Քաղաքական փոփոխություններից հետո Եվրոպայում Հայաստանից ապաստան հայցողների թիվը շեշտակի նվազել է․ միգրացիոն ծառայության պետ

25-03-2019
1754 դիտում
Քաղաքական փոփոխություններից հետո Եվրոպայում Հայաստանից ապաստան հայցողների թիվը շեշտակի նվազել է․ միգրացիոն ծառայության պետ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը:

- Պարո՛ն Ղազարյան, Հայաստանից եվրոպական երկրներում ապաստան հայցողներն ի՞նչ պատճառաբանություններ են հիմնականում ներկայացնում: Հայտնի է, որ եվրոպական մի շարք երկրներ Հայաստանը դասում են անվտանգ երկրների շարքը, այսինքն՝ քաղաքական հիմնավորմամբ ապասատան ստանալու շանսերը քչանում են: 

- Հիմնականում մենք կարող ենք պատկերացում կազմել առողջապահական դեպքերի հետ կապված: Դրա մասին վկայում են տվյալները, որոնք հիմնականում ստացվում են այն աջակցության ծրագրերից, որոնց դիմում են ռեադմիսիայի ենթարկված մեր քաղաքացիները: Այսինքն՝ նրանք, ովքեր վերադարձվում են ռեադմիսիայի շրջանակներում, տարբեր հասարակական կազմակեպություններ կան, որոնք օժանդակում են այդ անձանց: Վերջերս մենք միացել ենք Եվրոպական վերադարձի և վերաինտեգրման ցանցին:

Մենք ունենք նաև վերադարձողների աջակցության մեկ պատուհան ծառայությունը, որը տվյալ քաղաքացիներին ուղղորդում է, թե որ ծրագիրն ավելի հարմար կլինի իրենց դեպքի համար: Եվ այդ քաղաքացիների պատմությունները հաշվի առնելով՝ մենք նկատում ենք, որ մեծ են առողջապահական խնդիրների հետ կապված հարցերը:

Դրա մասին է վկայում նաև այն վիճակագրությունը, որը ունենք՝ կապված ռեադմիսիայի հետ: Հարկադիր վերադարձը մեծ մասամբ գալիս է Գերմանիայից, և մենք գիտենք, որ Գերմանիայում առողջապահական ծառայությունները տրամադրվում են շատ ավելի որակով ու մատչելի: Շատ են քաղցկեղի, երիկամային հիվանդությունների հետ կապված դեպքերը: Դրա մասին է վկայում նաև այն, որ տվյալ անձանց Գերմանիայում չի տրվում փախստականի կարգավիճակ, որովհետև չկան քաղաքական և այլ տիպի հետապնդման պատճառներ, որոնք նախատեսված են 1951 թվականի Ժնևի կոնվենցիայով, այլ հաճախ նրանց տրվում է հումանիտար պաշտպանության կարգավիճակ, այն է՝ հենց այդ բժշկական և առողջապահական խնդիրների հիմքով:

- Հարկադիր վերադարձող անձանցից տեղեկություններ էին ստացվում, որ անգամ քաղցկեղով հիվանդ մարդկանց են Գերմանիայից հետ վերադարձնում: Այսօր հե՞շտ է հիվանդության բուժման համար այդ կարգավիճակը ստանալը:

- Ընդհանուր առմամբ եվրոպական երկրները խստացրել են միգրացիոն քաղաքականությունը: Եվ դա իրականում մեզանով պայմանավորված չէ, այլ պայմանավորված է այն միգրացիոն մարտահրավերներով, որոնք Եվրոպան ունի ընդհանուր առմամբ: Կան նաև ձեր նշած դեպքերը, բայց Հայաստանի և Եվրամիության միջև կնքված ռեադմիսիոն համաձայնագրում նշված է, որ եվրոպական կողմը նախապես պարտավորվում է տեղեկացնել, եթե կան նմանատիպ առողջապահական խնդիրներ: Եվ նման տեղեկացումների որոշակի դեպքեր ունեցել ենք: Ասեմ նաև, որ մենք ներկայումս ևս աշխատում ենք այդ ուղղությամբ, դեռևս շատ փակագծեր չեմ ցանկանում բացել: Երբ կլինեն կոնկրետ ծրագրեր ու արդյունքներ, այդ մասով հանրությանն անպայման կտեղեկացնենք:

- Վերջին ամիսներին ի՞նչ միտումներ են արձանագրվում, ԵՄ անդամ երկրներից վերադարձվողների թիվը մեծացե՞լ է:

- Ես կներկայացնեմ 2018 թվականի վիճակագրությունը, որն արդեն ամփոփվել է: Մենք նախորդ տարի 8 եվրոպական երկրից ենք ստացել ռեադմիսիոն հայցեր, ընդհանուր առմամբ 989 ռեադմիսիոն հայց՝ 1995 անձի վերաբերյալ: Եվ մենք այդ թվից հաստատել ենք 1670-ի քաղաքացիությունը, այսինքն՝ մենք ասել ենք՝ այո՛, տվյալ անձինք Հայաստանի քաղաքացիներ են: Բայց դա իրական վերադարձի ցուցանիշը չէ: Իրական վերադարձի ցուցանիշը դեռ ամփոփված չէ, մենք 2017 թվականի տվյալներն ունենք՝ մոտ 1470 մարդու մասին է խոսքը:

- Իսկ 2018 թվականին մոտ քանի՞ տոկոսով կարող էր ավելանալ այդ մարդկանց թիվը:

- Եթե մենք զուտ հայցերի թվով ենք նայում, ապա կարող ենք ասել, որ ավելացել է այդ թիվը: 2017 թվականին մենք ստացել էինք 869 հայց՝ 1743 անձի վերաբերյալ և հաստատել էինք 1361-ի քաղաքացիությունը: Իսկ 2018-ին, արդեն նշեցի, 1670-ի քաղաքացիությունն ենք հաստատել: Հաստատված քաղաքացիության թվով առաջին տեղում Գերմանիան է, հաջորդում են Ավստրիան, Ֆրանսիան, Նիդերլանդները: Այսինքն՝ հենց այս երկրներն են խստացված միգրացիոն քաղաքացիություն վարում:
Ի դեպ, այսօր նաև Եվրոպական վիճակագրական ծառայությունը (Եվրոստատ) 2018 թվականի տվյալներն է հրապարակել: Կարող եմ ասել, որ ընդհանուր առմամբ Եվրամիության անդամ 28 երկրներում Հայաստանից ապաստանի հայցերի քանակը նվազել է: Եվ նվազումը եղել է շեշտակի: 2017 թվականին ԵՄ անդամ 28 երկրներում և եվրոպական ազատ առևտրի չորս երկրներում միասին Հայաստանից 6875 հայց է եղել, իսկ 2018 թվականին այդ թիվը իջել է 4815-ի:

- Ինչո՞վ եք բացատրում այս նվազումը:

- Երկու բացատրություն ունենք դրան: Առաջինը հենց եվրոպական երկրներում միգրացիոն քաղաքականության խստացումն է, իսկ երկրորդ պատճառը Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններն են: Այն վանող գործոնը, որը քաղաքական գործոնն էր, ինչի հետևանքով մարդիկ հեռանում էին Հայաստանից, ըստ էության չեզոքացվել է:

- Այդուհանդերձ, ինչ տեղեկություններ ունեք՝ ԵՄ երկրներում հանձնվող հայաստանցիները հիմնականում ի՛նչ մեթոդներ են հիմա գործի դնում: Օրինակ՝ կրոնական և ԼԳԲՏ հարցերը որքանո՞վ են շոշափվում:

- Ես կասեմ հետևյալը: Քանի որ դրանք պատճառներ են, որոնք ապաստան հայցելիս անձը տրամադրում է այն երկրի միգրացիոն մարմիններին, ովքեր ընդունում են ապաստանի հայցը, և այդ ինֆորմացիան համարվում է կոնֆիդենցիալ, հետևաբար, այդ ինֆորմացիան մեծ հաշվով չի հրապարակվում:

Լուսանկարը` Ղազարյանի ֆեյսբուքյան էջից։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am