Կառավարության չիրականացրած խոստումները։ Մաս 2

26-03-2019
206 դիտում
Կառավարության չիրականացրած խոստումները։ Մաս 2

Մարտի 7-ին ՀՀ կառավարությունը տարածել էր մի տեսանյութ, որում անդրադարձ էր կատարվել նախորդ տարվա երկրորդ կիսամյակում՝ հունիսից մինչև դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում կառավարության ունեցած ձեռքբերումներին, սակայն չէր նշվել մի շարք ցավալի ձախողումների մասին։

Փաստերի ստուգման հարթակն արդեն անդրադարձել է ՀՀ ժամանակավոր կառավարության ծրագրում տեղ գտած, բայց այդպես էլ իրականություն չդարձած խոստումների մի մասին, և այս հրապարակման մեջ կներկայացնենք գործադիրի մյուս բացթողումները։

Հանցագործությունների մասին

Այսպիսով, կառավարության ծրագրում կարող ենք տեսնել հետևյալ արտահայտությունը․ «քրեածին ակտիվությունը Հայաստանի Հանրապետությունում շատ արագ պետք է հասնի աննախադեպ ցածր մակարդակի»։ Փաստերի ստուգման հարթակը (Fip.am) հարցում էր ուղարկել ՀՀ ոստիկանություն՝ խնդրելով տրամադրել 2017 և 2018 թվականներին արձանագրված հանցագործությունների թիվն ըստ ամիսների։

Ոստիկանության՝ մեզ ուղարկված պատասխանից պարզ է դառնում, որ 2018 թվականին ոչ միայն հանցագործությունների թիվը չի նվազել, այլ նաև աճել է 2267-ով կամ որ նույնն է՝ 11,1 տոկոսով։

Գրաֆիկում պատկերավոր երևում է, թե ինչպես է փոխվել երկրում հանցագործությունների թիվը նախորդ՝ 2017 թվականի համեմատ։

 

Եթե համեմատենք առաջին և երկրորդ կիսամյակների ցուցանիշները, ապա պարզ է դառնում, որ 2017 թվականի առաջին կիսամյակի համեմատ, 2018 թվականի առաջին կիսամյակում հանցավորության աճը կազմել է 6,4 տոկոս, երկրորդ կիսամյակում աճը կազմել է 15,6 տոկոս:

Սոցիալական աջակցության մասին

Կառավարության ծրագրի սոցիալական աջակցության հատվածում նախանշված ուղղություններն էին ծննդօգնության վճարների ավելացումն ու բազմազավակ ընտանիքներին տրամադրվող արտոնություններն ու օժանդակությունները։

Ծննդօգնության վճարների մասով կառավարությունն իր խոստումը կատարել է, և այժմ երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը 150 հազար դրամ է՝ նախկին 50 հազար դրամի փոխարեն։

Իսկ ինչ վերաբերում է բազմազավակ ընտանիքներին տրամադրվող արտոնություններին և աջակցությանը, ապա նշենք, որ այս մասով կառավարությունը 2019 թվականի հունվարի 24-ի 50-Ն որոշումով հաստատել է 2019 թվականին ի թիվս այլ սոցիալական խոցելի խմբերի նաև բազմազավակ ընտանիքներին տրվող ֆինանսական միջոցների չափը։

Fip.am-ը համեմատել է գործող կառավարության որոշմամբ ամրագրված ֆինանսական օգնության չափերը նախկին իշխանությունների օրոք՝ անցյալ տարվա հունվարի 25-ին կառավարության կողմից հաստատված չափերի հետ։ Արդյունքում պարզվել է, որ նախկին և ներկա կառավարությունների որոշումների միջև բազմազավակ ընտանիքներին տրամադրվող աջակցության առումով չկա ոչ մի տարբերություն։ Այսինքն՝ կառավարության ծրագրում բազմազավակ ընտանիքներին տրամադրվող աջակցության մասով ևս ոչինչ չի արվել։

Գազի սակագնի մասին

Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունավետության մասին զեկույցում անդրադարձ է կատարվել նաև հանրային ծառայությունների ոլորտին։

«Գործուն քայլերի միջոցով կառավարությանը հաջողվել է էլեկտրաէներգիայի և գազի սակագների նվազեցման միջոցով թեթևացնել սոցիալապես անապահով խմբերի ծախսային բեռը»,- ասվում է զեկույցում։

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը 2018 թվականի հունիսի 20-ին հայտարարություն էր տարածել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի նոյեմբերի 25-ի N 333-Ն որոշմամբ սահմանված գազի սակագնից 20 դրամով էժան գազ վաճառելու մասին։ Որոշումը տարածվում էր տարեկան մինչև 600 մ3 բնական գազ սպառողների վրա և գործում 2018 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2019 թվականի օգոստոսի 1-ը։

Տարօրինակ է, սակայն, որ կառավարությունն իր գործունեության ամփոփման մեջ զեկուցում է մի ցուցանիշի մասին, որի հետ որևէ առնչություն չունի, և է՛լ ավելի տարօրինակ է, որ ձեռքբերումների շարքում գազի գնի նվազեցման մասին խոսելիս չի նշվում նաև դրա՝ ժամանակավոր լինելու մասին։

Առաջիկայում կանդրադառնանք նաև կառավարության զեկույցի՝ տնտեսական մենաշնորհների դեմ պայքարի և տնտեսական մրցակցության ապահովման հատվածին։

Աղբյուրը՝ www.Fip.am