«Որպես պատիժ կարգազանց զինվորներին Ղարաբաղ ուղարկելը, սարսափելի է հենց Ղարաբաղի համար. Ղարաբաղը չի կարող պատժի վայր լինել». իրավապաշտպան

25-03-2019
1638 դիտում
«Որպես պատիժ կարգազանց զինվորներին Ղարաբաղ ուղարկելը, սարսափելի է հենց Ղարաբաղի համար. Ղարաբաղը չի կարող պատժի վայր լինել». իրավապաշտպան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը:

- Տիկի՛ն Ալեքսանյան, Մեղրիի տարածաշրջանի Ագարակ համայնքում զինվորները լքել են զորամասը։ Զինծառայողների ծնողները պնդում են, որ օրեր առաջ զինվորները, սպաներից մեկի վարքը չհանդուրժելով, լքել են զորամասը, սակայն հետո հրամանատարի հորդորով վերադարձել։ Պատճառը, ըստ նրանց, այն է, որ սպան երեկոյան շարել է զինվորներին ու ճղել նրանց շորերը։ Սա կարո՞ղ ենք համարել աննախադեպ իրավիճակ։

- Իհարկե, աննախադեպ իրավիճակ է, ես այսքան տարիների ընթացքում երբեք չեմ լսել նման դեպքի մասին, որ բունտ հասունանա, այն էլ՝ սահմանային զորամասում, որտեղ պետք է մեծ ուշադրություն լինի կենտրոնացած զինվորների ու զորքի նկատմամբ, որ նման դեպքերը բացառվեն։ Նաև հասկանում եմ, որ արդարության պակասը, շարքային զինվորների նկատմամբ անարդար մոտեցումը, նսեմացումը կարող են միայն բերել նման վիճակի։

Որքանով մենք տեղեկացանք, այդ սպան, որի մասին զինվորներից մեկի մայրը հայտարարում էր, որ թիկունքի գծով պետն է, փորձել է ստորացնել զինվորներին։ Նա շարք է կանգնեցրել, ճղել նրանց հագուստները։ Ի դեպ, ասեմ, որ այդ զինվորական համազգեստը գնում են ծնողները և ուղարկում իրենց որդիներին։

Հիմա Արծրուն Հովհաննիսյանը պարզաբանումներ է տալիս ու ասում՝ լավ են արել, որ ճղել են, թող այդպիսի թանկ հագուստ չուղարկեն։ Այսինքն՝ հերիք չի, որ ծնողը հագուստ է ուղարկում, պարզվում է՝ նաև չափանիշներ կան այդ հագուստի, որ տարբերվող հագուստ է եղել։ Երևի տարբերվող է գնի կամ որակի առումով։ Այսինքն՝ արտառոց իրավիճակ է ստեղծվել։ Եթե այդ կինը չհայտարարեր բունտի մասին, որևէ մեկն այդ մասին չէր իմանա։ Ասեմ, որ այդ զորամասը չի փայլում իր վարքով։ Մենք ունենք դեպք, որ ապրիլյան պատերազմի հերոս Անդրանիկ Մկրտչյանին 1,5 տարի առաջ սպանեցին հենց այդ զորամասում։

Ես մտահոգություն ունեմ, որ նման դեպքերը կարող են կրկնվել, քանի որ, որքան հասկանում եմ, նաև նախարարը չի գնացել դեպքի վայր։ Այնպիսի իրավիճակ է, որ ես մտածում եմ, որ նույնիսկ կառավարության պատասխանատու անձ պետք է գնար։ Այսինքն՝ պետք է կառավարությունից մարդ գնար, որպեսզի պարզաբանվեր այդ իրավիճակը, արդարացի լուծում տրվեր, որպեսզի որևէ բան չկրկնվի։

Բայց ես որքան հասկանում եմ, այդ հարցերը կարգավորվում են Արծրուն Հովհաննիսյանի մակարդակով։ Նախարարը պարզաբանում չի տվել, որևէ մեկը պարզաբանում չի տվել, և մենք չգիտենք, թե իրականում ի՛նչ է կատարվել այդ զորամասում։ Պաշտոնական բացատրություն, մեկնաբանություն ու պարզաբանում չի եղել։ Արծրուն Հովհաննիսյանն արտահայտում է կիսատ-պռատ մտքեր, թե ինչ է տեղի ունեցել, ի՛նչն է եղել պատճառը՝ ամեն դեպքում չի ասվել։ Ասվում է, որ զինվորներն են մեղավոր եղել, նա մեղադրում է շարքայիններին։ Գիտեք, որ բանակում թիրախը շարքային զինծառայողներն են, որ ամեն ինչում զինվորն է մեղավոր։

Այդ անիմաստ մեղադրանքները, երբ նրանք մեղավոր չեն, բերում է այսպիսի դեպքերի։ Ես չգիտեմ՝ ինչպես են ներսում լուծվել այդ հարցերը։ Միայն հասկացա, որ որպես պատիժ նրանց ուղարկել են Ղարաբաղ։ Հայտարարությունը, որ որպես պատիժ նրանց ուղարկել են Ղարաբաղ, նույնպես սարսափելի է հենց Ղարաբաղի համար։ Ղարաբաղը չի կարող պատժի վայր լինել, Ղարաբաղում էլ կան զորամասեր, Հայաստանում էլ կան, և սա ընդհանուր Հայաստանի տարածքն է, հետևաբար նորմալ չէ այդպիսի հայտարարություններ անելը։

- Առհասարակ, այսպիսի դեպքերը հաշվի առնելով՝ մենք չպե՞տք է վերանայենք զինծառայողներին առաջնագիծ ուղարկելու ինստիտուտը։ Եվ որքանո՞վ է ճիշտ նրանց առաջնագիծ ուղարկելը։

- Ամենաթողությունը, անպատժելիությունը, սպայական կազմի նկատմամբ վերապահումները բերում են այս վիճակը։ Հիմա ասում են, թե սպաները ևս պատժվել են, բայց նրանք պարտավոր էին հրապարակայնացնել անունները, ասել, թե ովքեր են, ինչպես է եղել, ով է պատժվել։ Իսկ այսպես մենք չենք կարող հավատալ՝ Արծրուն Հովհաննիսյանն ինչ նկատի ունի և ում են պատժել։ Եթե սա չի ստացել արդարացի լուծում, ապա այն կարող է կրկնվել։

- Ըստ էության՝ այս դեպքն էլ ցույց է տալիս, որ բանակում անելիքներ դեռ շատ կան։

- Դե, եթե բանակում կարող է այսպիսի բունտ լինել... Արծրուն Հովհաննիսյանն ասում է՝ շարքայինները պետք է պատժվեն, որովհետև ձեռք են բարձրացրել սպայի վրա։ Հարցն այն է, որ մինչև հիմա սպաներն են ձեռք բարձրացրել զինվորի վրա, և դրան իրենք շատ հանգիստ են նայում։ Երբևիցե որևէ բռնության դեպքով, որևէ դաժան վերաբերմունքով չի պատժվում հատկապես հրամանատարական կազմը։ Մենք տեսնում ենք, թե ինչ ձևով են զինվորները վերադառնում, և ինչ դեպքեր են լինում։ Հրամանատարական կազմն անպատիժ է, և դրա համար այս վիճակը կարող է լինել, որ զինվորներին նսեմացնեն։

Իսկ ո՞վ է թույլ տվել նրանց պատռել զինվորների շորերը։ Ո՞վ է այդ անողը, ի՞նչ իրավունքով է դա անում։ Արծրուն Հովհաննիսյանի հայտարարությունները ոչ պրոֆեսիոնալ են, նա կամայական հայտարարություններ է անում։ Հարիր չէ, որ մեր բանակը նման մեկնաբանությունների արժանանա։ Ինձ էլ նա համարում է ապապետական։ Իսկ ո՞վ պետք է պաշտպանի զինվորներին, նրանց ծնողներին։

Ինչ անենք, լռենք ու ասենք՝ Արծրուն Հովհաննիսյանը ոնց որոշի, այդպես էլ պետք է անե՞նք։ Վերջապես բանակի տերն ու տիրակալը Արծրուն Հովհաննիսյանը չէ, որ մենք լսենք նրա ոչ պրոֆեսիոնալ ու անհասկանալի բացատրությունները։ Նա տարբեր թերթերի տարբեր բաներ է ասում, ու չես հասկանում, թե ինչ է տեղի ունեցել։ Վերջապես, նախարար կա, թող վեր կենա, խոսի։ Կատակ բան չէ, որ սահմանին գտնվող զորամասում զինվորները նման բողոքի ակցիա, ընդվզում են անում։ Նշանակում է՝ շատ լուրջ մի բան է տեղի ունեցել ներսում, սպայական կազմը չափ ու սահմանն անցել է, որ զինվորները գնացել են այդպիսի քայլի։

- Ի դեպ, Արծրուն Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ մի քանի կարգազանց զինվորներ փորձել են 90-ականների բարքերով զորամասում իրենց կարգը դնել, սպաներն էլ չեն թողել։ Ի՞նչ ասել է 90-ականների բարքեր։

- Արծրուն Հովհաննիսյանն ասում է, որ զինվորները ուզում էին 90-ականների բարքերը վերականգնել զորամասում։ Բայց այդ զինվորները 90-ականներին դեռևս չէին ծնվել, որ այդ բարքերին տեղյակ լինեին։ Նշանակում է՝ ընդհանրապես զինվորը չի դնում բանակում այդպիսի բարքեր, միայն սպայական կազմի թողտվությամբ կարող են այդպիսի բարքեր լինել։ Զինվորները չէին կարող այնտեղ ինչ-որ բարքեր հաստատել։ Ցանկացած զորամասում պետք է լինեն կարգուկանոն և դրա համար պատասխանատու։ Պետք էր ճշմարտությունն ասել, որ մենք հասկանանք, թե այնտեղ ինչ է տեղի ունեցել, որպեսզի հաջորդ անգամ նման բաները չկրկնվեն։

Մանե Հարությունյան

MediaLab.am