաբար, կրճատում է միջին վիճակագրական իրանցու՝ արտասահման այցելելու հնարավորությունները»,- «Մեդիալաբին» ասում է Վարդան Ոսկանյանը:

Նրա խոսքով՝ ամերիկյան պատժամիջոցների հետևանքով՝ Իրանի ազգային արժույթը երկրի ներսում դոլարի նկատմամբ գրեթե եռակի արժեզրկվել է: Դրա հետևանքով Իրանում նաև գների որոշակի բարձրացում է եղել, բայց ազգային արժույթի արժեզրկումն ավելի մեծ է:

Ոսկանյանի խոսքով՝ իրանցիների հոսքի նվազման մյուս պատճառն այն է, որ այդ երկրի պետական քաղաքականության հիմքում դրված է մի սկզբունք, համաձայն որի ենթադրվում է, որ պետք է մեծացնել ներգնա զբոսաշրջության ծավալները՝ ի հաշիվ արտագնա զբոսաշրջության: Սրանք իրանական կողմից առկա օբյեկտիվ պատճառներն են, բայց, ըստ իրանագետի, հայկական կողմից էլ կան որոշակի խնդիրներ:

«Խոսքը վերաբերում է մասնավորապես Թեհրան-Երևան չվերթի տոմսերի բարձր գներին: Երկկողմանի ուղղությամբ տոմսի արժեքը 250-300 դոլարի սահմաններում է: Եթե համեմատում ենք մեր հարևան երկրների՝ Վրաստանի, Թուրքիայի հետ, ապա մեզ մոտ գներն ակնհայտորեն բարձր են, չնայած չվերթն իրականացնող ընկերությունը բավական բարձր մակարդակ է ապահովում»,- ասաց Վարդան Ոսկանյանը: Նրա խոսքով՝ կարևոր խնդիրը, որը մեզ չի հաջողվում լուծել երկար տարիներ, Հայաստան-Իրան ավտոճանապարհի հարցն է: «Մենք կորցնում ենք բավական մեծ թվով ցամաքային ճանապարհով Հայաստան այցելել ցանկացող զբողաշրջիկների՝ մեր ճանապարհների, նաև այլ ենթակառուցվածքների անմխիթար վիճակով պայմանավորված»,- հավելում է նա:

Նշենք, որ Զբոսաշրջության պետական կոմիտեի տվյալներով՝ 2017 թվականին Հայաստան էր այցելել 220 հազար իրանցի զբոսաշրջիկ՝ 2016 թվականի համեմատ 16 տոկոսով ավելի: 2017 թվականին նաև աճել էր Նովրուզի օրերին օդային ճանապարհով Հայաստան այցելած իրանցիների թիվը: 2017 թվականին Նովրուզի տոնի ընթացքում՝ մարտի 15-ից մինչև ապրիլի 4-ը, «Զվարթնոց» օդանավակայանով Իրանից Հայաստան էր եկել 8100 ուղևոր:

2016 թվականի նույն ժամանակահատվածում այդ թիվը կազմել էր 5300: 2018 թվականին Նովրուզի տոներին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը, 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել էր 20 տոկոսով, տեղեկացրել էր Զբոսաշրջության պետական կոմիտեն: Բայց, չնայած սրան, նախորդ տարվա ընթացքում Հայաստան այցելած իրանցիների ընդհանուր թիվը 2017-ի համեմատ նվազել էր, ինչը մասնագետները պայմանավորվում են ամերիկյան պատժամիջոցների ազդեցությամբ:

Իրանագետ Վարդան Ոսկանյանի կարծիքով՝ իրանցի զբոսաշրջիկների այս տարվա հոսքի նվազումը ինչ-որ առումով հայկական կողմի համար պետք է տագնապ լինի, որպեսզի առնվազն մեր կողմից վերացվեն խոչընդոտներն ու թերությունները, որոնք առկա են՝ պատրաստվելու հաջորդ իրանական Ամանորին:

«Բայց, կրկնում եմ՝ օբյեկտիվությունը չխաթարելու համար պետք է նշել, որ այս տարի հիմնական խնդիրները իրանական կողմում են: Եվ դրանք պայմանավորված են ԱՄՆ պատժամիջոցներով»,- պնդեց նա:

Իրանագետի դիտարկմամբ՝ Հայաստան այցելած իրանցի զբոսաշրջիկների մեծ մասը հիմնականում շատ գոհ է Հայաստանի բնակչության վերաբերմունքից և ծառայությունների մակարդակից: Հատուկենտ դեպքեր կան, որ դժգոհում են, բայց իրանագետի դիտարկումները ցույց են տալիս, որ իրանցիները հիմնականում գոհ ու դրական հուշերով են հեռանում Հայաստանից:

Վարդան Ոսկանյանի խոսքով՝ ընդհանուր առմամբ իրանական աշխարհայացքը թելադրում է տարեկան գոնե մեկ-երկու անգամ այցելել արտասահման: Հայաստանն այս տեսանկյունից շատ հարմարավետ երկիր է նախ այն պատճառով, որ գտնվում է անմիջապես Իրանի հարևանությամբ, ունի ցամաքային սահման: Երկրորդ՝ թռիչքի հասանելիությունը մեծ դեր է խաղում, Երևանից Իրան թռիչքի տևողությունը 1 ժամ 15 րոպե է, ինչը նույնպես մեր երկիրը դարձնում է մրցակցային առումով բավական ուժեղ: Երրորդ գործոնը, ըստ իրանագետի, այն է, որ Հայաստանում սպասարկման ոլորտի գները բավարարում են միջին և միջինից բարձր կենսամակարդակ ունեցող իրանցուն:

«Բացի այս գործոններից, նաև Հայաստանի զբոսաշրջային հնարավորությունները բավական հետաքրքիր են իրանցիների համար, բայց, կրկնում եմ, մենք ունենք չափազանց վատ վիճակում գտնվող ճանապարհներ և ենթակառուցվածքներ՝ մինչև Երևան հատվածում»,- ասաց նա:

Հարցին, թե հիմնականում ի՞նչ վայրեր են Հայաստանում սիրում այցելել իրացիները, նա պատասխանեց, որ Իրանում կա զբոսաշրջիկների բավական հարուստ խավ, որը գերադասում է մշակութային զբոսաշրջությունը:

«Եվ Հայաստանն ունի այդ պոտենցիալը: Մենք պետք է աշխատենք հնարավորինս որակյալ զբոսաշրջիկ ներգրավել, ով սովորաբար ավելի շատ գումար է ծախսում, ավելի քիչ աչքի ընկնող է, քան որոշ դեպքերում աղմկոտ զբոսաշրջային խմբեր»,- եզրափակում է Վարդան Ոսկանյանը:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am